Մենք այս սարսափ-կինոնկարի հանդիսատեսն ենք

Մենք այս սարսափ-կինոնկարի հանդիսատեսն ենք

Դեմ հանդիպակաց քայլող կինը դեմքով ճանաչեց ու որոշեց կանգնեցնել ինձ։ Նա հուզված, արցունքախառն հարցեր է տալիս, որոնց պատասխանները ես չունեմ։ Հարցնում է եւ առանց պատասխանների սպասելու էլ բարձրաձայն մտորում է՝ տեսնելով, որ կարկամել եմ՝ չեմ կարողանում բառ արտաբերել։ Վերջում խնդրում է՝ մի լավ բան ասեք, մի քիչ հանգստացրեք ինձ, Դուք ավելին գիտեք, քան ես։ Ոչ լավ բան ասելու, ոչ հանգստացնելու փաստարկներ չունեմ՝ չեմ ուզում խաբել, չեմ էլ ուզում հուսահատությունը խորացնել։

Թեեւ լավատեսությունն ինձ չի լքել անգամ պատերազմի ամենածանր օրերին։ Հուսադրող բան, իսկապես, չկա։ Եւ ամենասարսափելին այն է, որ մեզնից՝ յուրաքանչյուրիցս գրեթե ոչինչ կախված չէ այսօր։ Մենք անզոր ու անկարող մի հանրույթ ենք դարձել, որը հանդիսատեսի նման հետեւում է այս սարսափ-կինոնկարի զարգացումներին եւ որեւէ կերպ չի կարողանում խաթարել դեպքերի ընթացքը։ Մի քանի միլիոն մարդ՝ Հայաստանում եւ սփյուռքում, ատամները կրճտացնելով, անզորությունից խելագարվելով՝ հետեւում են, թե ինչպես է կործանվում մի ամբողջ երկիր, ինչպես են ոչնչանում մեր արժանապատվության ու ինքնասիրության վերջին նշույլները, ինչպես ենք զոհի դատապարտվածությամբ հանձնվել վարար գետի հորձանքին, որը մեզ դեպի անդունդ է տանում։

Կարո՞ղ է արդյոք այս գահավիժումը կանգնեցնել-կանխել մեր իշխանությունը, որն ինքն է բերել հասցրել մեզ այս վիճակին, սակայն, ենթադրենք, այսօր իրավիճակը փոխելու ցանկություն ունի։ Վստահ չեմ։ Գոնե չի երեւում ինչ որ բան փոխելու կամքը, նաեւ՝ քայլերի ու ելքի հնարավորությունը։ Դա է պատճառը, որ փողոցում հանդիպած կնոջը չեմ ուզում հուսադրել եւ ամենակարեւորը՝ վստահեցնել, որ հարցի միակ լուծումը իշխանափոխությունն է։

Այո, անշուշտ, պետք է իշխանություն փոխվի։ Թեկուզ միայն այն պատճառով, որ քառամյա ապաշնորհ, մեծամիտ, ողորմելի կառավարման արդյունքում ենք մենք հասել այսօրվան։ Բայց արդյոք իշխանափոխությունը կարո՞ղ է փոխել իրադրությունը՝ չգիտեմ։ Այնքան մեծ ու այնքան անդառնալի են ավերածությունները, որ գերմարդկային ճիգեր են հարկավոր իրավիճակը փոխելու, անմարդկային խելք՝ լուծումներ գտնելու, եւ անսահման լայնախոհություն՝ հանրային բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու համար։ Կա՞ նման ուժ, կա՞ն նման մարդիկ մեր հասարակության մեջ։ Կգտնվի՞ աշխատասիրության, հայրենիքի հանդեպ սիրո, կատարվածի ողջ ողբերգականությունը գիտակցելու ռեսուրս։ Կկարողանա՞նք անդունդի եզրին կանգնեցնել մեր խորտակվող նավը։ Չգիտեմ։