Աթոռիդ հաստատունություն

Աթոռիդ հաստատունություն

Բաց նամակ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

Մեծարգո նախագահ

Հուսամ՝ լոխ լավ ա... Մենք էլ ոչինչ, դեռ կանք, ապրում ենք: Աթոռին հարմարվե՞լ եք: Պաշտոնին չէ, աթոռին՝ բարձրություն, լայնություն, փափկություն: Լա՞վ է պտտվում, թե՞ պտտվողներից չէ: Ես էի ուզում ասել՝ չորս ոտքով պինդ աթոռ վերցրու, Արցախում շինած: Պաշտոնը հեչ, պաշտոնին հարմարվելը հեշտ է, պաշտոնինը 100 օր է, օրերը կթռչեն, չեք էլ իմանա ինչպես հարմարվեցիք: Տանը, մոտիկների շրջանում ամեն ինչ լա՞վ է, գործընկերների հետ համագործակցությո՞ւնն ինչպես է ընթանում: Արդեն փորձել ե՞ք համագործակցել Սամվել Բաբայանի և Մայիս Մայիլյանի հետ: Ո՞ւ... Արդյունքներ կա՞ն...

Պարոն Հարությունյան, սիրով կգայի Արցախ, որ այն ինչ ասելու եմ ստորև, անձամբ Ձեզ ասեի: Բայց ձեռնպահ մնացի այդ գայթակղությունից, որովհետև Հայաստանը կորոնավիրուսի մեջ թաղված երկիր է, գնամ ի՞նչ անեմ, մտածեցի, վիրուս տանե՞մ հետս: Կարող էի նաև հեռավար փոխանցել ասելիքս, բայց դա էլ իմաստ չուներ, որովհետև Հայաստանում ամեն ինչ լրտեսվում է և վաղ թե ուշ հայտնի էր դառնալու: Այնպես որ մնում էր բաց նամակի ձևաչափը, որն էլ ընտրեցի:
Մի հարց էլ տամ ու անցնենք առաջ: Պարոն Հարությունյան, Դուք շատ կվիրավորվե՞ք, եթե Ձեզ դիմեմ՝ պարոն մարզպետ: Ձեր երդման արարողության ժամանակ Դուք մի քանի անգամ կրկնեցիք՝ Արցախը Հայաստան է և վերջ: Դրանից ես հասկացա, որ Դուք և Նիկոլ Փաշինյանը մի խելքի եք: Հուսամ՝ չեք հերքի: Արդ ուրեմն, երբ հարկ համարեք պատասխանել այս նամակին, չմոռանաք նաև պատասխանել՝ ժամանակավրեպ չէ՞ արդյոք, «Արցախի մարզպետ» դիմելաձևը:
Իսկ հիմա անցնեմ նամակիս բուն բովանդակությանը:

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ 

Արդեն մի քանի օրն է, ինչ Արցախում դադարեցվել է հայաստանյան մի քանի հեռուստաալիքների՝ «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա ԹԻ ՎԻ» հեռարձակումը: Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ: Ես այդ հեռուստաալիքներից որևէ մեկի աշխատակիցը չեմ: Բայց արդեն 40 տարվա լրագրող եմ, այսօր էլ գրում եմ «Հրապարակում և չեմ կարող անտարբեր մնալ մի հարցի նկատմամբ, ինչպիսին զանգվածային լրատվամիջոցի փակումն է կամ նրա աշխատանքներին խոչընդոտելը: «Արցախկապ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալեքսեյ Ալեքսանյանը մեր թերթին ասել էր, որ այդտեղ մի սարքավորում ունեք, փչացել է: Իր խոսքով՝ կայծակն ա թխալ: Նա, իհարկե, չի ասել, թե ինչու է այդ կայծակը հատկապես «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաալիքներին թխալ, բայց դա էական չէ, որովհետև այստեղ՝ Հայաստանում, լավ գիտեն այդ ալիքները արգելափակելու իսկական պատճառները:

Եթե Արցախից այդ «քաջագործությունը» մեկնաբանեին այլ կերպ, օրինակ, ասեին, որ նշված հեռուստաալիքների հեռարձակումը ցանկալի չէ ինքնիշխան Արցախի Հանրապետության համար, ես կհասկանայի և նույնիսկ կմտածեի այդ ուղղությամբ: Բայց երբ տեսնում եմ, որ Արցախում տեղի է ունենում այն, ինչ կուզեր Հայաստանում անել Նիկոլ Փաշինյանը, սկսում եմ անհանգստանալ: Ավելին ասեմ՝ սկսում եմ վախենալ, երբ Արցախում հայաստանյան հեռուստաալիքների հեռարձակման խափանումներից հրճվում են ՀՀ ԱԺ-ում նստած օտարերկրյա գործակալները, որոնցից մեկը, նկատի ունենալով հեռարձակումների դադարեցումը, հայտարարել է, թե «Իրական փոփոխությունները սկսվում են Արցախից»: Պարոն Հարությունյան, համամի՞տ եք, արդյոք, բանակից թռած, ընկերոջը դավաճանած և հարազատ մորը իրավապահներին «ծախած» ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, ընդունո՞ւմ եք, արդյոք, որ հեռուստաալիքների արգելումը «իրական փոփոխություն է», որից սկսել եք Ձեր պաշտոնավարումը: Որպես նախկին զինվորականներ, պարոն Հարությունյան, ես և Դուք շատ լավ ենք հասկանում հայտնի ասույթի իմաստը՝ չես կերակրի քո բանակը, կկերակրես թշնամուդ բանակը: Հիմա ճիշտ պահն է ասելու՝ չես ցուցադրի քո հեռուստաալիքները, կցուցադրես թշնամուդ հեռուստաալիքները: Եվ Աստված չանի, որ հայ-ադրբեջանական շփումներ սկսելու, հայերին և ադրբեջանցիներին կրկին «քիրվայացնելու» ծրագրի շարջանակներում տեղի ունեցած լինի այն, ինչ տեղի է ունեցել հայաստանյան ալիքների հետ:

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ

Տարբեր առիթներով ասել եմ, այսօր էլ հարկ եմ համարում կրկնել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունն ընդամենը լավ բեմադրված շոու է, որ ոչինչ չի տալու մեր ժողովրդին: Ցավոք, այդ կանխատեսումս իրականություն է դարձավ, և մեր օրակարգում արդեն այդ հեղափոխության հետևանքների վերացման հարցն է դրվում: Պարոն Հարությունյան, մի մտեք այն ճահիճը, որով մենք անցանք ու դեռ պիտի երկար քայլենք, մինչև դուրս գանք դրա միջից: Ես հասկանում են Ձեզ, Դուք շատ եք ուզում Հայաստանի հետ միասնական լինել, բայց մի փորձեք դա անել այնպես, ինչպես հայաստանյան ներկա վարչախումբն է Ձեզ թելադրում և սովորեցնում: Այլ խոսքով ասեմ՝ մեզ տեսեք՝ ձեզ խղճացեք:

Չմոռանամ հարցնել նաև՝ ինչպե՞ս են կորոնավիրուսային գործերը: Վարակին դիմադրո՞ւմ եք: Լավ է: Իսկ կասե՞ք, թե ինչն է պատճառը, որ օգնության համար միջազգային կառույցների չեք դիմում: Ինչի՞ եք սպասում, Փաշինյանի ազդանշանի՞ն: Այդպիսի ազդանշան չի լինելու: Փաշինյանը որոշել է 50 հազար վարակվածի սահմանը հատել, հետո կտեսնի՝ դիմե՞լ, թե՞ չդիմել: Այնպես որ դուք ձեր գլխի ճարը տեսեք: Ինչո՞ւ ուղիղ չեք դիմում Գերմանիայի, Սլովենիայի, Վրաստանի իշխանություններին, որոնք հաղթահարել են համավարակը: Դա մարդասիրական հարց է և կապ չունի ոչ քաղաքականության և ոչ էլ աշխարհաքաղաքականության հետ: Կարող եք, իհարկե, Նիկոլին էլ դիմել, բայց նախազգուշացնեմ, որ Նիկոլի մեթոդը տարբերվում է Վրացիների մեթոդից: Փաշինյանը նախ՝ կորոնավիրուսի տարածման մեջ կմեղադրի բոլոր արցախցիներին, իսկ հետո կստիպի իր բրիֆինգները հեռարձակել նաև հայաստանյան անցանկալի հեռուստաալիքներից ազատված հաճախություններում:

Ավարտելով նամակս՝ քաջառողջություն եմ մաղթում Ձեզ: Ձեր աթոռը հեղափոխական թավշյա ցնցումներից թող հեռու մնա:
Բարեկամաբար՝
Էդիկ Անդրեասյան