Սա 1941 թիվը չէ

Սա 1941 թիվը չէ

2020-ի պատերազմից շատ չանցած՝ տարբեր պաշտոնյաներ եւ պատկան մարմիններ սկսեցին խոսել այն մասին, որ մոտալուտ պատերազմի մասին իրենք բազմաթիվ տեղեկություններ ունեին, անգամ ասացին, որ միայն պատերազմի մեկնարկի օրը չգիտեին:

Բայց տեղեկացված լինելը համարժեք գործողություններ է ենթադրում` նախապատերազմյան օրերին ոչինչ չէր գուժում մոտակա աղետի մասին, եւ իշխանությունները հանցավոր անգործություն էին դրսեւորում` պատերազմին չէին պատրաստվում, հանրությանը չէին իրազեկում, զբաղված էին անհեթեթ ու առօրեական անցուդարձով:

Իսկ պետության եւ պետական կառույցների գլխավոր դերն աղետները կանխելը, կանխարգելելը, դրանց նախապատրաստվելն է: Երբ պետության առաջին դեմքերն անվրդով դեմքով անիմաստ խորհրդակցություններ են անում, մարդ ընդունում-նշանակում-ազատում, համերգների ու մրցույթների մասնակցում, ամանորյա պատրաստություններ տեսնում, իսկ թշնամին դարանակալ սպասում է հարմար պահին, որ հարձակվի, կնշանակի՝ այդ իշխանությունները կա՛մ միտումնավոր են անում, կա՛մ բախտախնդիրներ են:

Դարձել են բուտաֆորիա, ոչ մի դեր չխաղացող ձեւի պարագա: Արդյոք ՀՀ իշխանությունները եւ բազում պետական կառույցներ` ԱԱԾ-ից մինչեւ արտաքին հետախուզություն ու ՊՆ, տեղեկացված չէի՞ն, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է պատրաստում, այս անգամ` մի բուռ դարձած ու անպաշտպան Արցախի դեմ:

Իսկ գուցե լավ էլ տեղեկացված էին եւ գործում էին սորոսականների այն թեզի շրջանակներում, որ տանք Արցախը եւ հանգիստ ու երջանիկ ապրե՞նք` թուրք-ադրբեջանական ախպերների հետ: Իսկ գուցե հենց իրենք էլ հուշե՞լ են այս ճանապարհը` որ դուք հերթական սադրանքն իրականացրեք, մենք ոչինչ չենք ձեռնարկի, եւ Արցախը կհայտնվի շրջափակման մեջ` 1941 թվի Լենինգրադի բլոկադայի նման, հաշտված իր ճակատագրի հետ: