Ես վստահ եմ, որ մենք չենք ունենա դաժան քննադատության պակաս

Ես վստահ եմ, որ մենք չենք ունենա դաժան քննադատության պակաս

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր, արդեն «Իմ քայլը» դաշինքով առաջադրված եւ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը ստացել է այնքան քվե, որքան որ ակնկալում էր՝ 7 հազար 200 ձայն։ Այդ ձայները նա ստացել է Գեղարքունիքի մարզի ընտրողներից, ձայների առյուծի բաժինը՝ իր ծննդավայր Վարդենիս քաղաքից։ Թովմասյանը կարծում է, որ ինքն այդ քվեներն ու վստահությունն ստացել է իր լրագրողական գործունեության արդյունքում, քանի որ մշտապես կանգնած է եղել ցանկացած քաղաքացու, առավել եւս իր մարզի բնակիչների կողքին։ 
«Սա հետաքրքիր թեստ էր ինձ համար՝ արդյոք Գեղարքունիքի մարզի բնակիչները մոռացե՞լ են ինձ, թե՞ ոչ։

Պարզվեց, որ ինձ շատ-շատերը չեն մոռացել։ Շատերն էլ անկեղծորեն ինձ զանգահարելով եւ հանդիպելով՝ ասում էին, թե իրենց հորաքրոջ որդին է դրել ԲՀԿ-ով, մյուսն ասաց՝ մորաքրոջ թոռն է դրել «Լուսավոր Հայաստանով», ներողություն եմ խնդրում, գամ կանգնեմ քո կողքին, բայց գոնե ընտրելուց թասիբի հարց է… Այսինքն՝ էս մոտեցումները դեռ, ցավոք սրտի, գործում են մարզերում, եւ հուսամ, որ գոնե մյուս ընտրություններում այդ խաթր անելը, բարեկամական «թասիբը» չի գործի, որովհետեւ մենք ընտրում ենք բարեկամների, ոչ թե բարեկամական ինչ-որ խմբավորում, որն անհասկանալի է, թե ընտրություններից հետո ինչով է զբաղվելու»,- մեզ հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։

- Այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ սպասեիք Ընտրական օրենսգիրքը փոխվեր, նոր գնայիք ընտրությունների, որ այդ խնդիրները չլինեին։

- Անկեղծ ասած՝ ես շատ կոշտ արտահայտվել եմ ռեյտինգային կոչված ընտրակարգի մասին, սա ոչ թե ընտրություն է, այլ թայֆաների, լակոտների, փողոցային խուժանի պայքար, անձերը՝ անձերի դեմ։

- Այդ դեպքում ինչո՞ւ ձեր թիմը գնաց Ձեր ասած այդ թայֆաների, խուժանների, լակոտների պայքարով ընտրության, ինչո՞ւ չսպասեցին, որ Ընտրական օրենսգիրքը փոխվեր։

- Դե, Դուք գիտեք, որ իրավիճակը ֆորսմաժորային էր, եւ էնպես ստացվեց, որ ոչ մեր թիմի պատճառով այդ օրենքը չընդունվեց։ Հիշում եք՝ Դաշնակցության մի պատգամավորի բացակայության պատճառով տեղի ունեցավ քվեարկության տապալում, բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ մեր թիմը շատ լավ գիտակցում է, որ դա շատ վատ ընտրակարգ է, եւ գիտեք, որ իրենք էին նախաձեռնել ԸՕ փոփոխությունները։ Պարզապես ֆորսմաժորային իրավիճակներում ավելի լավ էր հիմա գնալ ընտրությունների։

- Ֆորսմաժորային իրավիճակն ո՞ւմ համար, Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ Հայաստանի։

- Հայաստանի համար, որովհետեւ Դուք շատ լավ հասկանում եք, որ նոր ԸՕ-ն ֆիզիկապես չհասցրեցին ընդունել։

- Շատ լավ, բայց կարող էին ընտրությունները հետաձգել եւ ապրիլին կամ մայիսին նշանակել։ Եվ այս հարցում ձեր թիմին շատ են քննադատում, թե ինչու այսպես ափալ-թափալ ընտրություն անցկացրեցիք։

- Կարծում եմ՝ դրա մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս պատասխանել է, որ քաղաքական նպատակահարմարությունն ու քաղաքական պահի թելադրանքը հրամայական էին, որպեսզի ընտրությունները տեղի ունենային դեկտեմբերին, եւ դա տեղի ուենցավ։ Եթե հիշում եք, դա նաեւ հանրային պահանջ էր, մեկ կոչի ընթացքում այդքան քաղաքացիների համախմբվածությունը խորհրդարանի բակում, հիշում եք այդ օրը…

- Բայց քաղաքացիներն ԱԺ բակ եկան ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ Նիկոլ Փաշինյանի կոչով, եւ դա այն հայտնի օրենքի փոփոխության հետ էր կապված, ոչ թե արտահերթ ընտրությունների։ Քաղաքացիները չեն ասել, որ դեկտեմբերի 9-ին ուզում են ընտրություն լինի։

- Գիտե՞ք, քաղաքացիները ցանկանում են Նիկոլ Փաշինյանին տեսնել վարչապետ, տեսնել ամբողջական իշխանության պատասխանատու։ Եվ դա ապացուցվեց ոչ միայն քվեներով։ Եվ ես կարող եմ վստահ ասել, որ Հայաստանում չի եղել այդպիսի իրավիճակ, որ մարդիկ իրենց ղեկավարին այդքան սիրեն։

- Էլի թող սիրեին ու ընտրեին վարչապետ, բայց մի քանի ամիս հետո, ավելի հանդարտ պայմաններում։

- Դե, արդեն, գիտե՞ք, անցյալի մասին եկեք չխոսենք։ Դա արդեն անցյալ է, ընտրությունները կայացել են, կայացել են բավականին նորմալ պայմաններում, եւ պետք չէ հիմա անցյալը թերթել հետ եւ ասել՝ ինչու էդպես կատարվեց։

- Իսկ դրանից կշահի՞ մեր խորհրդարանը, որտեղ քաղաքական մեծամասնությունն ունենալու է 88 պատգամավոր, եւ որեւէ խանգարող հանգամանք չի լինելու, որ իր ուզած օրենքներն անարգել անցկացնի։ Սա նորմա՞լ է։

- Գիտե՞ք, քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում որոշում է բացառապես հանրությունը։ Ժողովուրդն իր քվեն տվեց «Իմ քայլը» դաշինքին, ու էստեղ չի կարող երկրորդ կարծիք լինել, եւ չենք կարող քննադատել, թե ինչու 70 տոկոս, այլ ոչ 50 կամ 90։ Ես, իհարկե, կուզեի, որ շատ ավելի շատ ուժեր մտնեին խորհրդարան, որպեսզի խայտաբղետ լիներ, բայց դա իմ որոշելիքը չէ, քաղաքացիներն իրենք որոշեցին՝ ում մերժեն, ում ընդունեն, ում ինչքան ձայն տան։

- Ըստ Ձեզ՝ դուք խորհրդարանում ընդդիմության կարիք կունենա՞ք եւ կունենա՞ք լուրջ ընդդիմություն, որը կզսպի ձեզ ինչ-որ հարցերում։

- Ես կարծում եմ, որ ընդդիմության կարիք ունի ցանկացած քաղաքական ուժ եւ ցանկացած քաղաքական գործիչ անգամ։ Ես վստահ եմ, որ մենք չենք ունենա դաժան քնադատության պակաս խորհրդարանական գործունեության ընթացքում։

- Ձեզ ամենադաժան քննադատողը ՀՀԿ-ն էր, բայց նրանք չանցան։ Ի՞նչ հույս կա, որ Էդմոն Մարուքյանը կամ Գագիկ Ծառուկյանը, որոնք անընդհատ շեշտում էին, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, վաղը ձեզ խիստ կքննադատեն։

- Դա ժամանակը ցույց կտա։ Թերեւս ճիշտ կլինի, որ իրենց հարցնեք, թե իրենք ինչ չափաբաժնով են պատրաստվում քննադատել «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներին։ Ես, ամեն դեպքում, իմ վստահությունն ունեմ, որ մենք կունենանք քննադատներ եւ սուր քննադատներ։