Ես Ամուլսարի հանքի համար պայքարել եմ 2011 թվականից, շարունակում եմ պայքարել, գիտեմ, թե ինչպես

Ես Ամուլսարի հանքի համար պայքարել եմ 2011 թվականից, շարունակում եմ պայքարել, գիտեմ, թե ինչպես

Հայաստանը փետրվարի 22-ին 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա ասաց, թե այդ փաստաթղթով կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը: «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, այսօր` ժամը 17:00-ին, մենք փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց պարտավորություններ կան»,- նշեց Քերոբյանը: Առաջներում բնապահպան-ակտիվիստները Ամուլսարի հանքի շահագործման դեմ կոնկրետ եւ շատ ակտիվ գործողությունների էին դիմում, ճանապարհ փակում, օրերով գիշերում այդ ճանապարհին՝ վրաններում, պայքարում, աղաղակում, խոսում այն մասին, որ Հայաստանում բնությունը փորձում են ոչնչացնել, եւ որ «Ամուլսարը սար է մնալու»:

2018-19 թվականներից հետո քաղհասարակություն ասվածը, այդ թվում` բնապահպան-ակտիվիստները, այլեւ բնության համար չեն պայքարում, ֆեյսբուքյան գրառումներից, մեկ-երկու հարցազրույց տալուց բացի ոչինչ չեն անում: Տպավորություն է, թե քաղհասարակությունն օրվա իշխանության մաս է դարձել կամ հոգնել է պայքարից, կամ՝ այլեւս դրսից փող չի ստանում` այդ պայքարը մղելու համար: Ամուլսարի հանքի հետ կապված մի քանի օր առաջ համաձայնագիր ստորագրվեց եւ հայտարարվեց, որ շահագործումն սկսում են, սակայն բնապահպանները որևէ գործողություն չեն անում, անգամ Ֆեյսբուքում ակտիվ չեն: «Հրապարակը» զրուցել է նախկինում ակտիվ բնապահպան-ակտիվիստ Լևոն Գալստյանի հետ:

- Ամուլսարի հանքն այս իշխանությունները պատրաստվում են շահագործել, ինչո՞ւ եք լռում, առաջ այս մասին շատ էիք խոսում, ակցիաներ իրականացնում:

- Եթե նկատել եք, մենք վաղուց ոչ մի լրատվամիջոցի հարցազրույց չենք տալիս:

- Էլի մի տվեք, բայց Դուք առաջ բավականին ակտիվ էիք, ի՞նչ փոխվեց:

- Ես ակտիվ բնապահպան չեմ, ես ակտիվ ՀՀ քաղաքացի եմ: Հարցազրույց տալը համարում եմ անիմաստ:

- Չե՞ք պատրաստվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ քայլեր անել:

- Նույն հարցը ես եմ տալիս Ձեզ, չե՞ք պատրաստվում ինչ-որ բան անել, ես էլ Ձեզ նման քաղաքացի եմ:

- Ես բնապահպան-ակտիվիստ չեմ: Ես Ամուլսարի համար երբեք չեմ պայքարել: Հիմա ի՞նչ է փոխվել, գուցե իշխանության մաս եք դարձել, դրա համա՞ր եք լռում:

- Ես Ամուլսարի հանքի համար պայքարել եմ 2011 թվականին, շարունակում եմ պայքարել, գիտեմ, թե ինչպես: Ոչ մեկը չի կարող ինձ ստիպել, թե ոնց պայքարեմ: Երբ 2015-2016 թվականներին ես պայքարում էի, դուք` ոչ մեկդ չգիտեիք, թե ինչ ենք անում ընդհանրապես:

- Իսկ ինչպե՞ս եք պայքարում, ի՞նչ եք անում, ոչ ոք չի տեսնում ձեր պայքարը, անգամ գրառումներ չեք անում, Ձեր ֆեյսբուքյան էջում ընդամենը մեկ գրառում գտա Ամուլսարի թեմայով:

-  Ես ոչ մի բան չեմ պատրաստվում ասել, անում եմ այն, ինչ ճիշտ եմ գտնում, և շարունակելու եմ անել, իսկ թե դա ինչ է, ես գիտեմ:

- Ասում են, որ դուք` բնապահպաններդ, դարձել եք այս իշխանության մի մասը:

- Ով ինչ ուզում է, թող ասի, ինձ չի հետաքրքրում:

- Իսկ բնությունը, Ամուլսարը ձեզ հետաքրքրո՞ւմ են:

- Ընկեր ջան, ես բան չունեմ ձեզ ասելու:

- Հավանաբար, ոչինչ չեք անում, դրա համար էլ ասելու բան չունեք:

- Ես հարցազրույց չեմ տալիս: Ես որպես Հայաստանի քաղաքացի եմ խոսում, ու ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է անում, ով ինչ կգրի, ով ինչ կենթադրի ու ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ես գիտեմ, թե ինչ եմ անում, ու պատասխանատու եմ իմ բոլոր արածների համար: Էդքան բան:

- Թեկուզ որպես ՀՀ քաղաքացի, սրտացավ չե՞ք Ամուլսարի հանքի շահագործման համար, ի վերջո այդքան պայքարել եք:

- Ամուլսարի հանքը չի շահագործվում ու չի շահագործվելու, եթե դու չգիտես, ասեմ` իմացիր, 176 անգամ էդ մասին ասել եմ ու շարունակում եմ ասել:

- Վահան Քերոբյանը 2 օր առաջ հայտարարեց, որ հանքը շահագործվելու է:

- Ո՞վ: Սերժ Սարգսյանն էլ էր ասում, դրանից առաջ էլ Վարդան Այվազյանն էր ասում, Արամ Հարությունյանն էլ էր ասում, ասում էր նաև Արծվիկ Մինասյանը, ասում էր նաև Պողոս Պետրոսյանը:

- Չեն ասում՝ հիմա պայմանագիր են կնքել, սա է տարբերությունը:

- Էն ժամանակ էլ էր պայմանագիր կնքված, 400 միլիոն դոլար էր ծախսվել:

- Դուք այն ժամանակ պայքարում էիք, գուցե դա՞ էր զսպում նախկին իշխանություններին:

- Մենք մեր պայքարի ձևերը գիտենք, շնորհակալություն բոլորին, ովքեր ուզում են մեզ օգնեն ու խորհուրդ տան, մենք պայքարելու ձևերը գիտենք, էդ տարածքում հանք չի շահագործվելու, էդքան մի բան:

- Իսկ ինչո՞ւ եք այդպես համոզված, ի՞նչ պետք է անեք:

- Ուզում է Պետրոսյան լինի, ուզում է Փաշինյան լինի, ինձ համար շատ պարզ է, ու ես իմ կարծիքը չեմ փոխում, ով ուզում է նստած լինի վերևի աթոռին: Ժամանակը ցույց կտա, թե ինչ կանենք, 2016 թվականին բոլորը հույսները կտրել էին, որ ինչ-որ բան անել հնարավոր կլինի, բայց մենք անում էինք ու գիտեինք ինչ էինք անում: