Նրանք, ովքեր հավաքվում են Նիկոլի շուրջը, քաղաքացիներ չեն

Նրանք, ովքեր հավաքվում են Նիկոլի շուրջը, քաղաքացիներ չեն

Հարցազրույց բեմադրիչ Խաչիկ Չալիկյանի հետ

- Պարոն Չալիկյան, պատերազմից հետո պայքարի տարբեր բեւեռներ են ստեղծվել երկրում, այս տարբեր ճակատների եւ իշխանության միջեւ հնարավո՞ր է երկխոսություն, հատկապես այս իրավիճակում, երբ օր-օրի լարումն ավելի է մեծանում երկրի ներսում։

- Նախ, չեմ կարծում, որ պատերազմը վերջացել է, ավելին՝ պատերազմը շարունակվում է, եւ, ցավոք սրտի, այդ պատերազմն արդեն մենք ինքներս ենք շարունակում։ Շարունակում ենք, որովհետեւ այս կռիվն ինչ-որ երկրների դեմ էր, չնայած աշխարհի այդ վաշխառու համակարգի ներկայացուցիչներն էին թրքախոս երկրների դաշինքը, բայց միայն դա չէր, մենք տեսանք նաեւ Իսրայելի ականջները, Լոնդոնի թագը, այսինքն՝ մենք կռվում էինք ոչ թե երկրների, այլ մի համակարգի դեմ։ Բայց ամենացավալին այն էր, որ մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչու մեր դաշնակիցները չարձագանքեցին, քանի որ մենք՝ ինքներս էլ էինք մեր կառավարման համակարգով մտնում աշխարհի այդ խավար դաշինքի մեջ։ Այսինքն՝ ամենադաժանը նաեւ այն էր, որ մենք կռվում էինք նաեւ մեր դեմ։ Այդ դեպքում որտե՞ղ փնտրենք մեր թշնամուն կամ դաշնակցին, երբ մեր առաջին թշնամին մեր այսօրվա պետականությունն է։

- Այսօրվա պետականություն ասելով նկատի ունեք այսօրվա իշխանությունների՞ն։

- Բնականաբար։ Ու պատերազմի, այսպես ասած՝ հրադադարից հետո չենք գիտակցում, որ մենք ամբողջ քաղաքական բացով մտել ենք այդ հին համակարգի մեջ եւ այդ ճղճիմ ուժերի դեմ կռվելով՝ հայտնվել ենք նույն ճղճիմ դաշտում։ Իսկ մեր ազգը, առանց լուսավոր տեսիլի, այս վիճակի մեջ է ընկնում։ Ինձ ամենից շատ մտահոգում է, որ անգամ ընդդիմադիր ուժերն այս դեպքում չեն ներկայացնում այն լուսավոր գաղափարը, որտեղ իշխանությունների դավաճանությունն արդեն բացահայտ կլինի։ Ես կուզեի, որ միավորման, պայքարի այդ եզրերը բոլորին նույն դաշտն ուղղեին։ Քաղաքակրթական այս պայքարում պետք է պարզենք, թե մենք ովքեր ենք, իսկ հայերը միշտ էլ իրենց առաքելությամբ եղել են քաղաքակրթության առաջադեմ ուժերի կրող, եւ եթե փորձենք այդ դրոշի տակ համախմբվել՝ մեր ինքնությանը հավատարիմ, մենք կշահենք։ Այս պարագայում նույնիսկ իշխանական ինչ-ինչ օղակներ դարձի գալու խնդիր կունենան, եթե անդառնալիորեն չեն մտել թշնամու դաշտը։ Ինձ համար ամենաանընդունելին հենց այս թրքաբարոների դեմ պայքարն է նույն դաշտում, եւ այդ կռիվը, կառավարումը վերջին տասնամյակներում միշտ ուղղորդվում են դրսից, հատկապես երբ չունենք մեր ինքնությունը պաշտպանելու հզոր ազդակներ։

- Ձեր նշած թրքաբարոների դեմ պայքարն ինչպե՞ս եք պատկերացնում, եւ ինչպե՞ս կարող ենք լուսավոր ընթացքի մեջ գցել մեր երկիրը։

- Դեռ պատերազմից առաջ մի խումբ մտավորականներով՝ հիմնականում դրսից, ձեւավորեցինք «12-ի խորհուրդ» համահայկական մտավոր միավորը, այսօր ինտենսիվ քննարկումներ են գնում դրա ներսում, ու մոտ օրերս մենք կհրապարակենք մի հայտարարություն, որով կփորձենք հենց այդ գաղափարը ներկայացնել։ Մենք որեւէ քաղաքական հավակնություն չունենք եւ երբեք չենք կանգնում կռվի այս կամ այն դաշտի բարիկադի վրա։ Մենք՝ որպես մտավորականներ, փորձում ենք այդ նշաձողը ներկայացնել, որը կհամախմբի բոլորին, այսինքն՝ մեր խնդիրը մեր երկրի ճշմարիտ հավատամքը կրողներին միավորելն է նույն դաշտում, որովհետեւ այսօր ընդդիմադիր դաշտը կարծես որոշակի ուժեր սեփականացրել են, բայց խնդիրը դա չէ, իրական ընդդիմադիր պահանջները շատ ավելի մեծ են։ Պետք է փորձել ոչ թե այլընտրանք ստեղծել, այլ գտնել միակ լուծումը, որի դեպքում բոլոր այն մարդիկ, որ երկիրը փրկելու, վերածնելու խնդիր են կրում, անխուսափելիորեն կմիավորվեն։ Մենք կա՛մ պետք է վերածնունդ ապրենք, կա՛մ վերանանք, այլընտրանք այսօր չկա։ Հենց այս մեծ գերխնդիրների շուրջ է պետք հավաքվել։ Ինչից եմ նաեւ դժգոհ, որ մենք հին առնետների դեմ կռվում ենք իրենց օրենքներով, մտնելով նրանց դաշտը եւ ակամայից մենք էլ ենք հայտնվում միջնադարում։ Մինչդեռ մենք պետք է կարողանանք վաղվա մեր տեսիլը հակադրել նրանց, ոչ թե կռվել։ Հաղթանակի ամենակարեւոր խնդիրը ոչ թե իրենց հետ կռվելն է, այլ իրենց հակադրել շատ ավելի հզորը։

- Ընդդիմության հիմնական եւ առաջնային օրակարգն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ հետո նոր զբաղվել երկրի փրկության գործով։ Ձեզ համար երկրի փրկության առաջին քայլը ո՞րն է։ 

- Ես համաձայն եմ այդ օրակարգին, եւ այսօր եթե անգամ սատանան էլ գար Նիկոլի դեմ կռվելու, ես նրա կողքին կլինեի։ Մեր առաջին խնդիրն այդ դավաճանից ազատվելն է, դա ամենակարեւորն է, բայց երբ ես ասում եմ՝ մեզ լուսավոր գաղափարներ են պետք, նկատի ունեմ նաեւ նրանից ազատվելու միջոցը։ Եթե մենք ընտրում ենք մեր երկիրը՝ իր վեհ գաղափարներով, դա ինքնին արդեն հզոր միջոց է նրա դեմ կռվելու։ Այսինքն՝ ես հաղթանակի, պայքարի ամենակարեւոր ազդակներից մեկը տեսնում եմ նրան հակադրել լուսավոր տեսիլով մեր իրական երկիրը։ Դա պետք է նպատակ հռչակվի ոչ միայն նրան հեռացնելուց հետո, այլ նաեւ այդ նպատակը պետք է զենք լինի նրան հեռացնելու համար։

-  Այն բանից հետո, երբ վարչապետն էլ իր համակիրներին հրավիրեց Հանրապետության հրապարակ, քաղաքացիական բախումների մեծ վտանգ առաջացավ։ Կարո՞ղ ենք խուսափել քաղաքացիական բախումներից։

- Քաղաքացիական բախում չի կարող լինել, որովհետեւ նրանք, ովքեր հավաքվում են Նիկոլի շուրջը, քաղաքացիներ չեն։ Հետո․ մենք չենք կարող մտնել միջնադար եւ կռվել Չինգիզ խանի դեմ, դրանք տարբեր համակարգեր են։ Բացի այդ, չեմ կարծում, որ նրա շուրջ հավաքված մարդիկ իր համախոհներն են, նա չի կարող համախոհ ունենալ, ինքը մենակ երեւույթ է եւ մեր ազգի հետ կապ չունի, իսկ նրա շուրջ հավաքված փոքրաթիվ մոլորյալները ավելի շատ ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին են նրա կողքը հայտնվել։ Եվ դրա համար քաղաքացիական բախումները բացառվում են, բայց նաեւ կարծում եմ, որ նման խնդիր դրել են իրենց առաջ, որպեսզի արյուն թափվի․ դա Նիկոլի կերպարին շատ ներհակ է։ Միայն մեկ հոգու արյուն կարող է թափվել, դա այդ դավաճանի արյունն է, ուրիշ արյուն չի կարող թափվել։

Այսօր ընդդիմադիր ճակատում են հայտնվել բանակը, եկեղեցին, գիտնականները, ինստիտուտները, մտավորականները, իսկ Նիկոլի կողքին համակարգային որեւէ նման ուժ չկա։ Ընդդիմադիր ուժերը պետք է միասնաբար ներկայանան, ես տխրում եմ, երբ ընդդիմադիր ուղղությունը փորձում են կուսակցականացնել։ Նաեւ չեմ հասկանում, բայց լավ էլ հասկանում եմ նախագահի գործոնը, որը նախ հայտարարեց, որ նա պետք է հրաժարական տա, եւ ապա մանեւրեց օտարի թելադրանքով։ Բոլոր այն ուժերը, որ իրենց վճռական ոչ-ն են ասել, պետք է միավորվեն, եւ այդ դեպքում նրանք կզգան, որ այդ ուժին բախվելն անիմաստ է։  

- Ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում ստեղծված իրավիճակում։

- Այդ հանգույցը վաղուց լուծվել է, ուղղակի պետք է տեր կանգնել։ Ինքը գոյություն չունի, միջնադարում է մնացել։ Մենք այսօր մեր արժեհամակարգը պետք է հռչակենք, անկախ մեր երկիրը նվաճած տգիտությունից։ Ինքն այլեւս չկա, մենք պետք է երկիր հռչակենք եւ այդ երկրին տեր կանգնենք։ Մենք պետք է այսօր գիտակցենք, որ չունենք իշխանություն, պետականություն, որեւէ կառավարման համակարգ, եւ փորձենք այդ ամեն ինչը կայացնել։ Չի կարելի կռվել մի ուժի դեմ, որը գոյություն չունի, հատկապես որ այդ չեղած ուժը կառավարվում է դրսից, եւ նրանց ամեն մի քայլն ուղղված է հենց մեր ինքնության եւ պետականության դեմ։ Այսօր այդ պատերազմի ճակատի գիծը բոլորիս հոգու միջով է անցնում, ուստի պետք է օր առաջ կանգնենք մեր երկրի պահպանության, մեր քաղաքակրթական համակարգի պաշտպանության դիրքերում։