Ախտահարված ուղեղներ

Ախտահարված ուղեղներ

Միջազգային լրահոսում, 2023 թվականի հունվարի 17-ին, հանդիպած «Eating one wild fish same as month of drinking tainted water: study» հոդվածը (AFP) շարժառիթ դարձավ, որ համացանցի հայկական տիրույթում նմանատիպ հրապարակումներ որոնեմ:

Առաջին հոդվածը հանդիպեց media.news.am-ում. «Սննդային փաթեթները վտանգավոր են երեխաների ուղեղի համար. հետազոտություն» (26 հոկտեմբերի, 2019): Հղում անելով EurekAlert!-ի մամլո ամփոփագրին, հրապարակման մեջ նշվում է՝

• Սննդային փաթեթների քիմիական նյութերը շատ ավելի վտանգավոր են, քան կարելի է պատկերացնել. հայտնվելով հղի կանանց օրգանիզմում՝ դրանք կարող են առաջ բերել մտավոր զարգացման խանգարումներ ապագա երեխաների մոտ։  

• Հետազոտության մասնակից կանանց երեխաների հետազոտությունը ցույց է տվել, որ վերոնշյալ քիմիական նյութերի բարձր պարունակությունը մայրերի արյան մեջ հղիության ժամանակ նպաստել է 7 տարեկանում երեխաների ինտելեկտի ավելի ցածր գործակցին։ Միեւնույն ժամանակ, ամենացածր ցուցանիշներ գրանցվել են տղաների մոտ։

• Ուղեղի զարգացման եւ ինտելեկտի վրա ամենաբացասական ազդեցությունը ունեցել է բիսֆենոլը։ Բայց անհանգստություն են առաջացրել նաեւ այլ քիմիական նյութեր, ներառյալ քլորպիրիֆոս պեստիցիդը, պոլիֆտորալկիլ նյութերը (պարունակվում են մաքրող նյութերում), տրիկլոզանը հակաբակտերիալ օճառում, ինչպես նաեւ ֆտալատները, որոնք կան փափուկ պոլիվինիլքլորիդային պլաստիկներում եւ կոսմետիկայում։

Մարքեթինգում լայնորեն տարածված հայցեկարգերից է «4P»-ն (marketing-mix). ապրանք (Product), գին (Price), վայր (Place), առաջանցում/առաջմղում (Promotion): Այն սկիզբ է առնում 1960-ականներից: Հենց այս գործիքներով ընկերություններն ազդում են իրենց նպատակային շուկայի սպառողների վարքագծի վրա: Տարիների ընթացքում այդ «4P»-ին ավելացել են նաև այլ «P»-եր` մարդիկ (People), փաթեթավորում (Packaging) և այլն:  

ԽՍՀՄ ներմուծվող փոքրաթիվ և փոքրածավալ արտասահմանյան ապրանքներն առաջին հերթին աչքի էին ընկնում իրենց աչք շոյող փաթեթավորմամբ: Կարծես, այն ժամանակ փաթեթավորումն ու ապրանքի որակը համապատասխանում էին: Մինչդեռ 1980-ականների վերջին և արդեն 1990-ականների սկզբին հիմնականում անորակ, բայց լավ փաթեթավորված (պարզվում է՝ առողջության համար վտանգավոր) ատասահմանյան ապրանքների աննախադեպ մեծացած հոսքերը ցունամիի նման թափվեցին նոր առաջացող, անպաշտպան շուկաներ՝ փլուզված ԽՍՀՄ-ի հանրապետություններ:

Մի պահ մարդիկ հասկացան, որ լավ փաթեթավորումը չի նշանակում բարձրորակ ապրանք: Զավեշտալի էր. հրապուրիչ փաթեթավորմամբ թխվածքաբլիթներն այրվում էին…Այդպես էր նաև, օրինակ, ալկոհոլային խմիչքների պարագայում: Դրանց «մասնագետները» (օգտագործելու հաճախականության իմաստով), կարոտախտով սկսեցին հիշել «քառասունքի» օղիները: Այդպես էին անվանվում լիմոնադի մուգ գույնի շշերով վաճառվող օղին:

Բայց, վերադառնանք հոդվածի առիթ հանդիսացող AFP-ի վերոնշյալ հրապարակմանը (հոդվածագիր՝ Daniel Lawler), որից էլ փոխառնված է բերված լուսանկարը: 

US Environmental Protection Agency-իի հետազոտողների խումբը 2013-2015 թվականներին վերլուծել է ԱՄՆ 500-ից ավելի գետերի և լճերի ձկները՝ պարզելու համար տեղական ձկան աղտոտվածությունը պոլիֆտորալկիլ նյութերով (PFAS): Ըստ այդ հետազոտության, որը հրապարակվել է Environmental Research ամսագրում, ձկան մեջ PFAS-ի մեդիանի մակարդակը կազմել է 9500 նանոգրամ/կգ: Ավելի պարզ. ԱՄՆ-ի գետի կամ լճի քաղցրահամ ջրում բռնված մեկ ձուկ ուտելը հավասարազոր է մեկ ամսվա ընթացքում թունավոր «հավերժական քիմիական նյութերով» աղտոտված ջուր խմելուն:

Հիմա վերադառնանք Հայաստան, 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին (ՀՀ-ի և ԱՀ-ի խիստ շրջափակման ժամանակահատված) Սևանա լճի սիգը և գետերի ձկները նշանակալի թեթևացրին սննդամթերքի խնդիրը Հայաստանում: 

Կպահանջվի հետազոտել տեղական ձկները՝ նշված քիմիական նյութերի պարունակությունը բացահայտելու համար: Բայց, այս երկու գործոնները՝ փաթեթավորում և ձուկ, արդեն իսկ հնարավորություն են ընձեռում կատարելու որոշ եզրահանգումներ առ այն, որ մեր երկրի բնակչության մինչև 30-35 տարեկան բնակչության ուղեղներն ախտահարված են, ընդ որում, տղամարդկանցն ավելի մեծ չափով՝ նկատի ունենալով ամերիկյան հետազոտողների ստացած արդյունքները: 

Անշուշտ, խոսքը չի վերաբերում այնպիսի երևույթին, ինչը նկարագրվում է «մարդ-բանջարեղեն» բառեզրով: Սակայն, համազգային խնդիրների առնչությամբ որոշ երիտասարդների ոչ համարժեք վերաբերմունքը կամ անտարբերությունը, քննադատական մտածողության բացակայությունը և նման այլ դրսևորումներ, ցավալիորեն, գալիս են ապացուցելու, որ այդպիսի ինչ-որ զարգացումներ եղել են: Այնուամենայնիվ, թվում է հույժ կարևոր՝ ՀՀ-ում վերոնշյալ բնույթի հետազոտությունների իրականացումը: Եթե ստացվեն անհերքելի ապացույցներ, ապա հարկ կլինի մշակել և իրագործել համապատասխան պետական ծրագիր, որի ակնկալվող արդյունքը կհանդիսանա ապագա սերնդի մտավոր զարգացման արհեստածին խանգարումներն առավելագույնս բացառելը: 

Սա դավադրությունների տեսության տիրույթից չէ, այլ այն է, ինչի մասին անդադար ասվում է աշխարհի ամենաբարձր ու հեղինակավոր ամբիոններից: Գուցե, մեծաթիվ բնակչությամբ երկրների համար սա պակաս վտանգավոր երևույթ է, բայց փոքր երկրների համար դա կարող է լինել ճակատագրական:

Հ.Գ. Նկատի ունենալով աշխարհի հեղինակավոր մարդկանց տեսլականը՝ մարդկության ապագայի առնչությամբ, կարելի է նաև ասել, որ, գուցե, վերոնշյալի առումով անհանգստանալու կարիք չկա: Խոսքը վերաբերում է, օրինակ, Բիլ Գեյթսին, ով ասել է. «Կան ընկերություններ, որոնք տավարի միս են արտադրում նոր ձևով, և մարդիկ, ովքեր աշխատում են այնպես, որ նախկինի պես օգտագործեն կովերին, բայց նվազեցնեն մեթանի արտանետումները»:

Ըստ նրա՝ ապագայում մարդկությունն անցում կկատարի արհեստական ​​մսի սպառմանը: Ոչ ոք չի կասկածում, որ տպիչով հնարավոր է ստանալ ընտիր մարմարային միս, որը շատ թանկ է: Մարմարայինը վագյուի կամ ճապոնական, հատկապես, սև կովի միսն է: Չի բացառվում, որ մի օր էլ նման հեղինակավոր մարդիկ խոսեն, օրինակ, մարդու վերարտադրության մասին՝ տպիչների միջոցով: 

Գագիկ Վարդանյան