Մի հարց կարելի՞ է, պարոն գեներալ

Մի հարց կարելի՞ է, պարոն գեներալ

Ստեփանակերտում մամուլի ասուլիս է հրավիրել ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ ասել. «ՀՀ քաղաքական իշխանությունները՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, երբ մենք սկսել էինք կրակակետերը բացել, ցամաքային ճանապարհ բացել ՀՀ հետ, բոլոր ժամանակներում դեմ են արտահայտվել: Պաշտոնական ու պատասխանատու հայտարարություն եմ անում: Հետո, երբ մենք ազատագրել ենք Քարվաճառի շրջկենտրոնը, 1993 թվականի Գորիսի հայտնի հանդիպմանը հրավիրվել էր այնտեղ այն ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որպեսզի ստորագրեն այն փաստաթուղթը, որ մեր զորքերը Քարվաճառից դուրս են գալիս: Արցախյան կողմը, ռազմաքաղաքական իշխանությունը դեմ է արտահայտվել, և մենք որևէ փաստաթուղթ չենք ստորագրել»:

Պատմական անճշտությունը մի կողմ թողնենք, այն, որ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունը ստորագրել է Քելբաջարից հայկական ուժերը դուրս բերելու «Ժամանակացույցը»:

Այդ մասին բազմաթիվ վկայություններ կան, ի մասնավորի՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի դիմումը, որով նա միջնորդներից որոշակի ժամանակ է խնդրում այն իրականացնելու համար: Այլ բան, որ հետագա իրադարձությունները բոլորին ստիպել են մոռանալ դրա մասին: Ինձ այլ բան է հուզում եւ դիմում եմ պարոն Բալասանյանին.

-Եթե պատերազմի ընթացքը կանխորոշում էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ որոշումներն ընդունվում էին բացառապես Ստեփանակերտում, ապա ինչու՞ 1993-94 թվականներին լիովին չազատագրվեցին Մարտակերտի եւ Մարտունու շրջանները, Շահումյանը: Բանակի ներուժը բավարա՞ր չէր, թե՞ դա հետեւանք է ինչ-որ պայմանավորվածությունների: Ակնկալում եմ հրապարակային պատասխան: