Հայկո ջան, մենք քո աշխատասենյակն ավելի արդյունավետ կօգտագործենք

Հայկո ջան, մենք քո աշխատասենյակն ավելի արդյունավետ կօգտագործենք
Հայկ Մարության

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց գյումրեցիների կեսկատակ-կեսլուրջ նամակը՝ ուղղված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին․

«Հայկո Մ․ ջան, մենք դեռ չենք հարմարվել այն մտքի հետ, թե Հայկո-Մկո զույգից ՀՀ մայրաքաղաքի քաղաքապետը դու ես։ Դու միշտ մեզ համար կմնաս Հայկո-Մկո զույգի անմոռանալի մասնիկը․․․
Ինչ վերաբերում է «Հրապարակ» օրաթերթին, մենք միշտ կարդալու ենք «Հրապարակը», մեր մարզի բոլոր մեծ ու փոքր խնդիրներին ամենաարագն ու ամենաանկաշառն արձագանքել է «Հրապարակ» օրաթերթը։ Մենք չունենք Ձեր հնարավորությունները սոցցանցերի, ուղիղ եթերների, լայքերի ու լայֆերի ու նման անհեթեթությունների․․․
Մենք հայերեն տառերը լավ գիտենք ու պիտի կարդանք տպագիր թերթ։ «Հրապարակ»-ի զբաղեցրած 90 քմ-ի արժեքն ի՞նչ է, ասա՝ մենք էդքան գումարը կփոխանցենք պետբյուջե․․․ Մի խոսքով, «Հրապարակին» հանգիստ թող։ Եթե մտածում ես, թե թերթի զբաղեցրած տարածքը վերցնելով թերթը դադարելու է գործելուց, սխալվում ես։
Ասում ես․․․ «հանրային գույքն արդյունավետ օգտագործման նպատակ ունես»․ քանի՞ քմ են քո աշխատասենյակն ու ընդունարանը՝ արդյունավետ չի՞ լինի, եթե այն տաս մեզ՝ գյումրեցիներիս, Երեւանում մշտական ներկայացուցչություն ունենալու նպատակով։
Քեզ միշտ հումորով վերաբերվող գյումրեցիներ․․․
20 ստորագրություն»։

Այս հումորային նամակը, որն ավելի շատ հռետորական հարցադրումներ է պարունակում, Երեւանի քաղաքապետարանը լուրջ է ընդունել եւ գրավոր պատասխան է ուղարկել․
«Հարգելի գյումրեցիներ
Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող գույքի առավել արդյունավետ կառավարման նպատակով ծանուցումներ է ուղարկել մի քանի տասնյակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք տարածքներ են զբաղեցնում համայնքին պատկանող շինություններում՝ անհատույց օգտագործման կամ վարձակալության հիմունքներոով:

Մասնավորապես, ս.թ. փետրվարի 21-ին ծանուցումներ են ուղարկվել Բուզանդի փողոցի 1/3 հասցեում տարատեսակ գործունեություն իրականացնող 27 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց: Դրանց թվում են շահույթ հետապնդող կազմակերպություններ՝ բանկեր, տպարաններ, սննդի օբյեկտներ, լրատվամիջոցներ եւ այլն, ինչպես նաեւ շահույթ չհետապնոդ այլ անձինք ու կազմակերպություններ, ՀԿ-ներ, քաղաքական կուսակցություններ, կառավարական հիմնարկներ, լրատվամիջոցներ եւ այլն:

Քաղաքի իշխանությունն այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմաններն այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ: Օրինակ, նույն «Հրապարակ» օրաթերթը կամ «Ա1+» հեռուստաընկերությունն իրենց զբաղեցրած տարածքներն օգտագործում են անհատույց, բայց, օրինակ, մեկ այլ լրատվամիջոց՝ «Հետքը», նույն շենքում գտնվող իր տարածքը վարձակալում է: Գործընթացի արդյունքում կսահմանվեն օգտագործման օպտիմալ ձեւերը եւ պայմանները:

Ուղարկված՝ պայմանագրից հրաժարվելու ծանուցումները, այսպիսով, ընդամենը սկիզբն են նշված գործընթացի, որի նպատակը հավասար պայմանների ստեղծումն է՝ տարածքն անհատույց կամ վարձակալությամբ օգտագործելու դեպքերում: Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման, այսինքն, ստորեւ բերված փաստաթղթերում նշված «ծանուցումն ստանալու պահից (փետրվարի 21-ից) մեկ ամիս անց՝ հնգօրյա ժամկետում տարածքն ազատելու» դրույթն ինքնաբերաբար չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը: Ըստ մշակված չափորոշիչների, յուրաքանչյուր դեպքով կկայացվի որոշում:
Գործընթացը լրատվամիջոցների աշխատանքի պայմանները վատթարացնելու հետ որեւէ աղերս չունի եւ չի կարող ունենալ: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ, ինչպես նշեցինք, ծանուցումներ են ուղարկվել 27 կազմակերպությունների եւ անձանց, այդ թվում՝ կառավարական հիմնարկների:

Քաղաքային գործող վարչակազմը քաղաքի կառավարումն ստանձնելու պահից ի վեր աշխատանքի մեկ հիմնարար սկզբունք ունի. գործել՝ ելնելով բացառապես համայնքի շահերից: Այդ գործելաոճի բաղկացուցիչներից է հատկապես լրատվամիջոցների հետ առավելագույնս բաց եւ թափանցիկ աշխատանքը, որի արդյունքում ԶԼՄ-ները, առանց  որեւէ խոչընդոտի, քաղաքապետարանի եւ ավագանու աշխատանքները լուսաբանելու հնարավորություն են ստացել, եւ որի միջոցով հանրությունը պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն է ստանում քաղաքին վերաբերող ցանկացած խնդրի մասին: 
Երեւանի քաղաքապետարան»

Խմբ․ կողմից․ Ինչ կարելի է ասել այս նամակի մասին։ Գույքի «առավել արդյունավետ կառավարման» մասով ավելի լավ, քան մեր գյումրեցի ընթերցողներն են ասել, հնարավոր չէ։ Հաստատ Հայկ Մարությանի առանձնասենյակը մի քանի անգամ ավելի մեծ է, քան «Հրապարակ»-ի զբաղեցրած տարածքը, եւ գյումրեցիներն էլ այն ավելի արդյունավետ կկարողանան օգտագործել, քան բուռն քանդման աշխատանքներից իր գործունեությունը սկսած քաղաքապետը։ Առհասարակ, արդյունավետության մասին մարդկանց պատկերացումները շատ տարբեր են, եւ միշտ չէ, որ արդյունավետությունը դրամական հաշվարկի է տրվում։ Ասենք՝ մի տարեց մարդու կենսաթոշակին հազար դրամի ավելացումը դրամական առումով եւ տարվա կտրվածքով չնչին է, բայց բարոյականության եւ պետության սոցիալական քաղաքականության ու արդարության սկզբունքների տեսանկյունից՝ անգնահատելի։ Գուցե «Հրապարակ»-ի զբաղեցրած 90 քառակուսի մետրը եթե տրամադրվի գիշերային ստրիպտիզ-ակումբի կամ մեկ ժամով սենյակները վարձով տվող հյուրատան, Երեւանի քաղաքապետարանի բյուջե տարվա կտրվածքով 1-2 միլիոն գումար ավել կմտնի, բայց հանրային օգտակարության, հասարակական շահի տեսանկյունից նման հաստատությունների եւ լրատվամիջոցի դերակատարումն անհամեմատելի է եւ անբարոյական։ Քաղաքապետարանը գրում է․ «Քաղաքի իշխանությունն այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմաններն այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ»: Եթե նոր-նոր քաղաքականություն մտած մարդկանց համար ինչ-որ բան «հստակ» չէ, դա դեռ չի նշանակում, որ չեն եղել չափորոշիչներ։

Դա 11 տարի «Հրապարակի» ծավալած գործունեությունն է, մեր տպաքանակն ու դիտումները, ցիտելիությունն ու արձագանքման ծավալները։ Վերջապես․ ինքը՝ Հայկ Մարությանը, կարող է հետաքրքրվել, թե քաղաքապետարանում կամ իշխանության տարբեր օղակներում որ լրատվամիջոցն են առավոտյան վաղ ընթերցում, ում հրապարակումներին են արձագանքում եւ այլն։ Ինչ վերաբերում է «Հետքի» չարչրկված օրինակին, որը խորամանկորեն շահարկում է քաղաքապետարանը, Բուզանդի 1/3 շենքում այլ լրատվամիջոցներ էլ կան, որոնց մեծ մասն անհատույց է օգտվում տարածքներից, կան նաեւ փոքր գումարներ վճարողներ, այդ թվում՝ «Հետք» էլեկտրոնային պարբերականը եւ «Առկա» լրատվական գործակալությունը, որին քաղաքապետարանը համառորեն «չի նկատում»։ Բայց կա հավասարություն հաստատելու պարզ ձեւ՝ նրանց եւս անհատույց տրամադրել։ Մանավանդ՝ ոչ մի երաշխիք չկա, որ առաջիկայում պահպանվելու է վարձավճարի այն չափը, որով տարածք է տրամադրվել «Հետք»-ին։ Ի դեպ, իր տարածքն անհատույց է օգտագործում նաեւ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, եթե հավասարությունից եւ արդարությունից ենք խոսում, հարց է ծագում՝ նրա տարածքը ե՞ւս վճարովի է դառնալու եւ աճուրդով է տրամադրվելու։

Իսկ հավասարության մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, քանզի հավասարություն չկա ոչ մի տեղ եւ ոչ մի ժամանակում։ Չի կարելի «Հրապարակը» համեմատել ֆստխ․նյուզ կայքի հետ, այնպես, ինչպես այսօր Հայկ Մարությանի հետ չեն կարող ոտք գցել այն հազարավոր դերասանները, որոնք սերիալներում են խաղում․ նրանցից ոչ մեկին չի առաջարկվել առաջադրվելու որեւէ, անգամ ամենափոքրիկ քաղաքի քաղաքապետի պաշտոնում։ Հավասարություն չկա անգամ ընտրված քաղաքապետերի մեջ՝ Ախթալայի ու Արթիկի քաղաքապետերը, օրինակ, չեն կարող ոտք գցել Երեւանի քաղաքապետի հետ։ 

Եվ վերջապես, ամենացնցող նախադասությունը, որով Երեւանի քաղաքապետարանն ավարտել է գյումրեցիներին ուղղված նամակը․ «ԶԼՄ-ները, առանց որեւէ խոչընդոտի, քաղաքապետարանի եւ ավագանու աշխատանքները լուսաբանելու հնարավորություն են ստացել, եւ որի միջոցով հանրությունը պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն է ստանում քաղաքին վերաբերող ցանկացած խնդրի մասին»։

Նախ, մենք ձեզնից առաջ եւ ձեզնից հետո էլ առանց խոչընդոտի լուսաբանել ենք ու լուսաբանելու ենք բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ քաղաքապետարանի եւ ավագանու աշխատանքները, այստեղ ձեր վաստակը չկա, եւ առավել եւս՝ գլուխ գովելու առիթ չունեք։ Դուք մի բան կարող էիք անել՝ քաղաքապետարանի բալանսում գտնվող Բուզանդի 1/3 շենքից մեզ վտարելու փորձեր անել՝ ոտնահարելով օրենքը (Երեւանի ավագանու որոշմամբ, մեր պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թվականի փետրվարին) ու ժողովրդավարության տարրական կանոնները, եւ արդեն արել եք, իսկ արգելել մեզ՝ կատարելու մեր պարտականությունները եւ հանրությանը ներկայացնելու նրան հետաքրքրող տեղակատվությունը, ձեր ուժերից վեր է, այդ դաշտն ընդհանրապես մի մտեք։ 

Ինչ վերաբերում է մամուլի եւ զանգվածային լրատվության նկատմամբ վերաբերմունքին, ապա նոր իշխանություններն այս ասպարեզում գերազանցեցին նախորդներին՝ այսպիսի անհանդուրժողականություն ցանկացած քննադատության հանդեպ, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փորձեր, մամուլի դեմ ձեռնարկված նման արշավներ նորանկախ երկրի պատմության մեջ շատ քիչ են եղել։ Դեմոկրատիայի եւ առաջընթացի կարգախոսներով իշխանության եկած երիտասարդները, պարզվեց, դեսպոտիզմի, ազատ խոսքը սահմանափակելու, լրագրողներին հալածելու մեծ հակումներ ունեն։