Դատավորներ Լիլիթ Սարգսյանն ու Անդրանիկ Մնացականյանն ընտրվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ

Դատավորներ Լիլիթ Սարգսյանն ու Անդրանիկ Մնացականյանն ընտրվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ

Այսօր Մարզահամերգային համալիրի դահլիճում տեղի էր ունենում Դատավորների ընդհանուր ժողովը: Դրա շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, որոշվել է նաև արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը: Հիշեցնենք, որ երկու թափուր հաստիքները պետք է լրացվեին մի քրեական և մի քաղաքացիական մասնագիտացման դատավոր անդամներով:

Մենք գրել էինք, որ քաղաքացիական մասնագիտացման դատավորներից որպես թեկնածու առաջադրվել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանն ու նույն դատարանի դատավոր Երեմ Եսոյանը: Իսկ քրեական մասնագիտացման դատավոր անդամի թեկնածու էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը: Մենք տեղեկացանք, որ քիչ առաջ տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ են ընտրվել Լիլիթ Սարգսյանն ու Անդրանիկ Մնացականյանը: Լիլիթ Սարգսյանը ձայների մոտ կրկնակի առավելությամբ (132 ձայն) հաղթել է Երեմ Եսոյանին, որի օգտին ընդամենը 59 դատավոր է քվեարկել: Իսկ Անդրանիկ Մնացականյանի օգտին քվեարկել է 176 դատավոր: Նշենք, որ դատավորների վարկանիշային աղյուսակում նշված երեք դատավորներից ամենաբարձր վարկանիշ ունի Լիլիթ Սարգսյանը` նրա վարկանիշը գնահատվում է 68, իսկ Եսոյանն ու Մնացականյանն ունեն նկատելիորեն ցածր վարկանիշ` համապատասխանաբար 17 և 16:

Քիչ անց պետք է տեղի ունենա նաև Դատավորների միության նախագահի ընտրությունը, որտեղ առաջադրվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որի դեմ գործող իշխանությունները տևական ժամանակ է, ինչ ակնհայտ քաղաքական արշավ են իրականացնում և փորձում են ճնշել նրան: Մեզ ասացին, որ քվորում կա, այսինքն` քվեարկությունը կկայանա, և, ամենայն հավանականությամբ, դատավորները կքվեարկեն Ազարյանի օգտին, քանի որ նա բարձր վարկանիշ ունի դատական համակարգում, նաև փաստաբանական համայնքի կողմից է ընդունված: