«Հրապարակ». Այդ դեպքում ինքը ո՞ր երկրի վարչապետն է` ընդունո՞ւմ է, որ ուզուրպատոր է

Թեեւ Նիկոլ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս, որ նախընտրական շրջանում հասնի «խաղաղություն» բառ պարունակող որեւէ փաստաթղթի ստորագրման, եւ օրեր առաջ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ ՔՊ-ականները պարծենում էին, թե վերջապես խաղաղություն են բերում Հայաստանին, սակայն դրան հաջորդեց Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, ու այնտեղից հնչող հայտարարությունները սառը ջուր լցրեցին ՔՊ-ականների ոգեւորության վրա՝ հաստատելով այն կասկածները, որ Ադրբեջանի պահանջներն անվերջանալի են` վերցնելու է այնքան, որքան կարողանալու է, եւ ձեռք բերված «համաձայնություններն» առոչինչ են: Հիմա արդեն սեղանին Հայաստանի մայր օրենքն է, «Սյունիքի միջանցքը», 350 հազար ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում եւ ածանցյալ այլ պահանջներ: Տեւական ժամանակ իշխանությունը համառորեն հերքում էր ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվից հնչող պահանջները՝ իբր դա մեր ներքին գործն է, եւ իրենք 2018-ից են սկսել քննարկել այդ հարցը։ Իրականում այն ժամանակ խոստանում էին «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից»` 2015-ին ընդունված Սահմանադրությունից հրաժարվել, բայց չարեցին, որովհետեւ սուպերվարչապետ լինելը շատ դուր եկավ Փաշինյանին, հակառակը՝ ավելի մեծացրին վարչապետի լիազորությունները։ Իսկ 2025-ի մարտի 13-ին Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրության նոր տեքստը կունենա նաեւ տարածաշրջանային նշանակություն, բայց թե ինչպես է այն ազդելու տարածաշրջանի վրա, չմանրամասնեց:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որն ի պաշտոնե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարն է, երեկ ԱԺ-ում լրագրողների խաչաձեւ հարցերի արդյունքում գաղտնազերծեց, թե ինչպիսին է լինելու «տարածաշրջանային նշանակության» սահմանադրությունը։ «Խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը»,- ասաց նա եւ ընդգծեց, որ նոր սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը: Հարցին, թե ինչով է գործող սահմանադրությունը վտանգում, նախարարը «կռուտիտի» դիմեց՝ ասելով, որ չի խոչընդոտում, անգամ օրինակ նշեց` Սահմանադրական դատարանի որոշումը Անկախության հռչակագրի վերաբերյալ, երբ քննում էին Սահմանազատման կանոնակարգը։ Հիշենք․ ՍԴ-ն արձանագրել է, որ Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի։
Որ Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը, նաեւ Բաքուն է պնդում եւ պահանջում Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակված է Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն դա իր նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երեւանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարեւանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ: Փետրվարի վերջին Նիկոլ Փաշինյանն «իրական Հայաստանի» մասին իր ուղերձով նաեւ ազդարարեց համաժողովրդական հանրաքվեի անհրաժեշտության մասին՝ նշելով, թե էական է համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրության ընդունումը, քանի որ «գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը թշնամական է համարում իշխանությունների օրակարգը։ «Մեծ հաշվով, դա թշնամական օրակարգ է, քանի որ բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղությանը, թշնամիներ են։ ՀՀ Սահմանադրությունը չի կարող խոչընդոտել բոլոր այն խաղաղություններին, որոնք հիմնված են Հայաստանի եւ հայ ժողովրդի արժանապատիվ միջազգային իրավունքի սուբյեկտի վրա»,- նշեց նա։
Ըստ նրա՝ «Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում եւ ապահովում է անհրաժեշտ պաշտպանությունը, որ որեւէ հակահայկական, հակապետական միջազգային փաստաթուղթ, պայմանագիր չվավերացվի, օրինական ուժ չստանա»:
Հետեւաբար, նախարարի հայտարարությունը նշանակում է. «Ապօրինի վարքագծով այս իշխանությունը, որն անընդհատ փորձում է մեր պետության վրա միջազգային պարտադրանքներ կապել, նույն ձեւով փորձում է հիմա բերել եւ սահմանադրական փոփոխություններով իրենց հակահայկական մոտեցումներն անցկացնել։ Եթե նրանք ուզում են սահմանադրական կարեւորագույն այս սկզբունքը` հայ ժողովրդի կենսական կարեւորության հիմք հանդիսացող՝ իր հայրենիքում ազատ, անկախ, ինքնիշխան գործելու սկզբունքները հանել եւ դրա հիման վրա ասել, որ չի խանգարում, այդ դեպքում այդ մարդիկ հակահայ են»։ Փաշինյանն ասում է, որ նախկին բոլոր սահմանադրական հանրաքվեները լեգիտիմության խնդիր ունեն, դրա համար է իբր Սահմանադրությունը փոխում։ Մինասյանն արձագանքեց․ «Այդ դեպքում ինքը ո՞ր երկրի վարչապետն է, ինքն ընդունո՞ւմ է, որ ուզուրպատոր է»։
Կարծիքներ