Ադրբեջանը ռուսական խաղաղապահ զորքի վրա հարձակվելու հող է նախապատրաստում

Ադրբեջանը ռուսական խաղաղապահ զորքի վրա հարձակվելու հող է նախապատրաստում

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե իբր. «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, անօրինական հայկական զինված խմբավորման անդամները մարտի 8-ի կեսօրից մինչև մարտի 9-ի առավոտ ընդհատումներով գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Խոջալուի և Գորանբոյի շրջաններում, տարբեր զինատեսակներից: Նշված ուղղություններում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր»։

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ արդեն իրադրությունն այս հատվածներում կայուն է, օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ադրբեջանական բանակը գրոհում է ապօրինի հայկական զինված խմբավորումների դիրքերը՝ առանց քաղաքացիական ենթակառուցվածքներին թիրախ դարձնելու։

Ինչպես տեսնում ենք, սա ադրբեջանական կողմի հերթական սադրիչ հայտարարությունն է. իրենց կողմից սկսված ու սանձազերծած զինված գործողությունների մեջ մեղադրել հայկական կողմին: Եթե Ադրբեջանը սկսել է նման հայտարարություններ հաճախակի հնչեցնել եւ հաճախակի սրել իրավիճակը շփման գոտում, նշանակում է նախապատրաստվում է ռազմական գործությունների: Ուշագրավն այն է, որ այս անգամ ադրբեջանական կողմը թիրախավորել է ռուս խաղաղապահ զորքերին, թե իբր նրանց մոտից են «ապօրինի զինված հայկական խմբավորումները» կրակ բացել: Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմի թիրախն այս անգամ լինելու են ռուսական խաղաղապահ զորքերը: Իսկ թե ինչ ծավալի հարձակում կլինի խաղաղապահների վրա, դա կդառնա՞ արդյոք հերթական լայնամասշտապ պատերազմը, թե՝ ոչ, դա, հավանաբար կախված է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից ու Ռուսաստանի հաջողություններից կամ՝ ձախողումներից: