Ինչպես Խորհրդային Հայաստանի իշխանությունը չպահեց Նախիջեւանը, այդպես էլ այսօրվա իշխանությունը` Արցախը

Ինչպես Խորհրդային Հայաստանի իշխանությունը չպահեց Նախիջեւանը, այդպես էլ այսօրվա իշխանությունը` Արցախը

3 օր առաջ ադրբեջանցիները կրկին լայնածավալ գործողություններ սկսեցին Արցախի ուղղությամբ։ Հերթական անգամ հրետանային կրակ բացեցին 2020-ի պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ մնացած քաղաքների եւ գյուղերի ուղղությամբ՝ սպանելով խաղաղ բնակիչների, որոնց պաշտոնական Բաքուն համարում է տեռորիստներ։ Նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը նմանություն է տեսնում այսօր Արցախը եւ Նախիջեւանը գրավելու իրադարձությունների միջեւ։ Ասում է․  «Իշխանությունները չցանկացան պահել Հայաստանի պատմական անքակտելի մասը համարվող Նախիջեւանն ու Արցախը»։

- Եթե Նախիջեւանի դեպքում հայերը լուռ, գլխիկոր լքեցին հայկական բնակավայրերը, Արցախի պարագայում անգամ չեն կարողանում դուրս գալ։ Ի՞նչ նմանություն եք տեսնում պատմական երկու ժամանակաշրջանների միջեւ։

- Արցախը հիմա պատերազմական վիճակի մեջ է, Նախիջեւանն այդ վիճակում չէր։ Արցախյան շարժման սկիզբն էր, ռազմական գործողություններ Նախիջեւանում չկային: Այո, վտանգ կար, բայց հայությունը կարողացավ դուրս գալ։ 

- Ինչպե՞ս հասունացավ Նախիջեւանի հայության զանգվածային տեղահանությունը։

- Մնացել էին միայն խաղաղ բնակիչները, որոնք պատերազմելու եւ դիմադրելու կարողություն չունեին, չէին կարող։ Մի քանի այդպիսի փորձեր եղան, բայց մի քանի օր անց ստիպված եղան հեռանալ։

- Այն ժամանակվա հայաստանյան իշխանություններն ի՞նչ կարող էին անել Նախիջեւանի համար, արդյո՞ք այսօր բավարար ջանքեր գործադրվում են Արցախը հայկական վերահսկողության տակ պահելու համար։

- Խորհրդային իշխանությունը ոչինչ չարեց Նախիջեւանը փրկելու, նախիջեւանահայությանը տեղում պահելու համար։ Աչքաթող արեցին, ասացին՝ Ադրբեջանի կազմում է, եւ այդպիսով լուծեցին Նախիջեւանի հարցը։ Նախիջեւանի հայերը գալիս էին Հայաստան, նրանց գրանցում տալու համար կաշառք էին վերցնում։ Նախիջեւանահայության վստահությունը խորհրդային իշխանության նկատմամբ զրոյական էր, որովհետեւ ոչ մի խնդիր չէին լուծում։

- Կարո՞ղ ենք համարել, որ Արցախն արժանացավ Նախիջեւանի ճակատագրին, որովհետեւ իշխանությունները չցանկացան պահել այն։ Եվ հիմա ՀՀ անկախ Հայաստանի իշխանությունն էլ Խորհրդային Հայաստանի իշխանությունների հետքերով է գնում:

- Այո, հենց այդպես է, եթե ուզենային, այդպես չէր լինի։ Նախիջեւանը դատարկվեց, որովհետեւ այնտեղի հայության բողոքներին ոչ մեկն ականջալուր չէր լինում։ Բողոքներն ուղարկվում էին Մոսկվա, խորհրդային իշխանություններին, սակայն ոչ մի կառույցից չէին արձագանքում։ Այդ ամենից հետո Ադրբեջանի համար Նախիջեւանի խնդիր այլեւս գոյություն չուներ։

- Ինչո՞ւ է ընկնում Արցախը, Ձեր կարծիքով՝ այսօրվա իշխանությունները կրկնո՞ւմ են խորհրդային իշխանությունների վարքագիծը, մի հիշեցում անեմ՝ Արցախն Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու հայտարարությունից հետո։ 

- Այո, գրեթե այդպես է։ Կարելի է ասել, որ 1920-ականների իրադարձությունները տեղի են ունենում նաեւ այսօր։ Իմ կարծիքով՝ իշխանությունները չկարողացան ճիշտ կողմնորոշվել։ Հայաստանի առաջին նախագահը, երբ ասում էր, որ Արցախի լուծումը պետք է փուլային լինի, ոչ թե փաթեթային, մարդիկ ասում էին՝ ոչ, պետք է միանգամից խնդիրները լուծել։ Այդպես էր մտածում, օրինակ, երկրորդ նախագահը։ Անցել է 30 տարի եւ ավելի՝ չկարողացան փաթեթային լուծման հասնել։ Իրականությունն այն է, որ երբ մեծ զոհեր տալով 7 շրջաններն ազատագրեցին, գիտեին, որ պետք է վերադարձնեն Ադրբեջանին։ Խաբելով, բանակցությունների ժամանակ այսօր-վաղն ասելով՝ հասցրին նրան, որ Ադրբեջանը խնդիրը լուծեց ռազմական ճանապարհով։ Պատերազմ հրահրելով՝ ադրբեջանցիները, այսպես ասած, բարոյական իրավունք ունեն, որովհետեւ 30 տարի բանակցություններ վարեցին, խաբեցին Արցախի եւ Հայաստանի ժողովրդին՝ համոզելով, որ այդ տարածքները հայկական են եւ մնալու են Հայաստանին, մինչդեռ այդ ընթացքում ոչ մի քայլ չարեցին՝ Արցախը պահելու համար։ Ժամանակին որոշում էին ընդունել 7 շրջանները բնակեցնելու վերաբերյալ, բայց բնակեցրին միայն Լաչինի տարածքը եւ կասեցրին գործընթացը։ Հայաստանից մարդիկ կային, որոնք ուզում էին գնալ եւ այդ շրջաններում բնակվել։

- Պարոն Այվազյան, Դուք խոսում եք 7 շրջանների մասին, բայց Փաշինյանն ամբողջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։

- Հասկանալի է, այդպես է, դա գալիս է նրանից, որ չի կարող պահել։ Ենթադրենք՝ Ադրբեջանի տարածքը չէ, եւ Նիկոլ Փաշինյանը սխալվել է, կարո՞ղ ենք այսօր պահել այդ տարածքները։ Ցավոք՝ ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը անտարբեր վերաբերմունք են ունեցել այդ հարցերի վերաբերյալ, դրա համար անելանելի վիճակի առջեւ ենք կանգնել։ 

- Ադրբեջանցիներին ի՞նչն է պահում, որ Արցախը վերցնելուց հետո մտնեն Սյունիք, Գեղարքունիք, գան Երեւան եւ Սեւան։ 

- Արցախի հարցը վերջնական լուծելուց հետո զբաղվելու են «Զանգեզուրի միջանցքի» հարցով։