Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու են դատարանում

Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու են դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հարցաքննության է կանչել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Դա տեղի կունենա Մալաթիա-Սեբաստիայի դատարանում, փետրվարի 12-ին։ Այդ օրը կայանալու է հերթական նիստը «Ելք» դաշինքի ակտիվիստների և Մալաթիայի բնակիչ Արթուր Այվազյանի՝ հայտնի Մանախի միջև 2017 թվականի ԱԺ ընտրությունից 2 օր առաջ տեղի ունեցած միջադեպի գործով։

2017 թվականի մարտի 31-ին, հիշենք, «Ելքի» ակտիվիստները, նաև նախկին թիկնապահ, ներկայում ԱԺ պատգամավոր ընտրված Հայկ Սարգսյանը, որոնք նախընտրական պաստառներով քարոզ էին անում Մանախի թաղում, վեճի մեջ մտան նրա հետ, որն ավարտվեց ուժի կիրառմամբ։ Ոստիկանությունը դիմողներն եղել են Նիկոլ Փաշինյանը և տուժող Հայկ Սարգսյանը։ Նրանք հայտնել են, որ Արթուր Այվազյանը գողացել է իրենց դրոշները, վնասվածքներ է պատճառել Հայկ Սարգսյանին, ատրճանակ է ուղղել նրա վրա։

Մանախը, որին մեղադրում են խուլիգանության ու ապօրինի զենք կրելու համար, պնդում է, որ բռնության ենթարկվողն ինքն է, որ ընդամենը պահանջել է ակտիվիստներից գետնին չգցել եռագույնը և որ ատրճանակի վրա իր մատնահետքերը չկան։ Նիկոլ Փաշինյանն այս գործով դատակոչված անձանց ցուցակում է։ Երբ գործը մտավ դատարան, այսինքն, 2017 թվականի սեպտեմբերին, Փաշինյանը ընդգրկվեց դատակոչի ցուցակում որպես ընդդիմադիր պատգամավոր։ Այսօր նա երկրի թիվ մեկ իշխանավորն է, իսկ այս գործով տուժողը՝ Հայկ Սարգսյանը, «դիմադիր» պատգամավոր է։ Ահա ինչու բոլորին է հետաքրքիր, թե ինչ ավարտ է ունենալու դատաքննությունը և ում կողմն է պահելու դատարանը ի դեմս Մալաթիա-Սեբաստիայի դատավոր Ռոբերտ Պապոյանի։

Դեկտեմբերի 17-ի նիստի ժամանակ, ավարտելով մյուս բոլոր վկաների հարցաքննությունը, դատավոր Պապոյանը հարցրեց կողմերի կարծիքը Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ։ «Մենք ասեցինք, որ այդ վկայի հարցաքննության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մեծ հաշվով, Փաշինյանը գործի համար առանձնապես նշանակություն ունեցող ցուցմունք չի տվել։ Սակայն դատախազը պնդեց, և մյուս նիստին Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է», - ասաց Արթուր Այվազյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի մարտի 31-ի գիշերը տեսանյութ տարածեց, որում պատմում էր ՀՀ ընտրողներին «Ելքի» ակտիվիստ Հայկ Սարգսյանի վրա կատարված հարձակման մասին և նույնիսկ ատրճանակ էր ցուցադրում, այն պտտեցնելով գրիչի վրա, որ մատնահետքերը չջնջվեն։ Ի դեպ, փորձագետները այդ ատրճանակի վրա Մանախի մատնահետքերը չեն հայտնաբերել։

Մի կողմ դնելով իրավական հարցերը, սա Փաշինյանի համար լավ գովազդ էր լռության օրվանից մի քանի ժամ առաջ։ Տպավորություն ստեղծվեց, որ ՀՀԿ-ական իշխանությունը «նիկոլականների» դեմ հարձակում է ձեռնարկել։ Այն օրերին մամուլում նույնիսկ վարկած շրջանառվեց, որ նախկինում դատապարտված անվտանգության աշխատակից, թիկնապահ Արթուր Այվազյանը կապեր ունի Մալաթիա-Սեբաստիայի «իշխանիկ» Սամվել Ալեքսանյանի հետ, ինչը անհեթեթություն էր և հերքվեց Այվազյանի կողմից, որը նոր էր ազատվել 14 տարվա բանտարկությունից հետո և հազիվ թե պատվերով հանցագործության գնար։