Հրաշքների աշխարհում

Հրաշքների աշխարհում

- Ճի՞շտ է, որ Նիկոլ Փաշինյանն արտաամուսնական տարբեր կապերից երկու երեխա ունի՝ տղա եւ աղջիկ:

- Չեմ լսել, բայց հազիվ թե ճիշտ լինի:

- Ինչո՞ւ, դա այդքան անհավանական բա՞ն է:

- Եթե այդպիսի բան լիներ, այդ երեխաները կամ նրանց մայրիկներն ինչ-որ կերպ իրենց մասին հիշեցնել կտային, Նիկոլից ալիմենտ կպահանջեին, տուն, աշխատանք… Չէ, չեմ հավատում, մեր հասարակության աչքից այդպիսի բանը չէր վրիպի:

- Բա Աննան ինչո՞ւ Նիկոլին թողեց, գնաց Մոսկվա:

- Եսիմ… Հիմա ո՞վ առանց իր ամուսնու կամ առանց կնոջ Մոսկվա չի գնում: Նիկոլն էլ էր գնացել Մոսկվա՝ առանց Աննայի, ի՞նչ կա դրա մեջ:

- Նիկոլը գործով էր գնացել:

- Աննան չի՞ կարող գործով գնալ, ասենք՝ շրջագայության, շոփինգի, դրամահավաքի:

- Բա Ռուսաստանի քաղաքացիություն եւ անձնագիր ստանա՞լը:

- Արդեն ստացե՞լ է:

- Չգիտեմ:

- Դե որ չգիտես, մի շտապիր եզրակացություններ անել՝ ուրիշ կնիկ, ուրիշ երեխա…

- Ֆեյսբուքն է գրում:

- Ֆեյսբուքը գլուխը պատն է տալիս: Էդ Ֆեյսբուքն էր, էլի, որ մեր տունը քանդեց: Չհոգնեցի՞ք Ֆեյսբուքով իշխանության եկած Նիկոլից ու նրա ֆեյսբուքյան կառավարման ձեւերից: Այսօր էլ նման հիմարություններով են գլուխներդ լցնում՝ փակելով իրական տեղեկատվության ճանապարհը:

- Բա ո՞վ կիմանա:

- Ի՞նչը:

- Դե էն, էլի՝ Նիկոլի երեխաները խորթ քույր ու եղբայր ունե՞ն, թե՞ չունեն:

- Դարդդ կտրվե՞լ է…

Սա մի հատված էր մեր հարեւան Շմավոնի հետ երեկվա զրույցից: Էդ մարդուն թվում է, որ եթե ես լրագրող եմ եւ հեռուստատեսությամբ հաղորդում եմ վարում, ապա ամեն ինչ պարտավոր եմ իմանալ: Հազար անգամ եմ ասել՝ Շմավոն ջան, մենք էլ ենք հաճախ դառնում կեղծ տեղեկատվության զոհ, հայտնվում ծիծաղելի իրավիճակում, մեզ նույնիսկ դատի են տալիս: Չի ուզում հասկանալ: Դեռ հարեւանների շրջանում էլ տարածել է, որ ես շատ բան իրենից եմ իմանում ու գրում թերթերում: Վայ կրակվես դու, Շմավոն…

Շատերին, հավանաբար, թվաց, թե սա իմ հերթական հումորն էր հարեւան Շմավոնի հետ կապված, բայց՝ ոչ: Այսօր կուզենայի խոսել մի բավականին լուրջ խնդրի մասին, որ պայմանականորեն կարող ենք ձեւակերպել այսպես․ «Հայ ժողովուրդը՝ հրաշքների աշխարհում»: «Հրաշքների աշխարհն» էլ մեր պարագայում, երեւի հասկացաք, ստի ու կեղծիքի թագավորությունն է, որ մեզանում հաստատվեց 2018թ. ապրիլին ու շարունակվում է մինչ օրս: 2018-ի ապրիլի 23-ից այսկողմ մենք ոչ մի ճիշտ խոսք չենք լսել, մեր հավաստի տեղեկատվության աղբյուրները, ասես, անջատել են «ռուբիլնիկից» ու մեզ մատնել տոտալ անիրազեկության: Թող ինձ ներեն իմ սիրելի թերթերի խմբագիրները, հեռուստաալիքների ղեկավարները եւ հատկապես Պետրոս Ղազարյանը, բայց նույնիսկ նրանց հասանելի չի եղել իրականությանը համապատասխանող ինֆորմացիան: 2018թ. մայիսին Աղվան Վարդանյանն ինչ-որ վտանգներ զգում էր եւ այդ զգացողության արդյունքում չքվեարկեց խեղկատակին վարչապետի աթոռ վստահելու օգտին: Եվ ասացեք, խնդրեմ, այդ ինչպե՞ս պատահեց, որ այդ ժամանակ ճիշտ էր մեկ մարդ, եւ այդ մեկ մարդն Աղվան Վարդանյանն էր: Սա չի՞ խոսում այն մասին, որ մի ողջ ազգի հիպնոսացրել էին ու նետել «հրաշքների» աշխարհ:

Եվ խեղկատակը եկավ: Ինչ խոստացել էր՝ հակառակն արեց: Ասում էր՝ հողերը չեմ տալու՝ տվեց, ասում էր՝ կոռուպցիան արմատախիլ եմ անելու՝ կոռումպացվեց, ասում էր՝ թալանը կոպեկ առ կոպեկ հետ եմ բերելու՝ ավելի շատ թալանեց, ասում էր՝ Սինգապուրի տնտեսական հրաշք՝ ստացանք 1991-1996 թվականների հայկական «հրաշք տնտեսություն»… Թվարկե՞մ, թե ինչ ստացանք մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում, ինչ ունենք այսօր որպես իրավապահ համակարգ, դատարաններ, արտաքին գործընկերներ, արժե՞ խոսել կադրային քաղաքականության, երիտասարդ սերնդի՝ իր ապագան սեփական ձեռքերով կառուցելու հնարավորությունների մասին: Փոխարենը կարող եմ բազմաթիվ հոդվածներ հիշատակել, որոնց հեղինակները, աշխարհահռչակ փիլիսոփաներին ցիտելով, ապացուցում էին, թե ինչ հանճարեղ մարդ է խեղկատակը, որն ասում էր՝ աղքատությունը պետք է վերացնել գլխում, պետք է այնպես լուծեմ Արցախի հարցը, որ ընդունելի լինի հայաստանցիների, արցախցիների եւ ադրբեջանցիների համար, Արցախը Հայաստան է եւ վերջ, վարչապետն ինքը չէ, այլ ՀՀ հպարտ քաղաքացին, որը, երբ չգիտի ինչ անել, պետք է ոչխար պահի եւ այլն:

Հրապարակում այս օրերին իմ կողմից հարգված մարդիկ շատ կան: Նրանք պայքարում են, գրում են, քննադատում, վերլուծում, ելք հուշում: Բայց նրանք սխալվում են գրեթե միշտ, սխալվում են ակամա, «ստում» ակամա, իրենց թվում է՝ ճշմարտությունն են ասում, բայց, ավաղ, դա այդպես չէ: Նրանք եւ մենք՝ բոլորս, հայտնվել ենք մի աշխարհում, որն իրական չէ, ստի եւ կեղծիքի թագավորություն է, որտեղ գոյություն չունի ճշմարիտ ոչինչ, եւ, հետեւաբար, չի կարող լինել նաեւ իրականության հետ աղերսակից կարծիք ու դատողություն: Քանի՞ մարդ կա Հայաստանում, որ քաջատեղյակ է, օրինակ, Մոսկվայում կայացած վերջին եռակողմ հանդիպման մանրամասներին… Մատների վրա հաշված՝ մի 5-6 հոգի: Փոխարենը քանի՞սն են գրում այդ մասին, վերլուծում, գնահատականներ տալիս, «ճշմարտություններ» փոխանցում ազգիս: Եվ սա՝ դեռ պաշտոնական հաղորդագրությունների, լուսանկարների, հեռարձակված ասուլիսների առկայության պայմաններում: Էլ չեմ ասում, թե ինչեր ենք գրում ու վերլուծում փակ դռների հետեւում տեղի ունեցող հանդիպումների ու քննարկումների մասին:

Լավ չեմ հիշում, թե առաջին անգամ ով ասաց՝ Նիկոլին քիչ է մնացել: Մարդիկ սիրում են հավատալ հաճելի լուրերին: Բայց հենց այն մարդը, որ նման բան էր հայտարարել, արդեն իսկ սխալվում էր, որովհետեւ ինքն էլ չգիտեր, թե երբ է գնալու Նիկոլը: Ասել է, թե հիմքեր չուներ նման բան հայտարարելու, բայց հայտարարում էր, որովհետեւ, գուցե, ուզում էր, որ Նիկոլը շուտ գնա: Այս պարզ սխեմայով էլ սուտը տարածվում եւ բազմանում է, կլանում ողջ հասարակությանը: Ստի ու կեղծիքի թագավորությունը սուտ ու կեղծիք է մատակարարում իր հպատակներին, նրանք տարածում են այդ սուտն ու կեղծիքը միմյանց եւ ապա կրկին լսում այդ սուտն ու կեղծիքը, բայց արդեն այլ փաթեթավորմամբ: Փակ սֆերայի մեջ անվերջ շրջան է ստացվում, որից ազատում չկա, եթե այդ սֆերան չպայթի փուչիկի պես:

Շատ հայտնի մի ռազմական գործիչ օրերս հայտարարել էր, թե ինձ հնարավորություն տվեք, եւ ես 2 ամսից Երեւանում զինվորական շքերթ կկազմակերպեմ: Այստեղ նա շատ նման է հանճարեղ Արքիմեդին, որ հենման կետ էր խնդրում՝ երկրագունդը շուռ տալու համար: Ո՞վ պետք է նրան տա այդ հնարավորությունը, ինչո՞ւ պետք է տա, եւ, վերջապես, շքերթ կազմակերպենք, որ ի՞նչ անենք, նոր սո՞ւտ հորինենք, ցույց տանք, որ ստի ու կեղծիքի թագավորը կեղծ ու սուտ զինված ուժե՞ր ունի… Չէ, պետք է պայթեցնել այս փուչիկը: Աշխարհն ու մարդկությունն առաջ են շարժվում, իսկ մենք արդեն 3 տարի է՝ ինքնապտույտի մեջ ենք փուչիկի ներսում եւ զբաղված ենք ինքնախաբեությամբ: Արդեն հասել ենք մի տեղ, որ հոգեբանորեն նույնիսկ պատրաստ չենք իրականությունն ու ճշմարտությունն ընկալելու: Մեզ դրա համար էլ ժամանակ է պետք: