Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին. hանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման հարցերը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին. hանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման հարցերը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը պարբերաբար և տարբեր ուղղություններով շարունակում է հրետակոծությունը։