Ոչ ոք իր տնից, իր հողից դուրս չի գա․ Ջիլիզայի վարչական ղեկավար

Ոչ ոք իր տնից, իր հողից դուրս չի գա․ Ջիլիզայի վարչական ղեկավար

Տևական ժամանակ է լուրեր են պտտվում, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է զիջումների գնացել եւ որոշ սահմանամերձ տարածքներ՝ առանց դիմադրության զիջել է մեր հյուսիսային հարեւանին։ Այդ մասին համառ լուրեր են շրջանառվում եւ բարձրաձայնող մարդկանց թիվն է ավելացել։ Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ հայ-վրացական սահմանի սահմանագծման ու սահմանազատման դեպքում ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի, օրինակ, Ճոճկան և Ջիլիզա բնակավայրերի հետ։ Մասնավորապես խոսքը գնում է Խուճապի վանքի, Լալվարի արոտավայրերի և Ջիլիզա գյուղի մասին։ 

«Հրապարակը» կապ հաստատեց Ճոճկան վարչական շրջանի ղեկավար Արա Սիրադեղյանի հետ, ով չսահմանազատված սահմանի մասին մեր հարցը լսելուց հետո հարցրեց, թե որտեղից գիտենք այդ մասին, իսկ հետո ասաց, որ ինքն այդպիսի բան չգիտի։ «Նման խնդիր գյուղում չկա, ինչի համար են այդ հարցերը՝ կարո՞ղ եմ հասկանալ։ Գիտեք, ես մեր գյուղում ապրում եմ, նման խոսակցություններ չեմ լսել, բայց Դուք տեղյակ եք դրանից։ Երբ որ սահմանազատում կարվի՝ այն ժամանակ կտեսնենք, որ արվում է՝ խոսակցություններ կան կամ չկան»,-ասաց Ճոճկանի վարչական ղեկավարը։

Հետաքրքրվեցինք, արդյո՞ք որպես Ճոճկանի ղեկավար գիտի, թե ո՞րն է իրենց գյուղի սահմանը, որտեղ է սկսվում Վրաստանի սահմանը, ասաց, որ միանշանակ գիտի, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց մոտ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ տարվել են, թե ոչ՝ հեռախոսն անջատեց եւ մեր հետագա զանգերին չպատասխանեց։

Ջիլիզայի վարչական շրջանի ղեկավար Մհեր Վարդանյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով տարածվող լուրերին, ասաց, որ պաշտոնական որևէ բան չկա, ինքն էլ այնքանով է տեղեկացված, որքան լրատվամիջոցներով են լուրեր տարածվում։ «Ճիշտն ասած այդպիսի խոսակցություններ չեն եղել, որ Վրաստանն այդպիսի հավակնություններ ունի, մենք տարիներ շարունակ ապրել ենք, մեր սահմանը գիտենք, թե սահմանագծման դեպքում ինչ փոփոխություններ կլինեն՝ չեմ կարող ասել»,-ասաց Ջիլիզայի ղեկավարը։

Իսկ եթե հանկարծ որոշվի, որ Ջիլիզան վրացական հող է, ասաց․ «Այդպիսի բան չի լինի, մի քիչ անտեղի հարց եք տալիս։ Ոչ մեկն իր տնից, իր հողից դուրս չի գա՝ այդպիսի բան չկա՝ Հայաստանի տարածք է, Հայաստանի տարածք էլ կլինի, չեմ պատկերացնում նման բան»։

Իսկ գյուղում այս խոսակցությունների մասին տեղեկացել են համացանցից ու բնականաբար դա մտահոգել է գյուղի բնակիչներին․ «Մտավախություն չէ, բայց մտահոգություն կա։ Սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքներ գյուղի տարածքում դեռևս չեն կատարվել»,- վստահեցրեց Ջիլիզայի վարչական ղեկավարը։