Դասապրոցեսը սկսվել է, բայց հանուն նախկին տնօրենի պայքարը չի դադարեցվել

Դասապրոցեսը սկսվել է, բայց հանուն նախկին տնօրենի պայքարը չի դադարեցվել

Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասապրոցեսը վերկանգնվել է։ Հիշեցնենք, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի մասն ու աշակերտները բողոքի ակցիաներ էին անցկացնում նախարար Արայիկ Հարությունյանի՝ քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանին պաշտոնից ազատելու որոշման դեմ։ Քոլեջի տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Ալեքսանյանին հարցրինք, թե ինչու են որոշել դադարեցնել դասադուլերն ու գործադուլերը, գուցե ե՞տ են կանգնել նախկին տնօրենի համար պայքարելու մտքից։ 

«Դպրոցի հեղինակության և վարկանիշի խնդիր կար, դրա համար դասապրոցեսը վերսկսվել է, բայց դա չի նշանակում, որ պայքարը դադարեցվել է, մենք սպասելիքներ ունենք, պարզապես հարցն այլ հարթությունում է՝ վարչաիրավական հարթությունում լուծում կստանա»,- ասաց Ալեքսանյանը։

Այսինքն՝ հրաժարվո՞ւմ են այն պնդումներից, որ հարցը քոլեջի ներքին հարցն է, և նախարարությունը պետք է թողնի, որ քոլեջի ներքին հարցն իրենք լուծեն։

«Մենք մեր մտադրությունից ետ չենք կանգնել, պարզապես դասապրոցեսը չխաթարելու խնդիրն է, ուսանողներին չվնասելու խնդիրն է և գործընթացին չվնասելու խնդիրն է»։

Տնօրենի ԺՊ-ի խոսքով՝ նախարարության աուդիտն ու կրթության տեսչական մարմինը հայտնաբերել են ոչ թե չարաշահումներ, այլ թերություններ, որոնք վերացվել են․ «Չարաշահումներ չեն, թերություններ եղել են, թերությունների զգալի մասը շտկվել է, հետո՝ խախտումները, որոնք հայտնաբերվել են տեսչության կողմից, դրանց մի մասը հերքվել է, պատահական չէ, որ տեսչական մարմնի ղեկավարը դրա համար նկատողություն է ստացել»։

Իսկ հարուցված քրեական գործի վերաբերյալ էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց․ «Քրեական գործը կապ չունի, ֆինանսական խախտում, ամեն դեպքում, չի արձանագրվել, դա հստակ է։ Ֆինանսական խնդիրներ իրականում չկան, և դա հավաստել է նաև վարչության պետը՝ Արտակ Աղբալյանը»։

Նշենք, որ ԿԳ նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ  տնօրենի ազատման հիմքերը կրթության տեսչական մարմնի ստուգումների և աուդիտի տվյալներն են․ «Տվյալ հաստատությունում եղել է աուդիտ 2018 թվականի հուլիս ամսին, որի արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որի համար օգոստոսի 10-ին իր նկատմամբ խիստ նկատողություն է կիրառվել։ Այնուհետև դեկտեմբերի 24-28-ը կրթության տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել, որի ընթացքում հայտնաբերվել են այլ խախտումներ, և դրանց հիման վրա նույնպես խիստ նկատողություն է կիրառվել։ «ՊՕԱԿ-ների մասին» օրենքի հիման վրա 1 տարվա ընթացքում կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկված անձի լիազորությունները դադարեցվում են, այդ հիմքով դադարեցվել է»։
Հարցրել էինք, թե ինչ խախտումների մասին է խոսքը։

«Տեսչության հայտնաբերած խախտումները հիմնականում վերաբերել են մասնագետներին, այսինքն, որպես ուսուցիչ՝ աշխատանքի են ընդունվել անձինք, որոնք որ իրենց որակավորումներով չեն համապատասխանել, օրինակ՝ եթե անգլերենի կամ ռուսերենի մասնագետ պետք է լիներ, ապա այլ տեղ էր ավարտել, և իր կրթությունն իր աշխատանքին չի համապատասխանել։ Տեսչական մարմնի ստուգման արդյունքում առնվազն երկու դեպք այդպիսին է եղել, իսկ աուդիտի եզրակացությունը բավականին ծավալուն է, այնտեղ մի շարք տարբեր խախտումներ էին, այդ թվում նաև ֆինանսական խախտումներ են եղել։ Նշեմ նաև, որ աուդիտի հայտնաբերած խախտումները և տեսչական մարմնի դեկտեմբերին հայտնաբերած խախտումներն ամբողջովին տարբերվում են միմյանցից, այսինքն՝ կրկնություններ չկան, նույն արարքները չեն։ Եթե չեմ սխալվում, աուդիտի հիման վրա կա հարուցված քրեական գործ»։
Նշենք նաև, որ կրթության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը մեզ փոխանցեց, որ մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նկատողություն չի ստացել, նկատողություն ստացել են մարմնի աշխատակիցները, և ոչ այն բանի համար, որ սխալ են թույլ տվել, և հայտնաբերել են մի բան, որը չկա, այլ այն բանի համար, որ կարող էին ավելի լավ աշխատել։