Ալավերդու գործարանը սնանկ ճանաչվեց. միայն ծխնելույզի տուգանքը 2 մլրդ դրամ է 

Ալավերդու գործարանը սնանկ ճանաչվեց. միայն ծխնելույզի տուգանքը 2 մլրդ դրամ է 

Ալավերդու պղնձաձուլական գործարանն աշխատեցնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կամ «Էյ Սի Փի»-ն սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը վճիռն ընդունել է ապրիլի 30-ին: Գործարանի աշխատողներն անցյալ տարվա նոյեմբերից պարապուրդի մեջ են: 

Պղնձաձուլարանին մոտ աղբյուրը պատմում է. «Բոլոր աշխատողներին ազատում են: Մնալու է մոտ 20 մարդ: Գործարանն ահռելի պարտքեր ունի: Մոտ 300 մլն դոլար ՎՏԲ բանկին է պարտք, մոտ 2-3 մլրդ դրամ՝ ՀՀ բյուջեին, նաեւ բնապահպանական խնդիրների պատճառով 2, թե 3 մլրդ դրամի տուգանք ունի, որովհետեւ Ալավերդի քաղաքի օդը տարիներ շարունակ փչացրել է ձուլարանի ծխատարը: Մի խոսքով, Ալավերդու գործարան էլ չկա, Ալավերդին դառնում է կուրորտնի քաղաք»: 


Ալավերդու բնակչության մեծ մասն աշխատում էր պղնձաձուլարանում: Այսօր նրանք կորցնում են աշխատատեղերը: Հայցվորը, որի պահանջով գործարանը սնանկ է ճանաչվել, Կիպրոսում գրանցված «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ն է: «Գումարի նախնական պահանջը մեծ չէր, բայց գործարանի պարտատերերը շատ-շատ էին, ու ընթացքում ահռելի դարձավ, - ասում է սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանը,- բյուջեին պղնձաձուլարանը 2 մլրդ դրամ էր պարտք, մոտ երկու մլրդ՝ մենակ մի կազմակերպության պարտքն է, շատ պարտատերեր կան, մոտ 90 մլն դրամ աշխատողներին է պարտք գործարանը՝ 6 ամսվա փող»: 

ՀՀ բնապահպանական տեսչական մարմինը 2 մլրդ դրամի տուգանք է գրել ծխատարի համար: «Ես համոզված եմ, որ Ալավերդու բնակիչները բողոք չէին գրի էդ ծխի պատճառով, նրանք ապրում էին այդ գործարանով: Բոլորս էլ ուզում ենք, որ մաքուր օդ լինի: Մարդը որ սոված է, ստիպված ամեն քայլի էլ գնում է: Ես 53 տարեկան տղա եմ, «Նաիրիտի» օդն էլ եմ շնչել, Վանաձորի «Քիմպրոմի» օդն էլ եմ շնչել, ինձ ի՞նչ է եղել, նորմալ եմ ինձ զգում»,- ասում է Արսեն Չիտչյանը: 

Նա կարծում է, որ սնանկությունն Ալավերդու գործարանի համար «լատարեի» նման մի բան էր: «Նախ, պարտքերի տոկոսները կանգնում են: Երկրորդ․ մարդիկ 5-6 ամիս էր, փող չէին ստացել: Հիմա ես իրենց մայիս ամսվա աշխատավարձն եմ տվել, բայց մայիսը դեռ չի պրծել: Ուղղակի սրտացավ մարդ է պետք՝ դնի, այդ գործարանն աշխատեցնի: Հանքանյութը Թեղուտից հիմա հանում են ու մեշոկով տանում են, բայց եթե էսպիսի մի գործարան աշխատի, էդպիսի վիճակ էլ չի լինի: Պղինձը կառանձնացնեն, մոլիբդենը կառանձնացնեն, իսկ այդ հողը ցեմենտի գործարանները կօգտագործեին: Իսկ այսօրվա դրությամբ մենք ցեմենտն Իրանից ենք բերում: Ափսոս է»,- կարծում է Արսեն Չիտչյանը: Նա խոստանում է, որ գործարանի բոլոր աշխատողների աշխատավարձերը մինչեւ վերջին կոպեկը վճարելու է, հավաքելով գործարանի գումարները:  

Բայց փորձը ցույց է տալիս, որ այսպիսի գործարանների վերաբերյալ սնանկության վճիռներից հետո դրանք սովորաբար թալանվում են: «Էյ Սի Փի» ընկերության սնանկ ճանաչվելու կապակցությամբ «Վալեքս խումբը» հայտարարություն է արել, որում ներկայիս կառավարիչներին է մեղադրում իր երբեմնի դուստր ընկերության սնանկացման հարցում:

«2018թ․ հոկտեմբերից հետո ձեւավորված իրավիճակում, երբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության արտադրական գործունեությունը փաստացի կասեցված էր, եւ որեւէ դրամական մուտք ընկերությունը չուներ, «Վալեքս խումբը» համագործակցել է ՀՀ կառավարության հետ՝ փնտրել է ելքեր, մշակել եւ ՀՀ կառավարության համաձայնեցմանը ներկայացրել արտադրության վերականգնման հեռահար պլաններ, իրականացրել փորձնական արտադրական ծրագրեր՝ ամիսներ շարունակ խմբի այլ ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին ընկերության աշխատողներին վճարելով աշխատավարձեր։ Ակնհայտ է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկացման, հարյուրավոր մարդկանց գործազուրկ դառնալու պատճառները պետք է փնտրել ոչ թե «Վալեքս խմբի» ընկերությունների, այլ ներկա կառավարիչների գործողություններում»: 

Իսկ Ալավերդիում պատմում են, որ սնանկ ճանաչված «Էյ Սի Փի»-ն նոր արտադրամաս է բացելու՝ բեռնաթափման-բեռնավորման աշխատանքներով զբաղվող, որտեղ Թեղուտի հանքից խտանյութը գալու է, բեռնվի վագոններ ու գնա Վրաստան: Իհարկե, ոչ բոլորն են սրան հավատում, բայց մարդիկ միշտ էլ աշխատատեղ ունենալու հույս ունեն: