Նամակ ռուսաց թագավորին կամ՝ նոր Զորի Գայկովիչ

Նամակ ռուսաց թագավորին կամ՝ նոր Զորի Գայկովիչ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նյարդերը տեղի տվեցին: Ես հասկանում եմ նրան: Տեղներս նեղ է, շատ նեղ: Եվրոպական ուղղությունը մեռավ կորոնավիրուսի ճահճում, բոլթոնները մեզ չեն հիշում, մենք այլևս Թրամփի տանձին չենք, ոչ էլ նույնիսկ Չինաստանից հույս կա: Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն արդեն աճում են օրական 40-50-ով, պետությունն անզոր է 21-րդ դարի ժանտախտի դեմ պայքարում, միայն խորհուրդներ է տալիս և սպառնում տուգանքներով, իսկ պայքարի ողջ ծանրությունն ընկած է ժողովրդի ուսերին: Սոցիալական բունտը հեռու չէ, և այն մի փոքր հետաձգելուն կարող են նպաստել (ինչպես անում են շատ երկրներ) ղեկավարների և հայտնի դեմքերի վարակվածության մասին կեղծ հայտարարությունները: Որևէ մեկին վախեցնելու կամ խուճապի մատնելու խնդիր չկա այլևս: Գոյության պայքար է, իսկ այդ պայքարում, ինչպես հայտնի մուլտֆիլմի հերոսն է ասում՝ «каждый сам за себя»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորոնավիրուսի դրական կողմերի մասին, ասաց, որ սա լավ շանս է նոր աշխարհին ինտեգրվելու և նոր ձևով ապրելու համար: Նրան էլ եմ հասկանում: Մարդը չգիտեր թե ինչ է այս համավարակը, և նրա մտքով չէր էլ անցնում, որ այս արհեստածին կատակլիզմի արդյունքում կարող են անհետանալ ընդհուպ ամբողջական պետություններ: Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է… Համենայն դեպս քո շունը չէ, պարոն Փաշինյան, կարող ես այդ առումով հանգիստ լինել, բայց այ, թե ում շունն են փոքր ազգերն ու թույլ պետությունները, դեռ պետք է պարզել: Հենց որ սա հասկանանք, կգիտակցենք նաև, թե ինչով են ավարտվում օրվա կուրսով արտաքին քաղաքականություն վարելու փորձերը:

Իսկ ի՞նչ է առաջարկում Էդմոն Մարուքյանը: Նա հիշել է ԵԱՏՄ-ն և այդ կառույցի անդամ երկրներին առաջարկում է բացել սահմաններն ու միասին պայքարել կորոնավիրուսի դեմ: Սա մի քիչ ճպուռի ու մրջյունի պատմությունն է հիշեցնում, բայց, ինչպես ասում են, երբ տեղդ նեղ է, ձեռքդ նաև փրփուրներին պետք է գցես: Եթե պետք է, ապա ռուսաց թագավորին կարելի հիշեցնել, որ սա նաև նրա պապերի հայրենիքն է, իսկ երբ կորոնավիրուսն է մոլեգնում, ապա, ինչ կա որ, կարելի է հղում կատարել վրա հասած տնտեսական խորը ճգնաժամին և առաջարկել միասին հաղթահարել այն, ապացուցելով ԵԱՏՄ-ի կենսունակությունը: ԵԱՏՄ-ից կարող են հարցնել՝ իսկ ո՞ւր էիք մինչ օրս, բայց դա արդեն էական չէ: Էս նեղ մաջալին հո չե՞նք բացատրելու, թե ինչու վարկաբեկեցինք ու քանդեցինք ՀԱՊԿ-ը, ինչո՞ւ սորոսականներին խցկեցինք պետական առույցներ, ինչո՞ւ կալանավորեցինք ռուսաց թագավորի ընկերոջը, ինչո՞ւ ընկանք Բոլթոնի խելքին, ինչո՞ւ ժողովրդական շարժումը վերածեցինք գունավոր հեղափոխության… Ահագին անհարմար հարցեր կտան մեզ Էդմոն Մարուքյանի նամակը կարդալուց հետո: Կասեն նաև՝ բա դուք չամաչեցի՞ք, որ Ապրիլյան պատերազմի հանցագործ հայտարարեցիք ԵԱՏՄ անդամ Ռուսաստանին… Գոնե տակը մի բան լիներ, մի փաստ ունենայիք ձեռքներիդ:

Էդմոն Մարուքյանն ասում է հիմա այդ հարցերի ժամանակը չէ, կենաց ու մահու կռիվ է աշխարհում, պիտի իրար օգնենք, բա էլ ո՞ւր մնացին մեր դարավոր եղբայրությունն ու հետխորհրդային տարածքում համագործակցության փորձը: Անառակ որդին վերադարձել է՝ փաստորեն. սա է ազդարարում Էդմոն Մարուքյանը:

Դժվար ժամանակներ են: Չգիտեմ, կլսե՞ն Մարուքյանին Մոսկվայում, թե՞ ոչ, բայց, կորոնավիրուսի տարածումից ի վեր, ավելի լավ առաջարկ ԵԱՏՄ-ում դեռևս չի հնչել: Շփոթված են բոլորը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը: Փակել են սահմանները, առաջին պլանում է պետության ինքնաբավության հարցը՝ ինչքա՞ն կձգեն: Ամենածանր վիճակում, սակայն, Հայաստանն է, որ ցամաքային սահման ԵԱՏՄ-ի հետ չունի, իսկ Վրաստանով անցնող «կյանքի ճանապարհն» էլ կարող է փակվել ամեն պահի: Գուցե նաև դա է պատճառը, որ եվրակողմնորոշում ունեցող Մարուքյանը հանձնվեց: Նրա հուսահատ ճիչը հասկանալի է, հասկանալի է նաև ստեղծված իրավիճակի ողջ  խոհափիլիսոփայությունը: Մարուքյանը մեջբերել է Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքը. «Մենք պետք է սովորենք միասին ապրել՝ որպես եղբայրներ, կամ էլ կմեռնենք միասին՝ որպես հիմարներ»: Մնում է, որ սա ներգործություն ունենա ԵԱՏՄ ղեկավարների առաջիկա գագաթաժողովի մասնակիցների վրա, եթե,իհարկե, այդ գագաթաժողովը կայանա և չվերածվի շոուի, ինչպես Մեծ 20-յակի ինտերնետային համաժողովը: