Թումանյանը՝ ընտրապայքարի եւ բանակռիվների կիզակետում

Թումանյանը՝ ընտրապայքարի եւ բանակռիվների կիզակետում

Հ. Թումանյանն ուներ գրականության պատմաբանի եւ հրապարակագրի հզոր տաղանդ, գրական ու հասարակական կյանքի խնդիրները գիտական ճշգրտությամբ եւ խորությամբ գնահատելու, ազգային ու հանրային շահի տեսանկյունից մեկնելու փայլուն ունակություններ։ Դրանք զգալի չափով դրսեւորվեցին «Հորիզոն» օրաթերթը խմբագրելու շրջանում (1910-1912), որը զուգադիպեց կաթողիկոսական ընտրություններին։

1910 թ. դեկտեմբերի 11-ին վախճանվում է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը։ Թիֆլիս հասած լուրերի համաձայն՝ Հայրապետի մահն արագացրել էր այդ պահին Էջմիածնում իշխող անհամերաշխության մթնոլորտը։ Հայ հասարակության ցանկացած պառակտում անընդունելի էր բանաստեղծի համար։ Թումանյանը, նկատի ունենալով Իզմիրլյանի վերջին օրերը դառնացնողներին, գրում է. «Եվ չափ ու սահման չեն ճանաչել այդ մարդիկ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք… Անձնականը… այն սոսկալի ախտը… հորինում է խելակորույս կռիվ, որի մեջ սպառվում ու չեզոքանում են ամենքի ուժերը, դա ստեղծում է մի խեղդուկ մթնոլորտ, ուր մեռնում են ամեն եռանդ ու ոգեւորություն»։

«Խրիմյան եւ Իզմիրլյան» հոդվածում Թումանյանը հմուտ հոգեբանի տեսողությամբ, մարդուն ճանաչելու բացառիկ ունակությամբ ներկայացնում է երկու մեծ հայերի համեմատական բնութագրերը․ «Երկուսն էլ հոգեւորական էին բառի լայն իմաստով, երկուսն էլ սիրում էին ս. Գիրքը ու նվիրված էին հայրենի եկեղեցուն… ատում էին արյունը»։ Սակայն առավել հետաքրքիր են հոգեբանական այն 15 նրբերանգներն ու տարբերությունները, որոնք նկատել է բանաստեղծը երկու եկեղեցական գործիչների բնավորության մեջ։ Ահա դրանցից մի քանիսը. «Իզմիրլյանը գահն էր իրենից բարձր նկատում, Խրիմյանն իրեն էր գահից բարձր համարում։ Իզմիրլյանը սիրում էր խորհուրդ հարցնել, Խրիմյանը վիրավորվում էր, երբ խորհուրդ էին տալիս։ Իզմիրլյանը ազնիվ մարդիկ էր որոնում, Խրիմյանը՝ ջերմ երկրպագուներ։ Իզմիրլյանը պարզ էր ու բաց սիրտ, Խրիմյանը բարդ էր ու խորը։ Իզմիրլյանը դյուրազգաց էր ու հուզվող, Խրիմյանը՝ քամահրող ու հանդարտ։ Իզմիրլյանը օրենքից էր խոսում, Խրիմյանը՝ Ավետարանից։ Իզմիրլյանը սրտալի ու շիտակ գործիչ էր, Խրիմյանը՝ խորամիտ փիլիսոփա։ Իզմիրլյանը անկասկած մաքուր էր, Խրիմյանը՝ անպայման մեծ»։

Թաղման օրը՝ դեկտեմբերի 20-ին, տեղի է ունենում 80 պատգամավորների խորհրդակցություն, որտեղ բանաստեղծն իր ելույթում անդրադառնում է Մայր Աթոռի շուրջ ստեղծված ծանր մթնոլորտին եւ դատապարտում է Կարապետ եպիսկոպոսին, Բենիկ եւ Արտակ եպիսկոպոսներին, որոնք իրենց ելույթներով փորձում էին ապացուցել, թե կաթողիկոսի մահը կապ չունի նրա նկատմամբ եղած որոշ հոգեւորականների վատ վերաբերմունքի հետ, եւ ամեն կերպ ջանում էին արդարացնել Կարապետ եպիսկոպոսին։

Գրողի ելույթին անմիջապես հակադարձում է «Մշակի» խմբագիրը՝ Համբարձում Առաքելյանը՝ առաջարկելով «դատել» բանաստեղծի մտերիմ Մեսրոպ եպիսկոպոսին։ Թումանյանը խոստանում է Մեսրոպ սրբազանի վարքագծում անմիաբանություն սերմանելու կամ հանցավորության ցանկացած փաստ ներկայացնելու դեպքում ավելի խստորեն դատապարտել նրան. «Թեեւ այս րոպեին էլ նրա հյուրն եմ»։

Հակառակորդ թերթը՝ «Մշակը», բանաստեղծին մաղձոտ հեգնանքով հռչակում է «պրոկուրոր», քանի որ նա քննադատում էր այն եպիսկոպոսին, ով թերթի՝ կաթողիկոսական գահի թեկնածուներից էր։ Սակայն Թումանյանը չի ընկրկում։

Հայոց պետականության բացակայության պայմաններում թե՛ Թումանյանի, թե՛ հայ ազգային հասարակական գործիչների մեծամասնության համար, կամա-ակամա, եկեղեցու բարձրաստիճան այրերի ընտրությունը դառնում է չափազանց կարեւոր։ Այդ ընտրությունները ժամանակին նույնքան կարեւոր էին, որքան այսօր նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները։ Այդ իսկ պատճառով Թիֆլիսի մամուլի էջերում պայքարը գնալով թեժանում է։ Թումանյանը մեծ կրքոտությամբ ու եռանդով ղեկավարում է «հորիզոնականների» պայքարն ընդդեմ «Մշակ», «Հովիտ» եւ «Սուրհանդակ» լրագրերի շուրջ համախմբված գործիչների, որոնց գլխավորում էր Հ․ Առաքելյանը։

Էջմիածնի դերի կարեւորությունը գիտակցում էին բոլորը։ Միանգամայն հասկանալի է Թումանյանի՝ այդ պայքարում առաջամարտիկ դառնալը։ Հակառակորդ կողմի զենքերն էին կեղծիքն ու շահարկումները։
Գրողի ժամանակակիցներից շատերը խուսափում էին «Մշակի» խմբագրի հետբանավիճելուց եւ նույնպիսի խորհուրդ էին տալիս Թումանյանին՝ պատճառաբանելով, որ «ավելի վատ կհայհոյի, ավելի շատ կզրպարտի… ավելի մեծ սուտ կասի»։ Բանաստեղծը նրան բնորոշում է որպես «անհամակրելի հոգի», որն ուզում է վախեցնել եւ վախեցնելով լռեցնել հակառակորդներին։ Թումանյանը գրեթե միակն էր, որ չէր «ահաբեկվում» եւ համարձակորեն պատասխանում էր, սակայն ո՛չ Հ․ Առաքելյանին համոզելու համար։ Նա գիտեր, որ դա անհնար է, սակայն պատասխանում էր, որպեսզի հանրության մեջ բացասական վերաբերմունք ձեւավորեր կեղծիքի ու ստի նկատմամբ. «Մոռանում եմ եւ այն եմ մտածում, թե ինչպես կարելի է, որ մարդը, այնքան բազմության առջեւ կատարված դեպքերն ու խոսքերը վեր կենա խեղաթյուրի, ստի, խարդախի ու տա նույն մարդկանց ձեռը՝ առե՜ք, կարդացե՛ք։ Ճշմարիտ որ, գոնե ինձ համար սա ավելի մեծ խնդիր է, քան նույնիսկ կաթողիկոսի ընտրությունը։ Սա մարդ-արարածի աղավաղումը, այլանդակումը, անկումն է»։

Հ. Առաքելյանը, չկարողանալով դիմանալ բանաստեղծի սուր գրչին, նաեւ հանրային կարծիքը շփոթեցնելու ու թյուրիմացության մեջ գցելու նպատակով, միանգամից պահանջում է Իզմիրլյանի մահվան կապակցությամբ իր եւ Թումանյանի միջեւ ծագած վեճը հանձնել միջնորդ դատարանին։ Թումանյանը հաջորդ օրն իսկ ընդունում է այդ մարտահրավերը արիությամբ ու արժանապատվությամբ՝ իր սուր ու դիպուկ խոսքով պարզապես ոչնչացնելով հակառակորդին. «Ընդունում եմ ինչ տեսակ դատարան կուզեք։ Դուք ասել եք ձեր ասելիքը, ես էլ իմը կասեմ, ու թող դատեն։ Թող դատաստան լինի, դուք ինքներդ գնացեք անձամբ, իսկ ես, եթե կուզեք, կուղարկեմ միայն իմ գլխարկը. դա էլ բավական կլինի ցույց տալու, որ դուք ստախոս եք ու կեղծող… Դուք ծաղրում եք շարունակ մարդ-արարածի արժանապատվությունը՝ շարունակ ստելով ու խարդախելով։ Դուք վայր եք ձգել տպագրական խոսքի արժեքն ու արժանիքը»։

Հ. Առաքելյանը, չկարողանալով դիմանալ բանաստեղծի սուր գրչին, նաեւ հանրային կարծիքը շփոթեցնելու ու թյուրիմացության մեջ գցելու նպատակով, միանգամից պահանջում է Իզմիրլյանի մահվան կապակցությամբ իր եւ Թումանյանի միջեւ ծագած վեճը հանձնել միջնորդ դատարանին։ Թումանյանը հաջորդ օրն իսկ ընդունում է այդ մարտահրավերը արիությամբ ու արժանապատվությամբ՝ իր սուր ու դիպուկ խոսքով պարզապես ոչնչացնելով հակառակորդին. «Ընդունում եմ ինչ տեսակ դատարան կուզեք։ Դուք ասել եք ձեր ասելիքը, ես էլ իմը կասեմ, ու թող դատեն։ Թող դատաստան լինի, դուք ինքներդ գնացեք անձամբ, իսկ ես, եթե կուզեք, կուղարկեմ միայն իմ գլխարկը. դա էլ բավական կլինի ցույց տալու, որ դուք ստախոս եք ու կեղծող… Դուք ծաղրում եք շարունակ մարդ-արարածի արժանապատվությունը՝ շարունակ ստելով ու խարդախելով։ Դուք վայր եք ձգել տպագրական խոսքի արժեքն ու արժանիքը»։

Անշուշտ, տեղի ունեցածի նկատմամբ՝ ի շահ սեփական համոզմունքի հասարակական կարծիք ձեւավորելը Թումանյանին միշտ էլ հաջողվել է։ Դրա պատճառներից էին թե՛ բանաստեղծի կողմից խոսքի մշակույթի արվեստին քաջահմուտ լինելը եւ թե՛ այն, որ ճշմարտությունը միշտ նրա կողմն էր։ Պակաս կարեւոր չէր նաեւ Թումանյանի հեղինակության դերը։ Հենց այս վերջին հանգամանքն է, որ երբեք հանգիստ չի տվել նրա հակառակորդներից շատերին, այդ թվում, առաջին հերթին՝ Հ. Առաքելյանին։ Դեռ երկար տարիներ պիտի անցնեն, մինչեւ նա մեղայականով ներկայանա բանաստեղծի դատին եւ իր խիղճը հանգստացնելու համար ներում հայցի։ Մինչ այդ նրանց միջեւ ծավալված յուրաքանչյուր պայքար եղել է թեժ ու անզիջում երկու կողմից էլ։ Թումանյանհրապարակախոսին բնորոշ էր ներքին համոզվածությունը։ «Կրկնում եմ,- գրում է Թումանյանը,- ընդունում եմ միջնորդ դատարանը հենց նույն մարդկանցից, որ դուք եք անվանել։ Համեցե՜ք։ Իսկ մինչեւ միջնորդ դատարանը, պիտի լսեք ճշմարտությունը…։ Ճշմարտություն - ահա ձեր մահը»։

Հ․ Առաքելյանը չէր խորշում Թումանյանի դեմ գործածել նաեւ քաղաքական զենք։ Նա հրաշալի տեղեկացված էր «Դաշնակցական գործին» եւ իբրեւ «Մշակի» խմբագիր՝ մերթընդմերթ լուսաբանում էր այն թերթի էջերում։ Այդ գործի հետ ոչ մի առնչություն չունեցող կաթողիկոսական խնդրի շուրջ Թումանյանի հետ բանավիճելիս նա իշխանություններին հիշեցնում է իր ընդդիմախոսի՝ պայմանական ազատության մեջ լինելը։ Եկեղեցական խնդիրների հետ որեւէ հեռավոր աղերս չունեցող այս «հիշեցումը» յուրովի մի ահազանգ էր ոստիկանությանը՝ բանաստեղծին տեսադաշտից դուրս չթողնելու համար, միաժամանակ թիկունքից հարված էր հակառակորդին։ Հ. Առաքելյանն անդրադառնում է նաեւ գրողի գեղարվեստական ժառանգությանը եւ նրան տալիս է «երբեմն բանաստեղծ» բնորոշումը։ Գրողը պատասխանում է. «Գուցե Հ. Առաքելյանը ճշմարիտ է ասում, որ ես «երբեմն» էի բանաստեղծ… ճշմարիտ, այն ծանր օդում, ուր շնչում են առաքելյաններ, բանաստեղծությունը չի կարող շնչել ու ապրել»։

Հրապարակախոսության մեջ լրագրողի գրչով ոչ մի բանավիճողի չի հաջողվել հաղթել Թումանյանին։ Այդ պատճառով երբեմն նրա հակառակորդները դիմել են բանաստեղծին այլ մեթոդներով անվանարկելու միջոցներին, որոնցից մեկն էլ միջնորդ դատարանն էր։ Թեեւ Հ. Առաքելյանը հմուտ ճարտասան էր, սակայն Թումանյանի հետ բանավիճելիս միշտ կորցնում էր հավասարակշռությունը։ Նա 1911թ. հունվարին պահանջում է միջնորդ դատարան եւ դատավորներ է առաջարկում Հովհաննես Սպենդիարյանին, Ավետիք Եզեկյանին եւ Հարություն Գասպարյանին։ Հունվարի 12-ին Թումանյանը «Հորիզոնում» դիմել էր «Մշակի» խմբագրությանը՝ մի վերջնագիր հիշեցնող նամակով. «Դուք խուսափում եք մեր հարցին ուղղակի պատասխանելուց… շատ լավ։ Ուրեմն միջնորդ դատարանի առարկա է լինելու եւ այս խնդիրը։ Ընդհատելով իմ հոդվածները Հ. Առաքելյանի դեմ՝ առաջարկում եմ անցնել միջնորդ դատարանին։ Բավական է մամուլը դարձնել ստախոսության ասպարեզ։ Վերջ պետք է լինի դրան»։

Թումանյանը կոչ է անում դատավորներին, որ խուսափեն վեճին մասնավոր անձնական բնույթ տալուց, ինչպես նաեւ «անողոք լինեն» հանցավորի նկատմամբ՝ «ես կլինեմ, թե Համբարձում Առաքելյանը»։
Հ. Առաքելյանը, սակայն, մի կողմ է դնում միջնորդ դատարան հրավիրելու իր պահանջը՝ քաջ գիտակցելով, որ այն իր համար որեւէ դրական արդյունքի չի հանգեցնի, հետեւաբար, դատը տեղի չի ունենում։ Այսպիսով, նրա «մարտահրավերն» էժանագին շանտաժ էր եւ հակառակորդին վախեցնելով լռեցնելու միջոց։

Թումանյանը հաճախ էր շարժում միջակությունների մաղձն ու նախանձը՝ նրանց մեջ անլիարժեքության բարդույթ արթնացնելով։ Շատերն են ձգտել ստվեր ձգել նրա վրա, ցավ պատճառել՝ կարծես վրեժխնդիր լինելով իրենց կարողությունների սահմանափակության համար։ Բոլոր ժամանակներին բնորոշ հոգեբանական բարդույթի արտահայտություն. եթե չես կարող լինել մեծ ու բարձր, պետք է փոքրացնել ու ցածրացնել մեծին՝ խտրություն չդնելով միջոցների մեջ։ 

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ