Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող իսրայելցի գործիչը կարող է դառնալ վարչապետ 

Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող իսրայելցի գործիչը կարող է դառնալ վարչապետ 

Նախորդ տարիներին, այդ թվում՝ այս տարի, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևորած իսրայելական խորհրդարանի [Կնեսետ] պատգամավոր, «Յեշ Ատիդ» («Ապագա կա» / ''יֵשׁ עָתִיד“) կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կարող է կառավարություն ձևավորել Իսրայել Պետությունում։ 

Օր օրի ուրվագծվում է, որ Իսրայելի գործող վարչապետ Բեյամին Նեթանյահուին չի հաջողվի անհրաժեշտ թվով աջակցություն ստանալ կառավարություն ձևավորելու համար։ Եվ հնարավոր է, որ հաջորդ փորձը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլին վստահի «Յեշ Ատիդ»-ի նախագահին։

«Նախագահ Ռեուվեն Ռիվլինը «Յեշ Ատիդի» առաջնորդ Յաիր Լապիդին կտրամադրի կառավարություն կազմելու մանդատը վարչապետ Բենյամին Նեթանյահուի մանդատի ավարտի (մայիսի 4-ին) հաջորդ օրը», - գրել է իսրայելական «Ջերուսալեմ Փոսթ» պարբերականը՝ հղում անելով երկրի նախագահին մոտ կանգնած աղբյուրներին:

Ըստ թերթի՝ Ռիվլինը յուրաքանչյուր խմբակցության չի հրավիրի նախագահի նստավայր խորհրդակցությունների համար, բայց կհրավիրի այն խմբակցություններն, որոնք փոխել են իրենց առաջարկությունը, առաջին փուլից ի վեր այցելել են իրեն կամ զանգահարել: Առաջին փուլում Լապիդը ստացել է 45 առաջարկություն, իսկ Նեթանյահուն՝ 52, ուստի Ռիվլինը մանդատը տվել էր գործող վարչապետին։ Չնայած հնարավոր է, որ վերջին անգամ Նեթանյահուին սատարող կուսակցությունները խորհուրդ տան Բեննեթին [«Նոր Աջ» կուսակցության ղեկավար Նաֆթալի Բեննեթին]։ «Սակայն անգամ Բեննեթի ամենամոտիկներն ասացին, որ նա չի հավատում, որ ավելի շատ առաջարկություններ կստանա, քան Լապիդը»:

Տեխնիկապես Ռիվլինը իրավունք ունի երկու շաբաթով երկարաձգել Նեթանյահուի մանդատը, բայց «Ռիվլինի գործընկերներն ասացին, որ դա տեղի չի ունենա, քանի որ երկարաձգումը նախատեսված է միայն կոալիցիայի բանակցություններին ժամանակ տրամադրելու համար, իսկ այդպիսի բանակցություններ տեղի չեն ունենում»:

Ձգտելով հնարավորինս շուտ կոալիցիա կառուցել՝ Լապիդը հանդիպում է ունեցել այն կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք կմիանան: Հինգշաբթի գիշերը նա հանդիպել է Պաշտպանության նախարար  Բեննի Գանցի հետ: Լապիդն ասել է, որ ինքը հնարավորություն կտա Բեննեթին ռոտացիայի սկզբունքով առաջինը գնալ վարչապետի գրասենյակ: Նրանց միջև տարաձայնություններ են եղել Բեննեթի այն պահանջի պատճառով, որ Աջերը ստանան պորտֆելների անհամաչափ քանակ՝ կոալիցիայում Կենտրոն-ձախի թվային առավելությունը լրացնելու համար:

Բենեթի և Լապիդի ստեղծած կոալիցիան կներառի Կնեսետի 58 անդամ՝ «Կապույտ և սպիտակ» դաշինք (Բեննի Գանց), «Յիսրաել Բեյտենու» («Մեր տուն Իսրայել», Ավիգդոր Լիբերման), «Լեյբորիստներ» (Իսրայելի աշխատավորական կուսակցություն, Մերավ Միկայելի), «Մերեց» («Եռանդ», Նիցան Հորովից) և «Նոր հույս» («Տիկվա Հադաշա», Գիդեոն Սաար) կուսակցություններից: 
 
Լապիդի կողմից կառավարության ձևավորումը կարող է կարևոր լինել նաև հայ-իսրայելական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ապրիլի 24-ին Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում վերջինս հայկական կոտորածներն անվանել էր ցեղասպանություն։ Այդ օրը իսրայելցի քաղաքական գործիչն իր թվիթերյան էջում կիսվել էր ուղերձն ու դրան կից գրառում կատարել․ «Կարևոր բարոյական հայտարարություն ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից: Ես շարունակելու եմ պայքարել Հայոց ցեղասպանության՝ իսրայելական ճանաչման համար, դա մեր՝ որպես հրեական պետության, բարոյական պատասխանատվությունն է»:

Պետք է նաև հաշվի առնել, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններն ինչ-որ չափով լարված են Պաղիստինի խնդրի հետ կապված, չնայած հետախուզական մակարդակի բանակցություններին։ 

ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ բավականին լուրջ խնդիրներ ունեցող Եվրոպական Միության և ՆԱՏՕ անդամ Հունաստանի Հանրապետությունն օրերս ռեկորդային գործարք էր կնքել Իսրայելի հետ։ Ապրիլի 18-ին միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը գրել էր, որ Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են իրենց երբևէ ամենամեծ պաշտպանական գնումային գործարքը։ Այդ օրն Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այս գործարքն ամրապնդելու է քաղաքական և տնտեսական կապերը երկրների միջև, և երկու երկրների օդուժը համատեղ զորավարժություններ են սկսել:

«Համաձայնագիրը ներառում է 1.65 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագիր իսրայելական պաշտպանական կապալառու «Էլբիթ Սիսթեմս» (Elbit Systems) միջազգային կազմակերպության կողմից 22 տարվա ընթացքում Հունաստանի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոնի ստեղծման և գործարկման համար», - հայտարարել էր Իսրայելի Պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունից հայտնել էին են, որ ուսումնական կենտրոնը կկառուցվի Իսրայելի սեփական թռիչքային ակադեմիայի օրինակով և հագեցած կլինի 10 «Մ-346» ուսումնական ինքնաթիռներով, որոնք արտադրում է իտալական «Լեոնարդո» ընկերությունը։ «Elbit»-ը նաև կտրամադրի փաթեթներ Հունաստանի T-6 ինքնաթիռների արդիականացման և շահագործման համար, կտրամադրի ուսուցում, սիմուլյատորներ և նյութատեխնիկական աջակցություն:

Ապրիլի 24-ին հելլենական պետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հայոց ցեղասպանության առթիվ նամակ էր հղել Հունաստանի Հայ դատի հանձնախմբին։

«Ժամանակի ընթացքում Հունաստանն ու Կովկասը միասին քայլում էին դիցաբանության և պատմության, մշակույթի և ավանդույթների միջով: Այդ պատճառով մեր երկիրը չէր կարող իր վերջին փորձության մեջ չկանգնել Հայաստանի զոհերի կողքին: Անմիջապես արձագանքեց մարդասիրական օգնության խնդրանքին: Եվ այսօր սատարում է տարածաշրջանում ապահովության հաստատմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա տեղացի բնակչության իրավունքները հարգող լուծման համար՝ նոր, անարդար արյունահեղությունից հեռու», - նամակում նշել էր հունաց վարչապետը:

Եզրափակելով նամակը Միցոտակիսը կրկնել էր «պատմական հիշողության պահպանման կարևորությունը։ «Քանի որ մոռացությունը «Վերադարձի դռներ» է բացում մարդկության պատմությունը մռայլեցնող իրադարձությունների կրկնության համար: Մեր զգոնությունը, հետեւաբար, պետք է լինի մնայուն: Եվ թող մեր խոսքերին ուղեկցեն գործողությունները, որոնք կանխում են խտրականությունը, ատելությունն ու բռնությունը: Հարյուր վեց տարի անց, ուրեմն, մենք հիշո՛ւմ ենք, զգոնանո՛ւմ ու գործակցո՛ւմ»։

Ապրիլի 24-ին Հայաստան էր ժամանել Հունաստանի մերձավոր դաշնակից Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսը։ «Հանդիպմանը Հայաստանի նախագահն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ», - նշված էր նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Ապրիլի 25-ին Կիպրոսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է «պաշտպանության ու ռազմական համագործակցության հարցերում Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության խորացման հեռանկարը»:

Իսկ թե որքանով հնարավոր կլինի ստեղծված իրադրությունում տանել Հայաստանի պետական շահը՝ հաշվի առնելով հուն-իսրայելական ռազմական համագործակցությունը հայ-կիպրահունական համագործակցության համածիրում, կախված կլինի նաև կոմպետենտ ու հայամետ գործադիր իշխանությունից, որն այժմ չկա երկրում։