«Հրապարակ». Հակառակորդը փորձում է կտրել Հայաստանի «պարանոցը»

«Հրապարակ». Հակառակորդը փորձում է կտրել Հայաստանի «պարանոցը»

Եթե ադրբեջանական զինուժի հարձակման 1-ին օրը նկատելի էր, որ հակառակորդը փորձում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սանձազերծված ռազմական գործողություններով ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ Զանգեզուրի միջանցքը ստանալու եւ խաղաղության պայմանագիրը ստորագրել պարտադրելու համար, ապա երեկվա գործողությունների ուղղությունից եւ քարտեզից նկատելի էր, որ  կոնկրետ խնդիրն են փորձում լուծել՝ ուժի միջոցով ճեղքել ՀՀ սահմանը եւ ստանալ այդ միջանցքը։

Ռազմական ոլորտի ներկայացուցիչները մասնավոր զրույցում մեզ ասացին, թե պատահական չէ, որ գործողությունները հիմնականում ծավալվում են Ջերմուկի եւ Իշխանասարի հատվածում: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, նշենք, որ դա Հայաստանի քարտեզի ամենանեղ հատվածն է՝ աղջկա վզի հատվածը, որը թշնամին փորձում է կտրել՝ կտրելով ու տանելով Սյունիքը Հայաստանից։