Դիմադրության օջախներ

Դիմադրության օջախներ

Մոտ մեկ տարի առաջ գովեստի խոսքեր էի գրել մեր փաստաբանների մասին, որոնք, պարզվեց, չհաշված լրագրողական համայնքին, այն միակ կայացած համայնքն են, որը հավատարիմ մնաց իր առաքելությանը եւ ծառայեց մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այսօր ուզում եմ գովեստի խոսքեր ուղղել մեր դատավորներին, գոնե նրանց մի մասին, որոնք, դիմակայելով հանրային ու իշխանական ճնշումներին, սոցցանցերից տեղացող լուտանքներին, վարչապետի սպառնալիքներին ու վիրավորանքներին, շարունակում են ծառայել օրենքին։

Միայն այն փաստը, որ նախաքննության մարմինների կայացրած կամայական ու անօրեն որոշումները՝ ձերբակալություն, կալանք, մեղադրանք, վարչական վարույթներ, դատարանները համարձակվում են բեկանել, բավական է նման եզրահանգման համար։ Որքան էլ այս տարիներին մենք դժգոհ էինք դատական համակարգից, համարում էինք, որ այն կոռումպացված է, չի վայելում հանրության վստահությունը, բայց այդ համակարգը վերջին տարիներին ապացուցեց, որ իր բոլոր թերություններով հանդերձ, մեր կայունության երաշխավորն է, այն հիմնասյունը, որի վրա գոյատեւում է պետությունը։

Ապացուցեց, որ ինչքան էլ ճնշել են դատավորներին, նրանց վնգստացող անվանել, ամեն անհնազանդության համար պատժել՝ լիազորություններից ու հացից զրկելով, նրանք չեն կորցրել արժանապատվության զգացումը, չեն ձուլվել իշխանությունների հետ։ Ու որքան էլ նրանց այս տարիներին փորձել են դարձնել գործադիրի կցորդը, իշխանությունների ընդդիմախոսներին պատժելու եւ քաղաքական հետապնդումների ենթարկելու գործիք, նրանց մեջ մնացել են մարդիկ, որոնք հրաժարվում են այդ ամոթալի դերակատարումից։ Մեր հույսն ու ապավենը հենց նրանք են՝ այն դատավորները, փաստաբանները, լրագրողները, որոնք, անկախ ամեն ինչից, հավատարիմ են իրենց մասնագիտությանը։