Հայկ Մարությանն էլ չգիտի՝ ինչու այդ 70 ավտոբուսը մինչև հիմա գիծ դուրս չեն եկել

Հայկ Մարությանն էլ չգիտի՝ ինչու այդ 70 ավտոբուսը մինչև հիմա գիծ դուրս չեն եկել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ 16 համարի ավտոբուսի վարորդների գործադուլին։ Նա ասաց, որ դա գործադուլ չէր, այլ ներքին ընտանեկան հարց էր։ «Դա մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարց էր։ Մեր քաղաքապետարանն իր ՓԲԸ-ներով մեկ ընտանիք է, և ընտանիքում լինում են տարաբնույթ խոսակցություններ, դա ներքին ընտանեկան խոսակցություն է, որը լուծվել և գնացել է։ Նկատենք, որ վարորդները դեմ էին տնօրենի փոփոխությանը, դրա համար էին գործադուլ անում։ Մարությանն էլ ասաց, որ տնօրենն արդեն հեռացման դիմումը գրել էր, և իրենք պետք է լուծում տան արդեն գլոբալ առումով։

«Խոսքը նրա մասին է, որ մեր «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որը չի շահագործվում, որը մենք պլանավորում ենք այդ ավտոբուսները մտցնենք շահագործման՝ ի նպաստ մեր բնակիչների։ Ցանցի մեջ մենք պետք է փոփոխություն իրականացնենք, որ մտցնենք մեր ավտոբուսները»,-ասաց Հայկ Մարությանը։

Իսկ ինչո՞ւ այդ 70 ավոբուսները մինչ այս պահը դուրս չէին գալիս երթուղի, չէին շահագործվում։ Մարությանն այս հարցի պատասխանը չուներ, ավելին՝ նրան էլ էր հետաքրքրում, թե ինչու։ «Հետաքրքիր հարց եք տալիս, ճիշտն ասած՝ չգիտեմ։ Ես եկել եմ, և այդ հարցն ինձ մոտ էլ է առաջացել՝ ինչու դուրս չեն գալիս երթուղի, և ես էդ հարցը լուծում եմ»,-ասաց Մարությանը՝ նշելով, որ դրանք 2013-14 թվականից կանգնած են ու չէին շահագործվում։ Խոսքը չինական Higer ընկերության ավտոբուսների մասին է, որոնց մի մասը շահագործվում է այս տարիներին Երևանում, իսկ այդ 70 ավտոբուսը կանգնած է։