Չգիտեմ, մոտս մարդիկ կան, բան ենք, էլի, քննարկում․ Դումանյանը՝ ԿԳՄՍ նախարար նշանակվելու մասին

Չգիտեմ, մոտս մարդիկ կան, բան ենք, էլի, քննարկում․ Դումանյանը՝ ԿԳՄՍ նախարար նշանակվելու մասին

Կառավարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեզ ասացին, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական ամենաքննադատված նախարարներից մեկը՝ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։ Արդեն հայտնի է նրան փոխարինողի անունը։ Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը երեկ գիշերը հավաքել է նախարարության աշխատակիցներին և ասել, որ ինքը հեռանում է, իսկ իրեն փոխարինելու է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։

Մենք կապվեցինք Դումանյանի հետ՝ հասկանալու համար, թե բարոյապես և հոգեպես պատրա՞ստ է արդյոք մաս կազմել մի նախարարության, որի ղեկավարին քաղաքական ուժերն ու հասարակությունը մեղադրում են հողերը հանձնելու, դավաճանության և այլ մեղքերի մեջ։ Սակայն վերջինս, երբ իմացավ՝ լրագրող ենք, անմիջապես հիշեց, որ իրեն հիմա հարմար չէ խոսել՝ մոտը մարդ կա։ 

«Կներեք, էլի, ինձ հիմա հարմար չի, մոտս մարդիկ կան, բան ենք, էլի, քննարկում, մի քիչ ուշ, էլի»,-ասաց նա։

Հարցին՝ իրեն նախարա՞ր են նշանակելու, Դումանյանն ասաց՝ չգիտեմ, նորից կրկնեց՝ իրեն հարմար չի հիմա և անջատեց հեռախոսը։

 

Հ․Գ․ Մեզ ասացին, որ Դումանյանի հրամանը շուտով կլինի, ու թերևս նրա այդ քննարկումն էլ այդ հարցով էր։