Արեւմուտքում սպասում են Հայաստանի կողմից «ճանապարհային քարտեզի» հաստատմանը

Արեւմուտքում սպասում են Հայաստանի կողմից «ճանապարհային քարտեզի» հաստատմանը

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

-Մեկ տարի առաջ, թավշյա հեղափոխությունից հետո, արեւմտյան մամուլը, փորձագետները  դրական գնահատականներ էին տալիս Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին։ Մեկ տարի անց կա՞ն այդ դրական սպասումները, սպասողակա՞ն վիճա՞կ է, թե՞ կա որոշակի հիասթափություն։

-Արեւմտյան մամուլում նույն ծավալով, իհարկե, չեն անդրադառնում Հայաստանին։ Հիմնականում կան դրական արձագանքներ, նաեւ՝ սպասողական վիճակ, թե ինչ է լինելու հետո։ Գուցե ավելի արագ բարեփոխումներ են ակնկալում։ Դեռեւս սպասում են «ճանապարհային քարտեզի»  վերջնական հաստատմանը։ Երկու օր առաջ շատ դրական հրապարակում կար The new Republic պարբերականում։ Բայց մամուլն այդքան կարեւոր ցուցիչ չէ։ Կոռուպցիայի դեմ պայքարը Եվրամիության պատվիրակության աշխատակիցները բավականին դրական են գնահատում։ Իրավական բարեփոխումները ձգձգվում են, իսկ այդ հարցին ամենօրյա ռեժիմով ոչ ոք չի անդրադառնում։ Հայաստանը, ինչպես Հունգարիան, Եվրամիության անդամ չէ, որպեսզի անդրադառնան, թե ինչպես են ԵՄ-ի  կողմից տրամադրված սուբսիդիաներից միլիարդավոր եվրոներ  յուրացվում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից։  Զուգահեռներ կան 2015թ․ Հայաստանում կատարված սահմանադրական փոփոխությունների եւ Հունգարիայում Օրբանի կատարած սահմանադրական փոփոխությունների ժամանակ օգտագործված մեթոդների եւ նպատակների մեջ։ 

-Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ անդամ 14 երկիր վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

-Նորմալ գործընթաց է։ Եվրախորհրդարանն էլ վավերացրեց այդ համաձայնագիրը։ Ուղղակի որոշ խնդիրներ միշտ էլ լինում են։ Օրինակ՝ Մալթայում մինչեւ իրենց լեզվով թարգմանված չլինի այդ համաձայնագիրը, իրավունք չունեն պաշտոնապես ներկայացնելու քվեարկության։ ԵՄ- ի աշխատաոճն է այդպիսին․ բոլոր պայմանագրերը պետք է լինեն բոլոր  անդամ պետությունների պաշտոնական լեզուներով։ Ինչքան ԵՄ-ին վերաբերող փաստաթուղթ կա, դրանք թարգմանվում են, եւ թեկուզ մի քանի ամսով դրանց՝ քվեարկության դնելը կարող է հետաձգվել։ 

-Քաղաքագիտական շրջանակներում հնչում են մտահոգություններ, որ հայ-ամերիկյան հարաբերություններում պահպանվել է նախկին վարչակարգից մնացած սառնությունը, ՀՀ նոր իշխանություններն էլ բավարար ջանք չեն գործադրում այդ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ։ 

-Երկուստեք նախաձեռնության պակաս կա։ Հայաստանը պահպանում է իր զգուշավորությունը, բայց ներկայիս ամերիկյան վարչակարգն էլ այդքան հետեւողական չէ իր գործողություններում։ Հայաստանի կողմից այդ զգուշավորությունը կապված է ոչ միայն ՌԴ-ի դիրքորոշման հետ, այլեւ Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության հետ։ Ընդհանուր միջազգային իրավիճակն այդքան էլ բարենպաստ չէ։ Մի կողմից առկա են Իրան-ԱՄՆ հարաբերությունները, մյուս կողմից՝ ռուս-վրացական լարված հարաբերությունները, թուրք-ամերիկյան հարաբերություններն էլ հեռու են լիակատար վստահությունից։ Այս պայմաններում բարդանում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նեղանում են նաեւ նրա հնարավորությունները։

-Իսկ Հայաստանի իշխանություններին որքանո՞վ հաջողվեց նորմալ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով, որ ի սկզբանե էլ մեր ռազմավարական դաշնակիցը բարյացակամ վերաբերմունք չուներ թավշյա հեղափոխության նկատմամբ։ 

-Առայժմ դա  արտաքուստ հաջողվում է, սակայն ՌԴ-ի կողմից նկատելի են հիբրիդային տակտիկայի որոշ տարրեր։ Գաղտնիք չէ, որ «Ռոսիա-24» եւ այդ կարգի հեռուստաալիքներն իրենց քաղաքականությանը հակառակ չէին գործի։ 

-Վերջերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց Ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակելու անհրաժեշտության մասին, քանի որ հինն ունի 12 տարվա պատմություն, հնացած է։ Հանդիպումներ եղան նաեւ փորձագետների հետ։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի նոր հայեցակարգը։

-Հաշվի առնելով արտաքին քաղաքականության մի շարք գործոններ՝ պետք է իսկապես մշակվի նոր հայեցակարգ։ Որոշ մարտահրավերներ, որոշ խնդիրներ այն ժամանակ գոյություն չունեին։ Պետք է հաշվի առնեն ժամանակակից մարտահրավերները։

-«Հրապարակ» թերթը հոդվածների շարք է տպագրում Հայաստանի դիվանագիտական կորպուսի, դիվանագետների գործունեության մասին։ Արտերկրում մենք ունենք դեսպաններ, որոնք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք ներկայացրել են նրանց քաղաքականությունը դրսում, սակայն թավշյա հեղափոխությունից հետո էլ շարունակում են պաշտոնավարել։ Կադրերի սղությունի՞ց է գալիս։

-Դիվանագիտությունը յուրահատուկ ոլորտ է, եւ նորմալ է, որ նախկին կադրերը դեռեւս մնում են։ Նախկինում եղել են անգամ զավեշտալի նշանակումներ՝ ելնելով բիզնես-շահերից։ Օրինակ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի էր, բայց նա ավելի երկար պաշտոնավարեց։ Դեռեւս կան դեսպաններ, որոնք նույն երկրում մնում են բավականին երկար ժամանակ, բայց այդ հարցն էլ կլուծվի։ 

-Ուզբեկստանում վերջերս ՀՀ-ն նշանակեց դեսպան։

-Ուզբեկստանում տեղի են ունենում բավականին լուրջ քաղաքական փոփոխություններ։ Մյուս կողմից՝ Կենտրոնական Ասիայի խոշոր հայկական համայնքներից մեկն այնտեղ է գտնվում։ Մի քանի տարի առաջ, երբ այնտեղի հայերից մեկին կոնֆլիկտի պատճառով սկսել էին հետապնդել, մեծ բարդություններ էին առաջացել, եւ Ղազախստանում դեսպանատան միջոցով փորձում էին օգնել այդ մարդուն, քանի որ Ուզբեկստանում չունեինք դեսպան։