ՔՊ-ականները պատերազմ են հայտարարել Երեւանի ծառերին

ՔՊ-ականները պատերազմ են հայտարարել Երեւանի ծառերին

Նիկոլականները որոշել են հիմնահատակ ավերել Երեւանի կանաչ տարածքները։ Ինչ-որ անհասկանալի, տարօրինակ որոշումներ են բերում, ձեռք են բարձրացնում բազմամյա ծառերի վրա մի քաղաքում, որտեղ կանաչ տարածքների պահպանությունը միշտ բարդ է եղել։ Քաղաքապետարանի որոշումը՝ շարքերով բազմամյա ծառեր հատել մայրաքաղաքի տարբեր փողոցներում ու թաղամասերում, երեւանցիների վրդովմունքն է առաջացրել։ Թեման հասունացել էր մեկ շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ հատվելու են Կասկադի տարածքում գտնվող ծառերը։ Քաղաքապետարանը համապատասխան գրություններ էր փակցրել երկարամյա ծառերի հաստ բներին, առանց նշելու ծառերի տեսակն ու տարիքը։

Մի քանի օր առաջ «Հրապարակին» «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանը պարզաբանել էր, որ փետրվարի 23-ին քաղաքապետարանում «կարկառուն» գիտնականներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ են հավաքվել ու որոշել, որ Երեւանի 50 եւ ավելի տոկոս ծառեր դեֆորմացված վիճակում են, կորցրել են կենսունակությունը, որ անկախ նրանից՝ կանաչում են դրանք, թե ոչ, պետք է հեռացվեն։ Դրանց փոխարեն քաղաքապետարանն ուզում է սակուրաներ տնկել։ Այսօր Կասկադի ծառերը հատվեցին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Քրիստինե Վարդանյանն ակցիաներ է կազմակերպում ընդդեմ ծառահատման։ Նա դիմել է քաղաքապետարան՝ պաշտոնապես պահանջելով ծրագրի գիտական հիմնավորումները։ Երեւանցիներին էլ դիմում է իր ՖԲ էջի միջոցով։ «Տարիներ շարունակ «մասնագետները» խրախուսում էին խոր էտը, անվերջ «երիտասարդացնում» ծառերը։ Արդյունքում այնքան «երիտասարդացան», որ հիմա զանգվածային հատվում են։ Մեղավորներին պատժելո՞ւ եք։ Երեւանին եւ երեւանցուն տասնամյակներ ծառայած ծառերի փոխարինման ծրագիրն այս ձեւով չի կարելի իրականացնել։ Զանգվածային հատումները Կենտրոնում, որտեղ օդային ավազանի գերաղտոտ վիճակ է, հղի է լուրջ հետեւանքներով։ Բազմաթիվ ռիսկեր եմ տեսնում ազգաբնակչության առողջության եւ կյանքի որակի հարցում»,- գրել է նա։

«Երբ կառավարիչները գաղափար չունեն՝ քաղաքային տարածքների ֆունկցիոնալ կանաչապատումն ինչ է, ինչի համար է արվում, նպատակները որոնք են, ծառերն անկապ կշարունակեն էտել կամ գլխատել, անկապ ծաղիկներ կտնկեն, կտնկեն շիվեր, որոնք երբեք ծառ չեն դառնալու եւ այլն, եւ այլն։ Ավելի եւ ավելի վատ կառավարում եւ մասնագիտական մոտեցումների իսպառ անտեսում»,- սա էլ բնապահպան Լեւոն Գալստյանի կարծիքն է։

«Սա բարբարոսություն է քաղաքապետարանի կողմից: Այսքան մեքենաներ օդն աղտոտում են, իսկ քաղաքապետարանը դարավոր ծառերն արմատախիլ է անում: Շուտով ամառ է, շնչելու օդ չի լինի: Էս ծառերը ե՛ւ օդ են տալիս, ե՛ւ շվաք, իսկ հիմա դա դառավ ամայի անապատ»,- գրում է իրավաբան Արմեն Զաքարյանը՝ ամայացած Կասկադի լուսանկարը փակցնելով։

Այսօր այդ լուսանկարներով ողողված էր Ֆեյսբուքը։ Իսկ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցնում է․ «Էլ միզելու պերֆորմանս անող չկա՞։ Ժամանակին, երբ Մաշտոցի պուրակում մի թուփ էր կտրվում, ՔՊ ներկայիս շայկան պառկում էր ծառի թփի տակ, իսկ սորոսականությունը, որպես պրոտեստ, ծամում էր ծառի թուփը։ Այդ օրերին եղավ նաեւ հզոր ընդվզման աննախադեպ մի պերֆորմանս․ ուշ երեկոյան, Մաշտոցի պուրակում, ի նշան հանցավոր իշխանությունների ծառահատման, ներկայիս ՔՊ-ական կանանցից մեկը միզեց «ազգադավ ու հակածառ» ասֆալտին։ Անհասկանալի հիմնավորմամբ հիմա հիմքից կտրում են Կասկադի ծառերը՝ շեմուշկա չրթող անցորդների բութ ու անտարբեր հայացքների տակ։ Հետաքրքիր է՝ ո՞ւր են Մաշտոցի պուրակի հերոսամարտի հիստերիկները, որոնց գլխաքանակի մեծ մասը հիմա թառած է խորհրդարանում։ Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ»։