Այս իշխանությունների կողմից բուհը դիտվում է որպես էլեկտորատ

Այս իշխանությունների կողմից բուհը դիտվում է որպես էլեկտորատ

Կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ որի՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, ըստ այդմ՝ կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։ Կառավարությունը հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3-ի համար (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) հրատապ հաստատել է դեռ հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը, ինչը նշանակում է, որ իշխանությունն ամեն գնով ուզում է ոչնչացնել բուհերի ինքնավարությունը՝ նրանց դարձնելով կառավարելի:

Կառավարության ընդունած որոշման մասին երեկ ԱԺ-ում բարձրաձայնեց նաեւ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ որոշումը խնդրահարույց է բուհերի ինքնավարությունը վերացնելու առումով եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաեւ ընթացակարգային լուրջ խախտումներով է ընդունվել՝ հաշվի չառնելով մասնագիտական հանրույթի տեսակետը։ Նա նաեւ նշել է, որ որոշումը հակասահմանադրական է, եւ առաջիկա օրերին այդ որոշման վերաբերյալ կդիմի ՍԴ։ 

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ թեպետ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամ հրաժարական է  ներկայացրել, բայց համալսարանի հոգաբարձուների խորհուրդը դեռ լուծարված չի համարվում, բացի այդ, խորհուրդը դեռ պետք է որոշում ընդունի այդ մարդկանց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։  

Ինչ վերաբերում է կառավարության նոր որոշմանը, Սողոմոնյանն ընդգծում է, որ շատ սխալ մոտեցում է, որովհետեւ այս ընթացքում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը նախագահի կողմից ուղարկվել է ՍԴ՝ հենց օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, որոնք վերաբերում են բուհական ինքնավարությանը․ «Սահմանադրության մեջ կա հոդված բուհերի ինքնավարության վերաբերյալ, իսկ օրենքի նախագծի մեջ այն դրույթը, որ 9 հոգանոց խորհրդից 5 հոգին լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, խնդիր է ստեղծում Սահմանադրության այն դրույթի հետ, որը երաշխավորում է բուհական ինքնավարությունը»: 

Մ․ Սողոմոնյանն ընդգծում է․ մինչ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը վիճարկվում է Սահմանադրական դատարանում, նույնաբովանդակ՝ Սահմանադրությանը հակասող՝ ավելի ցածր իրավական ուժ ունեցող ակտ է ընդունվում կառավարության կողմից, որը դարձյալ խիստ հակասում է բուհական ինքնավարության վերաբերյալ Սահմանադրության դրույթին։

«Այսինքն՝ այս որոշումն ի բնե հակասահմանադրական է։ Թող որոշակի ընթացակարգերով ՍԴ-ն տա իր եզրակացությունը, բայց ակնհայտ է, որ Սահմանադրության հետ կապված խնդիր կա այս որոշման մեջ, որը չպետք է ընդունվի, ավելին՝ համարում եմ, որ կառավարության այս որոշմամբ անտեսվում, արհամարհվում է թե՛ նախագահի ինստիտուտը, որովհետեւ նախագահն է օրենքի մի շարք դրույթների հակասահմանադրականության վիճարկման մասով այն ուղարկել ՍԴ, թե՛ Սահմանադրական դատարանի ինստիտուտն է նսեմացվում, որովհետեւ նույն խնդրի վերաբերյալ ՍԴ-ն որոշում պետք է կայացնի։ Ու մինչեւ այդ որոշումը կայացնելը արդեն իսկ նույնաբովանդակ որոշում է ընդունվում կառավարության կողմից»,-ասում է Սողոմոնյանն ու ցավով արձանագրում, որ այս իշխանությունների կողմից բուհն ավելի շատ դիտվում է որպես էլեկտորատ, որպես մի միջավայր, որին պետք է վերահսկել, որ հանկարծ բողոքի դրսեւորումներ տեղի չունենան․ 

«Նոյեմբերի 9-ից հետո բոլոր բուհերը հայտարարություններ ընդունեցին ու տարածեցին։ Եվ այս որոշմամբ ուզում են ավելի վերահսկելի դարձնել բուհերը, որն իրենց չի հաջողվելու, որովհետեւ բուհը պետության հետ կաշխատի ներդաշնակ՝ այն դեպքում, երբ կլինեն հստակ խաղի կանոններ, երբ մեկը մյուսի ինքնավարությանը չխառնվի, ամեն մեկն իր իրավական պարտավորությունների շրջանակում լինի, իրար հետ համագործակցեն, բայց այնպես, որ ոչ մեկը ոչ մեկին չփորձի կառավարել։ Սա Երեւանի պետական համալսարանն է, այստեղ մարդիկ ունեն կայուն ձեւավորված համալսարանական ինքնություն, հարգանք իրենց համալսարանական կոչման հանդեպ եւ թույլ չեն տա, որ կոպիտ հակաիրավական մեթոդներով խփեն համալսարանին»։ 

Որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ հոգաբարձու Մ․ Սողոմոնյանը նշում է, որ համալսարանի հանդեպ այսպիսի հակաիրավական որոշումը պետք է բեկանվի, վիճարկվի դատական ճանապարհով։ Մինչեւ վիճարկելը հնարավո՞ր է իշխանությունը հասնի նրան, որ բուհերում արդեն ձեւավորվեն նոր խորհուրդներ՝ նոր կազմով։ «Ամեն ինչ փաստի առաջ կանգնեցնելով չի լինի, ենթադրենք՝ արեցին, բայց եթե դատարանն էլ իրենց արածը ճանաչի հակաօրինական, այդ դեպքում ի՞նչ է լինելու՝ դարձ ի շրջանս յուր»։      

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, ի պատասխան պաշտոնական հիմնավորմանը, ասում է, որ իրենք կառավարման ճգնաժամ չունեն, պարզապես չունեն կառավարման խորհուրդներ։ Թե որն է նման հապճեպ որոշում ընդունելու խնդիրը, հատկապես երբ ՍԴ-ում քննվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, ռեկտորի ԺՊ-ն ասում է․ «Այդ հարցի հասցեատերը ես չեմ, այդ որոշումն էլ ես չեմ կայացրել, իմ կարծիքը ռեկտորների հայտարարության մեջ արտահայտված է»։ Ամեն դեպքում, համաձա՞յն է, որ այս որոշումը հարվածում է բուհերի ինքնավարությանը, Ե․ Սերոբյանը դարձյալ խուսափեց ուղիղ պատասխանելուց՝ նշելով միայն, որ իր կարծիքը ռեկտորների հայտարարության մեջ արտացոլված է։ «Սպասենք՝ իրավական հարթությունում այդ հարցը լուծվի, որից հետո կշարժվենք այնպես, ինչպես օրենքը պահանջում է»,- հավելեց նա։  

Ի դեպ, նախօրեին ռեկտորների խորհուրդը եւս հանդես եկավ համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ եւ, ըստ էության, համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարեւորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ «Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին կամ քննարկել նրանց հետ, այլեւ չի տեղեկացրել բուհերին իրենց հիմնադիր փաստաթղթում՝ կանոնադրության մեջ, փոփոխություններ կատարելու մասին։ Նշված հանգամանքը դեմ է գործընկերային հարաբերությունների սկզբունքներին, հարգալից վերաբերմունք չէ բուհերի նկատմամբ եւ ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ, ինչը չի նպաստում ընդհանուր նպատակների իրականացմանը»,- նշված է հայտարարության մեջ։