Փաշինյանի հերթական վատությունը՝ Հայաստանին

Փաշինյանի հերթական վատությունը՝ Հայաստանին

Հայաստանյան քաղաքական ու հասարակական էլիտան բազմահազարանոց երթերով՝ համախմբված, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի անիշխանության մատնված ու անդունդը գլորվող երկրի ղեկը վերցնի նրա ձեռքից եւ հանձնի Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ կազմավորվելիք ժամանակավոր կամ անցումային կառավարությանը: Այս կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգության համակարգը վերականգնելը եւ մեր հասարակության ֆիզիկական ու հոգեւոր անվտանգությունն ապահովելը։ Իսկ երբ արդեն երկրի արտաքին վտանգները չեզոքացված լինեն, ժամանակավոր կառավարությունը լուծած լինի փլուզվող երկրի կարեւորագույն հարցերը, արդեն կկայանան ԱԺ ընտրություններ, եւ Հայաստանը կունենա նոր կառավարություն: Երկիրը վտանգող եւ կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրած ղեկավարը, ով գեթ մի փոքր սիրում է իր հայրենիքը, պարտավոր է այս վտանգավոր իրավիճակում հրաժարական տալ: Մինչդեռ Փաշինյանը շարունակում է խոսել ժողովրդի իշխանության անունից՝ մոռանալով, որ ժողովուրդն իրեն «դավաճան» է անվանում: Նա շարունակում է մեղքը բարդել նախկինների վրա՝ համոզմունք հայտնելով, թե իր հրաժարականը պահանջում են նախկինների կողմից հրահրվող «որոշ խմբակներ»: Փաշինյանը չի տեսնում անգամ, որ իր եւ իր ընտանիքի դեմ անձնական հաշվեհարդարի սպառնալիքներ են արձակում անհայտ կորածների հարազատները:

Այս իրավիճակում նույնիսկ նա դեռ մտածում է, թե ոնց երկարաձգի իր պաշտոնավարումը՝ շարունակելով թույլ տալ երկրի գահավիժումը: Ըստ իշխանական աղբյուրների, Փաշինյանը մտածում է հրաժարական տալ դեկտեմբերի վերջին, երբ արդեն ավարտված կլինեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Դրանից հետո այնպես կարվի, որ տեղի ունենան ԱԺ նոր ընտրություններ: Իսկ սա նշանակում է՝ արտաքին ցնցումների, չավարտված պատերազմի մեջ գտնվող երկիրը հիմա էլ ենթարկել ներքին ցնցումների: Փաշինյանին պետք էր, որ իր դեմ դուրս եկած ամենօրյա բազմահազարանոց երթերը, ակցիաները մասնատի: 

Երթերին մասնակցում են հասարակության եւ քաղաքական ամենատարբեր ուղղվածություններ ու դիրքորոշումներ ունեցող մարդիկ: Բոլորին համախմբել են Փաշինյանի` պաշտոնից հեռացման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Այս հարցում կա հասարակական մեծ կոնսոլիդացիա: Ու Փաշինյանը գտել է նրանց մասնատելու, տարանջատելու ելքը. արտահերթ ընտրություններ, որը կհայտարարի ինքը, եւ որոնք կիրականացվեն իր կողմից: Բնական է, որ փողոց դուրս եկած բազմահազարանոց հասարակությունը չի կարող նույն համախմբվածությամբ եւ մեկ քաղաքական թիմով դուրս գալ ընտրապայքարի. նրանք կբաժանվեն, եւ յուրաքանչյուրն իր քաղաքական թիմի հետ դուրս կգա ընտրապայքարի: Եվ սա բնական է:

Անգամ խաղաղ պայմաններում ցանկացած ընտրություն բերում է ցնցումների. քարոզարշավ, քաղաքական խմբերի մրցակցություն, լարվածություն… Եվ այս իրավիճակում հասարակության ուշադրությունը կշեղվի արտաքին խնդիրներից ու վտանգներից: Իսկ մինչ այդ, Ալիեւն իր GPS-ն առած՝ անարգել կփոքրացնի Հայաստանի սահմանները, կադրբեջանացնի հայաստանյան սահմանամերձ մարզերի նոր գյուղեր, ճանապարհներ, տարածքներ… ու կմոտենա «իր հայրենիք Էրիվանին»: Այս արտահերթ ընտրությունը կլինի Փաշինյանի հերթական նվերն Ալիեւին. նվեր` Հայաստանի տեսքով: Ուստի, ընդդիմադիրները չպետք է թույլ տան, որ Փաշինյանն ինքը որոշի, թե ինչպես է հեռանում՝ իր հերթական ապազգային քայլով վտանգելով Հայաստանը: Նրան պետք է հեռացնել անհապաղ: Քանի որ Փաշինյանը բազմիցս խախտել ու ոտնահարել է ՀՀ սահմանադրությունը, այդ թվում նաեւ` նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմամբ, ուստի նրան հեռացնելու սահմանադրական եւ ոչ սահմանադրական ուղիներն արդարացված կլինեն…