Ինչ են ցույց տալիս ՏԻՄ ընտրությունները

Ինչ են ցույց տալիս ՏԻՄ ընտրությունները

Նախօրեին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Նախնական արդյունքների համաձայն՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը, Լոռու մարզի Տաշիր համայնքում՝ մեկ ուրիշ «Միասնական համայնք», Գեղարքունիքի Ճամբարակում՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, Արագածոտնի Թալին համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Սյունիքի Քաջարանում՝ «Դեպի միասնություն» դաշինքը, Վայոց Ձորի Արենի համայնքում՝ ՔՊ-ն եւ այլն։ Չներկայացնելով ամբողջական ցանկը, քանի որ վերջնական արդյունքները դեռ պետք է հրապարակվեն, կարող ենք ասել, որ ունենք այն պատկերը, որն առկա է հասարակության մեջ ընդհանուր առմամբ։ 

Նախ, հենց սկզբից նկատենք, որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ, որքան կարելի է հասկանալ, բազմաթիվ համայնքներում, եթե չասենք՝ մեծ մասում, չի կարողացել հաղթել։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի համար որքան էլ տհաճ լինի, ակնհայտ է, որ իշխող ուժի վարկանիշը չափազանց մեծ անկում է ապրել, ու այլեւս կարելի է ասել, որ ՔՊ-ն ընդհանուր հանրապետության մասշտաբով չունի մեծամասնություն։ Մյուս հանգամանքը, որ իշխող կուսակցությունը տեղերում այլ ուժերի է դիրքերը զիջել, կապված է այն բանի հետ, որ այն կուսակցությունները կամ դաշինքները, որոնք տեղերում հաղթել են, կարողացել են ճիշտ թեկնածուների վրա խաղադրույք կատարել ու ճիշտ աշխատել։ Ուզենք կամ չուզենք, մենք՝ հայերս, անհատներ սիրող ժողովուրդ ենք, նույնիսկ՝ քաղաքականության եւ հատկապես՝ քաղաքականության մեջ։ Մենք չենք ընտրում ՔՊ-ին կամ այլ ուժի, ընտրում ենք այն թեկնածուին, ով առաջին համարն է, ում հավանում ենք, ով մեզ հոգեհարազատ է, ասենք՝ հարց լուծող է, լավ է կարողանում խոսել, գործ անող է, կամ թեկուզ պարզապես սիմպատիայով։ Սա իրականություն է, որ, գումարվելով իշխող ուժի հանդեպ ունեցած հիասթափությանը, տվել է այն արդյունքը, ինչն ունենք։ Մյուս կողմից, սակայն, պետք է այլ բան էլ նկատի ունենալ։

Ընտրազանգվածի այն հատվածը, որն աջակցում է ՔՊ-ին, առաջին հերթին աջակցում է Նիկոլ Փաշինյանին, եւ չենք կարող ասել, որ եթե, օրինակ, հաջորդ շաբաթ արտահերթ պառլամենտական ընտրություններ լինեն, ու մի շաբաթ Փաշինյանը հարայ-հրոցով, իրեն հատուկ նախընտրական արշավն իրականացնի, չի կարողանա էլի մեծամասնություն ապահովել խորհրդարանում։ Նկատի պետք է ունենանք, որ հայաստանցի ընտրողը նաեւ չափազանց սենտիմենտալ ու էմոցիոնալ է, ղեկավարվում է հույզերով եւ ոչ թե պրագմատիկ հաշվարկներով։

 Այսինքն՝ իրականում մենք ունենք բավական անկայուն քաղաքական իրավիճակ եւ չկողմնորոշված հասարակություն, որտեղ հստակ ասել, թե մեծամասնության մոտ առկա է քաղաքական բարձր գիտակցում եւ այլն, հնարավոր չէ։ Եվ, վերջապես, պետք է հաշվի առնենք, որ հայաստանյան քաղաքական համակարգը թեեւ երեք տասնամյակի կյանք ունի, սակայն չափազանց երիտասարդ է, դեռ խմորման, ձեւավորման փուլում է, եւ այս դեպքում նման «քաղաքական-դոնդողային վիճակները» լիովին օրինաչափ են։