Մենք սպառնալիքներից չենք վախենում․ Քոչարյանի պաշտպան

Մենք սպառնալիքներից չենք վախենում․ Քոչարյանի պաշտպան

Որ դատարանի դահլիճում կարող են սպառնալիքներ հնչել, հիասթափեցնող է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Փաստաբանը տեղեկացրել էր դատարանին, որ չի մասնակցի, քանի որ դատարանն ի վիճակի չէ ապահովելու կողմերի մրցակցությունն ու թույլ է տալիս, որ վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեն:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ տուժած կողմի ներկայացուցիչը հայտարարել էր. «Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք…»: Այս արտահայտությունն էլ պաշտպանական կողմը դիտարկել էր որպես սպառնալիք։

Ալումյանի խոսքով՝ իրենք կմտածեն իրենց հետագա գործողությունների մասին․ «Դատարանն իր դերում չէ։ Մենք հույս ունենք, որ դատարանը կանի ամեն ինչ, որպեսզի նման բան չկրկնվի։ Հակառակ դեպքում կմտածենք ինչպես վարվել, որպեսզի գալով նիստի՝ մտածենք գործի, այլ ոչ թե այն մասին, թե ով ինչ կարող է ասել։ Մեզ ճնշում է սպառնալիքների փաստը։ Մենք սպառնալիքներից չենք վախենում։ Բայց այն փաստը, որ դատարանի դահլիճում կհնչեն սպառնալիքներ եւ դատարանը դրան անվրդով կվերաբերվի, մեզ ընկճում է»։

Նա հռետորական հարց հնչեցրեց, թե ինչպես կվարվեր դատարանը, եթե նույնը իրեն ուղղված լիներ: