Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիմել է 2 հոգի 

Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիմել է 2 հոգի 

Մայիսի 30-ին կայանալիք Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիմել է 2 հոգի․ մեկը տնօրենի ներկայիս ԺՊ, թատրոնի դերասան Արման Նավասարդյանն է, մյուսի անունը հայտնի չէ։ Մշակույթի նախարարությունը, մինչեւ մրցույթը, գաղտնի է պահում մասնակիցների անունները, բայց որոշ խոսակցությունների համաձայն, 2-րդ թեկնածուն չի կարող լուրջ հակակշիռ ստեղծել Արման Նավասարդյանին եւ հնարավոր է՝ հայտ է ներկայացրել զուտ մրցույթի ֆորմալ կողմն ապահովելու համար։ Համազգային թատրոնը դեռ 6 ամիս առաջ բոյկոտեց տնօրենի եւ գեղղեկավարի պաշտոնում նշանակված Վիգեն Չալդրանյանին եւ ստիպեց նախարարությանը հաշվի նստել իր կարծիքի հետ։ Արդյունքում տնօրենի ԺՊ նշանակվեց  Նավասարդյանը, իսկ թատրոնի գեղղեկավար՝ Նարինե Գրիգորյանը։ Դրանից հետո դժվար է պատկերացնել, որ նախարարությունը կարող է նոր անակնկալներ մատուցել։ 

Արման Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը նույնպես չգիտի, թե ով է 2-րդ թեկնածուն, բայց կարծում է, որ կլինեն արդար ընտրություններ, եւ չի ստացվի որեւէ կողմնապահություն անել, որովհետեւ հովանավորչական եղանակներն անցյալում են․ «Կարծում եմ՝ արդարությունը կհաղթի, չեմ կարող ասել, թե ով է 2-րդ թեկնածուն, բայց ով էլ որ լինի, պետք է միայն ու միայն աշխատի թատրոնի բարօրության եւ վերելքի համար»։ 

Նավասարդյանն ասում է, որ այս ամիսների ընթացքում ունեցել են 3 նոր ներկայացում․ «Հաղթանակի գենեզիսը», որը բեմադրվեց Նարինե Գրիգորյանի կողմից,  «Ճշմարտությունը»՝ Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ, եւ «Մինուս երկուս» ներկայացումը (բեմադրությունը՝ Սերժ Մելիք Հովսեփյանի)։ «Այսինքն, միայն մեր ուժերով չենք անում, նաեւ դրսից մարդկանց ենք հրավիրում, նաեւ այդ ներկայացումների նկարիչներն են դրսից հրավիրված, եւ այս ամենին զուգահեռ կարողացել ենք կազմակերպել մի շատ հետաքրքիր ձեւաչափ՝ անցկացնում ենք թատերականացված ընթերցումներ՝ 52 տեղանոց դահլիճում։ Այդ տամաբանության մեջ ունեցել ենք արդեն 2 ներկայացում։ Դրան զուգահեռ, մեծ բեմի համար Նարինե Գրիգորյանը բեմադրում է Թումանյանի «Լոռեցի Սաքոն», եւ հրավիրված ռեժիսոր Ժիրայր Փափազյանի կողմից բեմադրության է պատրաստվում Շեքսպիրի «Բազում աղմուկ վասն ոչնչի» գործը»,- ասում է նա ու հավելում, որ սա իրենց խաղացանկը թարմացնելու ծրագիրն է․ «Առաջ ենք գնում, եւ կարծում եմ, որ թատրոնն այսպես պետք է լինի եւ չի կարող տարիներով ոչինչ չանել, դերասանները չեն կարող տարիներով ոչինչ չանել, դերասանն անդադար եփման, խմորման մեջ է գտնվում, ինքը պետք է իր էմոցիաներն անդադար սպառելու տեղ ունենա, եւ այս ամեն ինչն արվում է հանուն թատրոնի»։
Նոր ներկայացումներին զուգահեռ, թատրոնը վերջին ամիսներին մեկնեց նաեւ հյուրախաղերի՝ Լիբանան, Մոսկվա, Յարոսլավլ, Վլադիմիր։ Ինչպես նկատում է Նավասարդյանը, բոլոր տեղերում ունեցել են մեծ հաջողություններ, ինչպես նաեւ ստացել են հրավերներ՝ մասնակցելու այլ միջազգային փառատոների։

Առաջիկայում նախատեսում են փոփոխություններ տոմսերի վաճառքի հետ կապված, բայց այս պահին զբաղված են թատրոնի նոր կառուցվող շենքի տեխնիկական վերազինման հարցերով։ «Մենք պետք է 2-3 ամսից հրավիրենք մասնագետների, ովքեր կկարողանան գնահատել պահանջվող ռեսուրսները, որից հետո պետք է ծրագիր կազմենք եւ ներկայացնենք հովանավորներին։ Այս ընթացքում ձեռք է բերվել լուսային սարքավորումների կառավարման համար հեռակառավարման վահանակը, որը բավականին արժեքավոր է եւ վերջին՝ 2018-ի արտադրության է»,- ասում է նա ու հավելում, որ թատրոնի շենքի արտաքին շինարարությունը, հավանաբար, կավարտվի 2 ամսից, բայց կան ներքին շինարարության եւ հարդարման աշխատանքներ։ «Մեր նպատակն է, որ շենքը կառուցվի եւ զուգահեռաբար սարքավորումներով համալրվի, ինչպես գիտեք՝ սպեցիֆիկ բաներ կան, որ շինարարի անելու բանը չէ․ խոսքը լուսաձայնային սարքավորումների, ակուստիկ ինժեներական աշխատանքների մասին է, որն արդեն մեզ վրա է։

Նաեւ շինարարության ընթացքում այս հարցերով պետք է զբաղվենք, որ հենց շենքը պատրաստ լինի, միանգամից ունենանք այդ ամեն ինչը եւ դրա պատճառով չհապաղենք։ Շենքի կառուցապատողը Վահե Հարությունյանն է, ով այս տարածքում բազմահարկ շենք է կառուցում, եւ դրա դիմաց պետությունը նրան պարտավորեցրել է կառուցել Համազգային թատրոնի շենքը։ Շենքի 1-ին հարկում լինելու է ճեմասրահ, 2-րդ հարկում՝ բեմը, դահլիճը, հարդարման սենյակները, 3-րդ հարկում՝ վարչական սենյակները, իսկ բեմի տնտեսական մասը կլինի 4-րդ հարկում»,- ընդգծեց Արման Նավասարդյանը։