Ոմանց ոչ կոմպետենտությունը, թուլամորթությունն ու մեղամաղձությունը սպառնալիք է մեզ համար

Ոմանց ոչ կոմպետենտությունը, թուլամորթությունն ու մեղամաղձությունը սպառնալիք է մեզ համար

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը վերջապես խոսեց՝ նա հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը։ Մենք առանձնացրել ենք այդ հարցազրույցի ամենակարեւոր հատվածները, որտեղ նա բացատրում է պատերազմում պարտության պատճառները եւ մատնացույց է անում մեղավորներին։ Թեեւ Նիկոլ Փաշինյանի անունը նա չի նշում, սակայն ակնհայտ է, որ ասելիքն ուղղված է հենց նրան։ Ահա այդ հատվածները․

1. Որքան էլ պնդեն Ալիեւը եւ հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման եւ պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիեւի այն հայտարարությունները, որ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է»:

2 Եթե իմ առաջ քաշած ծրագրային ու հայեցակարգային մոտեցումները գնահատվում են որպես «ամպագոռգոռ», «իրականությունից կտրված» եւ «հոխորտանք», ապա հայաստանյան որոշ քաղաքական գործիչների ոչ կոմպետենտությունը, թուլամորթությունն ու մելամաղձության դրսեւորումները պարզապես անվտանգության սպառնալիք են մեր ժողովրդի համար։ Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը եւ թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել: Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի եւ մեր շահերի պաշտպանության, եւ պարտվողական ելույթներն անարգում են նրանց հիշատակը:

3. Պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերը անկեղծ եւ անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի։ Իսկ Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ։

4. Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։ 2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։

5.ծավալված պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով: Ավելին, զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր: