Համայնքապետերն ու իրենց սկանդալային քրեական գործերը

Համայնքապետերն ու իրենց սկանդալային քրեական գործերը

Պարբերաբար վարույթ իրականացնող մարմիններից հաղորդագրություններ ենք ստանում, որ քրեական գործեր են հարուցվում ՀՀ մի շարք համայնքների ղեկավարների դեմ։ Արդեն սովորական է դարձել, որ ընտրովի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջադրվում են զանազան հնչեղ մեղադրանքներ։ «Հրապարակը» փորձեց վերհիշել, թե ինչպիսի քրեական գործեր կան, որոնցում որպես մեղադրյալ ներգրավված են համայնքների ներկայիս ու նախկին ղեկավարները։

2018 թվականի սեպտեմբերի 18-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի նախկին ղեկավար Սուրեն Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հացահատիկի սերմացուի յուրացման եւ Լուսաձորի համայնքապետարանում փաստացի չաշխատած, սակայն որպես համայնքապետարանի հավաքարարի` Իջեւանի տարածաշրջանի մեկ այլ բնակավայրի բնակչուհու մեկ ամսվա աշխատավարձ վճարելու կապակցությամբ: Քրեական 2 դրվագները միավորվել են քրեական մեկ գործի մեջ: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»): Քրեական գործով նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը: 

01.03.2019 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու (երկու դրվագ), առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու (երեք դրվագ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: 

2018 թվականի հոկտեմբերին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ յուրացում կամ վատնում, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:

2019 թվականի ապրիլի 5-ին Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա, Մեղրիի նախկին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին և նրա նախկին տեղակալ Վանիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Որոշում է կայացվել սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը։ 

Ժամեր առաջ Քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարությունից տեղեկանում ենք, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, 2019թ. ապրիլի 15-ին Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: