Մանկուրտիզմի մասին

Մանկուրտիզմի մասին

Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը կիսում է ԱՀ առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, որ եթե մենք «մոռանում ենք այդպիսի մարդկանց արածները, այո, մենք դառնում ենք մանկուրտ» եւ հիմնավորում, որ Արցախի համար ամենածանր պահին «Քոչարյանն է, որ իր վրա է վերցրել երկրի պաշտպանությունն ու անվտանգության հարցը»:

Խոսքը 1992թ. ամռան-աշնան իրավիճակի մասին է, երբ Արցախի ճակատագիրն, այո, կախված էր մազից, եւ Ռոբերտ Քոչարյանն, այո, ստանձնելով Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, պատմական ահռելի պատասխանատվության տակ մտավ:  Այդ այդպես է, բայց Ռոբերտ Քոչարյանը ճակատագրական որոշում, երեւի, չէր կայացնի, եթե չունենար Հայաստանի իշխանությունների եւ անձամբ նախագահ Տեր-Պետրոսյանի անվերապահ աջակցությունը: Ես չգիտեմ՝ ինչի վրա է Վարդգես Բաղրյանը կառուցում իր գնահատականները, բայց ինքս իրադարձությունների անմիջական մասնակիցներից մեկն եմ եղել եւ կուզենայի հիշեցնել, որ Արցախում ՊՊԿ ստեղծվեց, երբ Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց անկյունաքարային որոշում. «Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ միջպետական որեւէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի որպես Ադրբեջանի մաս»:

Դա այն դեպքում, երբ Արցախի տարածքի գրեթե կեսը զավթված էր: Կուզենայի Վարդգես Բաղրյանի ուշադրությունը հրավիրել նույն տարվա աշնանը կնքված հայ-ռուսական պայմանագրի վրա, որից հետո կտրուկ փոխվեց ուժերի հարաբերակցությունը: Ադրբեջանի զինված ուժերի կազմում գործող՝ նախկին խորհրդային 4-րդ բանակի Գյանջայի դիվիզիայի հատուկ ստորաբաժանումները դուրս բերվեցին ճակատից, եւ Սուրեթ Հուսեյնովի բանակային կորպուսը, որ 1993թ. տարեսկզբին նախապատրաստվում էր  Կիչան-Խաչենի կամուրջ ուղղությամբ վճռական զորաշարժով գրավել Ստեփանակերտը, կազմացրվեց,  հյուսիսային ուղղությամբ ստեղծվեց հակագրոհի  հնարավորություն:

Մեծ բեկումը, որ սկսվեց 1993թ. փետրվարի 5-ին, քաղաքականապես նախապատրաստված էր, բայց՝ ոչ Ստեփանակերտում, այլ՝ Երեւան-Մոսկվա դիվանագիտական ճեղքմամբ: 1998թ.-ին, ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը, Ռոբերտ Քոչարյանն ինչու՞ մոռացության մատնեց իր նախորդի ծանրակշիռ վաստակը, ինչու՞ տեղեկատվական հոսքերից, պատմության դասագրքերից հանվեց երկրի առաջին նախագահի անունը: Դա մանկուրտիզմի կուլտիվացիա չէ՞ր, երբ կյանք մտնող սերունդներին ներշնչվում էր, թե պատերազմի հաջողություններին հասել ենք ոչ թե Հայաստան-Արցախ ամուր, ներդաշնակ համագործակցությամբ, այլ՝ ի հեճուկս Լեւոն Տեր-Պետրոսյանի «պարտվողականության»:

Արդարացի՞ էր  այն օստրակիզմը, որին Քոչարյանի նախաձեռնությամբ ենթարկվեց  Լեւոն Տեր-Պետրոսյանը, մի մարդ, որին Ռոբերտ Քոչարյանը պարտական է քաղաքական կարիերայի համար՝ սկսած 1989թ.-ից: Այժմ՝ ըստ էության: Մարտի 1-ը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Վարդգես Բաղրյանը Ռոբերտ Քոչարյանից լսե՞լ է մի ցավակցական խոսք՝ զոհվածների հարազատներին: Ինչու՞ իրադարձության թարմ հետքերով ձերբակալվեցին հարյուրավոր ցուցարարներ, հարուցվեցին տասնյակ քրեական գործեր, բայց ոչ մի գործողություն չկատարվեց՝ պարզելու տասը զոհերի սպանության հանգամանքները: Մանկուրտիզմ չէ՞ր, երբ տասը տարի այդ ողբերգությունը մատնված էր մոռացության: Վարդգես Բաղրյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը «պատանդ» է: Այսպիսով նա Հայաստանի իշխանություններին չի՞ համարում «ահաբեկիչ»:

Բայց ավելի հետաքրքրականն այն է, որ սովորաբար պատանդառու կողմը ներկայացնում է ինչ-ինչ պահանջներ: Տեղյա՞կ է Վարդգես Բաղրյանը՝ ի՞նչ է Հայաստանի իշխանությունը պահանջում «պատանդին» ազատ արձակելու դիմաց: Ո՞րն է Քոչարյանին անազատության մեջ պահելու շարժառիթը: Վարդգես Բաղրյանը խնդիրը կապում է «Արցախի հարցի կարգավորման հետ»: Այսինքն ի՞նչ: Իշխանությունները պատրաստվում են ինչ-որ «դավադրությա՞ն»: Ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը կարող է դա կանխե՞լ, անազատության մեջ՝ ո՞չ: Սա արդեն ֆոլկլորի ժանրից է: Եւ՝ դարձյալ մանկուրտիզմի կուլտիվացիա, երբ հատկապես արցախյան հանրությանը ներշնչվում է, որ Հայաստանի՝ ծագումով ոչ արցախցի առաջնորդը «պատրաստ է ծախել Արցախը»: Թե ի՞նչ նպատակով է դա արվում՝ մեկնաբանելու հարկ չկա: Պարզապես ցանկալի կլիներ իմանալ՝ Վարդգես Բաղրյանը զուտ անձնակա՞ն գնահատականներ է հնչեցնում…