Արթուր Ջավադյանի պաշտոնավարումն ավարտվում է հունիսի 12-ին

Արթուր Ջավադյանի պաշտոնավարումն ավարտվում է հունիսի 12-ին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատրաստվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնել։ Այս խոսակցությունները վերջին մեկ տարում պարբերաբար տարածվում են եւ այժմ նոր թափ են ստացել։ Կառավարության նիստերի տեսագրություններից էլ երեւում է, որ Գրիգորյանն իրեն իր ափսեում չի զգում եւ ուրախ կլիներ, որ իրեն հարազատ բանկային միջավայր վերադառնար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր՝ ԿԲ նախագահ նշանակվելու մասին լուրերը․ մեր հարցին Մհեր Գրիգորյանը պատասխանեց մեկ նախադասությամբ․ «Այդ հարցի վրա այս պահին ես կենտրոնացած չեմ»։

Ամեն դեպքում, նոր ԿԲ նախագահ կարող ենք ունենալ հունիսի 12-ից ոչ շուտ։ Հունիսի 12-ին է օրենքով ավարտվում ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը։ Այս մասին «Հրապարակի» հարցին ի պատասխան, նշում է ԿԲ մամուլի խոսնակ Հարութ Կբեյանը, հերքելով մամուլում տարածված լուրերն այն մասին, թե Ջավադյանը մեկ ամսից հրաժեշտ է տալու պաշտոնին։

«Օրենքով ԿԲ նախագահն ընտրվում է 6 տարով։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի վերջին աշխատանքային օրը հունիսի 12-ն է։ Օրենքը պահանջում է, որ պաշտոնավարման ժամկետը լրանալուց 100 օր առաջ սկսվի ԿԲ նոր նախագահի առաջադրման եւ ընտրության գործընթացը։ Այդ հաշվարկով պրոցեսն այդ սկսվելու է մարտից։ Բայց անգամ երբ ԱԺ-ն արդեն ընտրած է լինում ԿԲ նոր նախագահին, նա պետք է սպասի, մինչեւ որ ավարտվի նախկին նախագահի պաշտոնավարումը։ Ապրիլին մենք դեռ ունենք տարեկան հաղորդում, որը ԿԲ-ն ներկայացնում է»,- ասաց խոսնակը։

Ջավադյանի պաշտոնավարումը երկարացնելու միակ տարբերակը, որի վրա ԿԲ-ում, թերեւս, հույս կարող են դնել, այն մեկնաբանությունն է, որ նոր՝ 2015 թվականի Սահմանադրությամբ Ջավադյանն առաջին անգամ է պաշտոնավարում։  Սահմանադրության մեջ նշված է․ «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական բանկի նախագահ»: Սակայն Սահմանադրության մեջ ոչինչ ասված չէ այն մասին, որ ԿԲ նախագահը չպետք է նախկինում զբաղեցրած լինի այդ պաշտոնը՝ մինչ Սահմանադրության ընդունումը։ ՀՀԿ-ի ժամանակներում այս ճանապարհով 3 անգամ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում պահեցին Աղվան Հովսեփյանին։ Սակայն նոր իշխանությունը հազիվ թե գնա Արթուր Ջավադյանին այս ճանապարհով ԿԲ նախագահի պաշտոնում պահելու սցենարով։ 

Նկատենք, որ թե՛ Մհեր Գրիգորյանի, թե՛ Արթուր Ջավադյանի դեպքում ԿԲ նախագահը չի լինելու տնտեսագետ կամ ֆինանսիստ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեեւ բանկային սեկտորում աշխատանքի հարուստ փորձ ունի, բայց մասնագիտությամբ իրավագետ է, իսկ Արթուր Ջավադյանը գյուղտեխնիկայի մասնագետ է։