Ենթադրում ենք՝ նախագահը չի ստորագրի եւ կդիմի ՍԴ

Ենթադրում ենք՝ նախագահը չի ստորագրի եւ կդիմի ՍԴ

ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքը, ըստ էության, Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման մասին օրենք է․ այս կարծիքին է ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը․ «ԳԱԱ ինստիտուտները, ըստ էության, հանվում են ակադեմիայի կազմից, դա նույնն է, որ զինվորներին հանեն բանակից եւ թողնեն գեներալիտետը՝ առանձին, զինվորականությունը՝ առանձին։ Այդպիսի բան լինել չի կարող։ Ի դեպ, այս հարցը դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից է քննարկվում, հիշում եմ՝ նախագահության նիստերից մեկի ժամանակ Վիկտոր Համբարձումյանը շատ վրդովված ասաց, որ այս ձախողակ գիտնականները ցանկանում են ձախողել նաեւ գիտությունը։

Ըստ Վիկտոր Համբարձումյանի, եթե մեկը թողնում է գիտությունը եւ զբաղվում է քաղաքականությամբ, ապա նա գիտության մեջ այլեւս ասելիք չունի, դրա համար իրեն նվիրել է քաղաքականությանը, հետեւաբար, համարում էր ձախողակ գիտնական։ Այդ ժամանակ հաջողվեց ինչ-որ կերպ կանգնեցնել այդ պրոցեսը, հաջորդ իշխանություններն էլ փորձեցին ինստիտուտները բուհեր տեղափոխել, բայց վերջնականապես այս հարցը սուր ձեւով դրեցին այս վերջին իշխանությունները։ Երբ Արայիկ Հարությունյանը եկավ ակադեմիայի նախագահության հետ հանդիպման, սկսեց նրանից, որ պետք է գիտությունը զարգացնենք բուհերում, դրա համար բոլոր ինստիտուտները պետք է տեղափոխվեն բուհական համակարգեր։ Մենք բերեցինք Վրաստանի օրինակը, երբ նույնձեւ վարվեցին եւ կորցրին իրենց մաթեմատիկական դպրոցը, եւ հիմա վրացիները շատ փոշմանել են այդ հարցում ու ցանկանում են վերականգնել իրենց նախկին կարգավիճակը»։ 

Ակադեմիկոսն ընդգծում է՝ ակադեմիայի կարգավիճակն անորոշ է նոր օրենքում․ «Այսինքն՝ ակադեմիան սահմանում է միայն ակադեմիկոսներին եւ թղթակից անդամներին։ Ընդ որում նրանք, ովքեր կոորդինացնում էին ֆունդամենտալ գիտության զարգացումը, այժմ դա հատուկ ձեւով չի շեշտվում, այլ շեշտվում է միայն այն հանգամանքը, որ ակադեմիան կարող է խորհրդատվություն տալ կառավարությանը այս կամ այն հարցի շուրջ։ Այսինքն՝ ակադեմիան դառնում է խորհրդատվական մի մարմին, այլ ոչ թե այդ ամբողջ բնագավառները համակարգող օղակ։ Մինչդեռ ակադեմիան բարձրագույն գիտական կազմակերպություն է հանդիսացել՝ ըստ ակադեմիայի մասին օրենքի, ու եթե առաջ ակադեմիայի մասին օրենքում կար, որ ԳԱԱ-ի կողմից առաջարկված ցանկացած կարծիք պետք է անպայման քննարկվի, այս օրենքում դա էլ չկա։ Խորհրդատվությունդ կա՛մ կլսեն, կա՛մ չեն լսի»։ 

Օրենքում տասնյակի հասնող կետեր կան, որոնք չեն համապատասխանում Սահմանադրությանը․ ըստ Աղալովյանի, դա ե՛ւ ակադեմիայի իրավաբաններն են շեշտել, ե՛ւ ԵՊՀ-ի․ «Այդ առումով կարծում եմ՝ նախագահը չի ստորագրի օրենքը եւ կուղարկի Սահմանադրական դատարան»։ Թե ինչու է կարծում, որ նախագահը չի ստորագրի, ակադեմիկոսն ասաց․ «Ինքը, ըստ էության, համաձայնեց մեր ներկայացրած դիտողություններին, որոնք Սահմանադրությանը հակասում են, եւ ասաց, որ 2 ֆունկցիա ունի՝ ստորագրել կամ չստորագրել եւ ուղարկել Սահմանադրական դատարան, բայց հստակ չասաց, թե ինչպես կվարվի։ Քանի որ ինքն էլ գիտության մարդ է, մենք ենթադրում ենք, որ չի ստորագրի եւ կդիմի ՍԴ։ Հակառակ դեպքում դա խայտառակություն կլինի մեր ողջ ազգի համար, անգամ ամենադժվար պայմաններում՝ 43թ․-ին՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ստեղծել են ակադեմիա, որի աշխատողները մշտապես ստացել են ամենաբարձր աշխատավարձը, հիմա բոլոր ակադեմիաների մեջ նրանք ստանոմ են ամենացածր աշխատավարձերը»։ 

Գուցե պետությունը դժգո՞հ է գիտնականներից, ԿԳՄՍ նախարարը մի առիթով ասաց, որ գիտությունը տիտղոսներով չի զարգանում, եւ ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների գործունեության արդյունավետության հարցը պետք է քննարկվի։ Ի պատասխան, Լ․ Աղալովյանը նշեց, որ, եվրոպական ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանից 14 կազմակերպություն ընդգրկվել է առաջնակարգ գիտական կազմակերպությունների ցանկում, որից 13-ը ԳԱԱ-ի ինստիտուտներն են։ «Եթե մի կազմակերպություն հանում ես ակադեմիայից, պետք է հստակ ասես, թե ուր ես տանում այդ ինստիտուտները։ Օրենքի մեջ չկա, բայց մենք ենթադրում ենք, որ դրանք պետք է ենթարկվեն Գիտության պետական կոմիտեին։ Գիտպետկոմն ավելի լա՞վ է ղեկավարելու, քան ակադեմիկոսներն ու թղթակից անդամները, որոնք կազմում են բաժանմունք, նախագահություն։ Ակնհայտ է, որ ոչ։ Գիտությունը պետք է ղեկավարեն առաջատար գիտնականները, ուզեն թե չուզեն՝ այսօր նրանք են ակադեմիկոսները, թղթակից անդամները»։

Այս ընթացքում գիտնականները, ԳԱԱ-ն բազմիցս բարձրաձայնել են օրենքի հետ կապված իրենց նկատառումները, ո՞րն է պատճառը, որ դրանք ի գիտություն չընդունվեցին։ «Որովհետեւ գրանտակերներ են կազմել այդ օրենքի նախագիծը, եւ նրանք աշխատում են ամերիկյան համակարգը ներմուծել այստեղ, բայց ամերիկյան համակարգն ուրիշ է, եւ անգամ նրա ներսում կան գիտահետազոտական ինստիտուտներ։ Ամեն տեղից կիսատ-պռատ վերցրել ու կիրառել են, իսկ դրանք իրենց մեջ մեծ հակասություններ են պարունակում։ Ցանկացած օրենք, երբ ընդունում ես, իր մեջ հարցեր չպետք է պարունակի, ամեն ինչ պետք է հստակ լինի»,- ասում է նա ու հավելում, որ նախորդ՝ ԳԱԱ-ի մասին օրենքում տրված էր ամեն հարցի պատասխան, մինչդեռ այս օրենքում շատ հարցեր մնացել են անպատասխան կամ անորոշ։

«Ենթադրենք՝ օրենքն ընդունեցին, հետո պետք է մի անցումային շրջան լինի, որ տեսնեն, թե ինչ են անում այդ ինստիտուտների, ակադեմիայի բաժանմունքների հետ, այսինքն՝ հստակություն դեռ չկա այդ տեսանկյունից»,- ասում է ակադեմիկոսը եւ չի բացառում, որ հեռահար նպատակ կա նաեւ շենքերին տիրանալու, գուցե պատահական չէր նաեւ վարչապետի՝ բուհերի շենքերը վաճառելու եւ ակադեմիական քաղաք ստեղծելու հայտարարությունը․ «Դա նոր բան չէ, բայց մեծ ֆինանսներ է պահանջում, որի հնարավորությունները հիմա մեր պետությունը չունի։ Գաղափարի տեսանկյունից նորություն չէ, իսկ ֆինանսական տեսանկյունից առաջնային չէ։ Մեր վերջին գումարը պետք է դնենք, որպեսզի բարձրացնենք մեր երկրի պաշտպանունակությունը եւ առաջնահերթ պետք է մտածենք ինչպես անել, որ մեր բանակը լինի ժամանակակից տեխնիկայով հագեցած»։