ՊՎԾ-ն՝ «մտրակ» անհնազանդ համայնքապետերի դեմ

ՊՎԾ-ն՝ «մտրակ» անհնազանդ համայնքապետերի դեմ

Անհնազանդ համայնքապետերին ճնշելու եւ նրանց լռեցնելու համար իշխանությունները, իրավապահ մարմիններից զատ, գործի են դրել եւս մեկ գործիք՝ Պետական վերահսկողական ծառայությանը։ ԱԺ նախկին իմքայլական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի կողմից ղեկավարվող կառույցը ստուգումներ է անցկացնում այն կառույցներում, որոնց ղեկավարները հակաիշխանական վարքագիծ են դրսեւորում կամ վարչապետի հրաժարականն են պահանջում, մասնավորապես՝  համայնքապետարաններում, որոնց ղեկավարները նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո միացել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Իհարկե, ՊՎԾ փորձառու եւ իրենց աշխատանքը գնահատող աշխատակիցները հրաժարվում են կատարել նման հրահանգներ, զորօրինակ՝ ՊՎԾ պետի խորհրդական Աշոտ Հարությունյանը, որը, ինչպես արդեն հայտնել ենք, դիմում է գրել եւ հեռացել։

Մեզ հասած տեղեկություններով՝ ՊՎԾ-ն, օրինակ, ստուգումներ է անցկացրել Սպիտակի քաղաքապետարանում։ Հիշեցնենք, որ քաղաքապետ Գագիկ Սահակյանը միացել էր Փաշինյանի հրաժարականի պահանջին, որից հետո մի քանի քաղաքացիներ, որոնց մի մասը Սպիտակի բնակիչներ էլ չէին, քաղաքապետարանի դիմաց ցույց էին անում՝ պահանջելով Գագիկ Սահակյանի հրաժարականը։ Նրանցից մի քանիսը մասնավոր դժգոհություններ ունեին քաղաքապետարանից, որը մերժել էր անօրինական գործարքներ կատարել նրանց օգտին։ Ահա, այս միջադեպից հետո քաղաքապետարանում ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում։

Մենք կապվեցինք քաղաքապետի հետ, Գագիկ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստուգումներն ավարտվել են, սակայն դեռեւս ակտը չի ստացել, ասաց, որ ստուգել են ամեն ինչ․ «Ստուգել են ամեն ինչը՝ սկսած 2016 թվականից։ Մենք սովորաբար ստուգումներին մոտեցել ենք որպես հերթական ստուգումներ, միշտ էլ եղել են, ուղղակի այս մեկը հաջորդեց իմ հայտարարությանը ու բոլորիս մոտ կասկած առաջացրեց, որ պատվիրված է, թե չէ մենք ստուգումներից երբեք չենք խուսափել»։ Սահակյանին հարցրինք նաեւ, թե ինչպես են հարաբերությունները Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, չի՞ միջամտում համայնքապետարանների գործերին։ «Սովորական, աշխատանքային հարաբերություններ։ Աշխատանքներին միջամտել ոչ միայն չի փորձում, այլեւ չի էլ կարող, որովհետեւ իրավասություն չունի»,- պատասխանեց քաղաքապետը։