Ես եմ դիմել դատախազին, որ այս գործը վերաբացվի. Սիլվա Համբարձումյան (տեսանյութ)

Ես եմ դիմել դատախազին, որ այս գործը վերաբացվի. Սիլվա Համբարձումյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ 

Նիստին որպես շահագրգիռ անձ ներկայացած խոշոր գործարար Սիլվա Համբարձումյանը դատարանում ներկայացրեց իր դիրքոշորումը՝ նշելով, որ ինքն է դիմել գլխավոր դատախազին, որպեսզի այս գործը  վերաբացվի. «Ես ուզում եմ, որ այս գործը ճիշտ քննվի: Արաքս Դիլանյանը առերեսման ժամանակ ստեց, որ նա գումար չի ստացել: Ես դիմեցի դատախազին՝ այս գործը վերսկսելու համար: Ես ունեի փաստաթղթեր, որ ութ միլիոն գումարը Արաքս Դիլանյանի հաշվին նստել է եւ նա էլ բաշխել է երեք անձերի մեջ»:

Սիլվա Համբարձումյանը նշեց, որ առարկում է պաշտպանների բերած բողոքի դեմ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ 

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: 
Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: