ՉԺՀ դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության մասին․ «Չինական կողմը նման կարծիք չի արտահայտել»

ՉԺՀ դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության մասին․ «Չինական կողմը նման կարծիք չի արտահայտել»

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Երեկ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբբարովի հետ հանդիպմանը Գո Մինն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծին»։ 

Հայաստանում Չինաստանի դեսպանը հերքել է այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում։ Ֆան Յոնը Երևանում լրագրողներին ասել է, որ այս հարցն իրենք քննարկել են Ադրբեջանում Չինաստանի դեսպանի հետ ու պարզել, որ նման արտահայտություն չի արվել:

Նյուզ.am-ի այն հարցին, թե արդյոք նա կիսո՞ւմ է այս դիրքորոշումը ու համաձայն է այդ ձևակերպման հետ, Ֆան Յոնը ասել է. «Չինական կողմը նման կարծիք չի արտահայտել»:

«Ձեր բարձրացրած հարցի կապակցությամբ կարող եմ ասել, որ մենք դա արդեն քննարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ», - հավելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանը:

«Չինաստանը բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, ինչն ավելի լավ է պատերազմից: Մենք մեր հնարավորությունների սահմաններում կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այսպիսով, մենք կփորձենք տարածաշրջանում սահմանային անվտանգություն ապահովել», - ասել է չինացի դիվանագետը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև գրել էին, որ Ջաբբարովի հետ հանդիպմանը Գո Մինը նախարարին հրավիրել է Չինաստանի հերթական միջազգային ներմուծումների ցուցահանդեսին: Գրել են, որ հանդիպմանը քննարկվել են «տնտեսական գործընկերության ամրապնդման և առևտրաշրջանառության ավելացման հարցեր», «բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ արդյունաբերական ոլորտում մի շարք նախագծերի շուրջ»:

Ջաբբարովը չինական ընկերություններին հրավիրել է օգտվել «Ադրբեջանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրից, ներդրումներ կատարել արդյունաբերական պարկերում, այդ թվում՝ վերջերս ստեղծված Աղդամի արդյունաբերական պարկում»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում ՉԺՀ դեսպանն ասել է, որ «Չինաստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը» և կիսում է «նրա տեսակետները երկու երկրների տնտեսական կապերի զարգացման ուղղությունների վերաբերյալ»: