Ինչ կլիներ 2018-ից առաջ
Երկու օր մեր կայքն աննախադեպ հարձակման էր ենթարկվում` դադարել էր աշխատել: Մի պահ պատկերացնենք` ինչ կլիներ, եթե դա լիներ 2018 թվականից առաջ: Մեկ ժամ անց մենք զանգ կստանայինք ԱՄՆ դեսպանությունից եւ Եվրամիության գրասենյակից: Այս կառույցների` մամուլի հարցերով զբաղվող պաշտոնյաներն անպայման կայցելեին «Հրապարակի» խմբագրություն` թարգմանչի ուղեկցությամբ, ինձնից ծավալուն մեկնաբանություն կվերցնեին եւ գրառումներ անելով՝ կհեռանային: Երկու ժամ անց խմբագրություն կգային կամ հեռախոսով կկապվեին մամուլի հաշվին գրանտներ ստացող հասարակական կազմակերպությունները եւ անպայման հայտարարություն կտարածեին ու այս դեպքը կներառեին իրենց զեկույցներում: Կատարվածով կհետաքրքրվեր Դունյա Միյատովիչը կամ նմանատիպ մեկ այլ պաշտոնյա:
Երեք ժամից խմբագրություն կայցելեր «Ազատություն» ռադիոկայանը, որը ոչ միայն խմբագրին կխոսեցներ, այլեւ լրագրողներին, եւ մի ծավալուն ռեպորտաժ կպատրաստեր, թե ինչպես է խոսքի ազատությունը ոտնահարվում մեր երկրում, եւ իշխանությունները, եթե անգամ իրենք չեն կազմակերպել, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ խնդիրը լուծելու ու մեր կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար: Այս այցելությունների արանքում ինձ հետ կկապվեր Նիկոլ Փաշինյանը, ով զորակցություն կհայտներ մեզ` կա՛մ որպես խմբագիր, կա՛մ որպես ընդդիմադիր պատգամավոր, եւ հաջորդ համարի խմբագրականում կամ ԱԺ հերթական նիստում մի բոցաշունչ ելույթ կունենար` մեղադրելով մամուլն ատող, մամուլի դեմ պայքարում միջոցների մեջ խտրականություն չդնող իշխանություններին, որոնք արդեն հատել են բոլոր թույլատրելի սահմանները եւ անցել են զազրելի մեթոդների, որպեսզի ընդդիմության եւ ազատ մտածող մարդկանց բերանը փակեն ու իրենց իշխանության ժամկետը երկարաձգեն:
Կարծիքներ