Բարի Ամանոր

Բարի Ամանոր

Բարդ տարի էր 2018-ը՝ փորձություններով լի տարի։ Փորձություններ ոչ միայն ամբողջ երկրի համար, նախկին ու ներկա իշխանությունների, ընդդիմության, քաղաքական ուժերի, հասարակության՝ առհասարակ, այլեւ ծանր փորձություն լրագրողներիս համար։

Մեր գործունեության տարիներին, իհարկե, բազմաթիվ բարդ իրավիճակներ են եղել, մենք իշխանափոխություն ենք տեսել, Մարտի 1, Հոկտեմբերի 27, «Սասնա ծռեր», նախընտրական ու հետընտրական պայքար, երբ լրագրողներն են եղել առաջին գծում՝ առաջին տուժողներն ու հարվածն իրենց վրա ընդունողները։ Մենք ճնշումների ենք ենթարկվել եւ բազում դժվարություններ ունեցել։ Մեզ հալածել են ու չեն հասկացել։ Բայց 2018-ի իրադարձությունները լուսաբանելը լրագրողական լուրջ հմտություններ, անաչառություն, օպերատիվություն, արագություն էին պահանջում։ Եվ մենք՝ լրագրողներս, կարող ենք հպարտանալ, որ այդ փորձությունները պատվով ենք հաղթահարել։

Իհարկե, սխալներ էլ ենք ունեցել՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, իսկ ով շատ աշխատում է, չի կարող երբեմն նաեւ սխալներ չունենալ։ Բայց կան ուղղելի սխալներ եւ անուղղելի սխալներ։ Կան սխալներ, որ հետագայում ապացուցում են իրենց ճշմարտացիությունը, եւ կան ճշմարտություններ, որոնք ժամանակի ընթացքում հերքվում են։ Այնպես որ, հարգելի ընթերցող, ներողամիտ եղիր եւ համբերատար՝ ամեն ինչ ժամանակի քննության ընթացքում է պարզվում։ Այսօր՝ տարեվերջյան մեր համարում պետք է խոստովանենք, որ հետաքրքիր, խիտ, բովանդակալից տարի ենք ապրել բոլորս։ Իսկ մենք՝ լրագրողներս, 2018-ին հաճույքով ենք աշխատել, նաեւ՝ սիրով։ Գիտակցել ենք մեր գործի կարեւորությունը եւ աշխատել ենք ծառայել հանրային շահին ու նպաստել մեր երկրի առաջընթացին։ Իսկ թե որքանով ենք հաջողել՝ կդատի ընթերցողը։ Կհանդիպենք 2019-ին։