Նախկին իշխանություններն են ՀՀ նախագահին եւ ԱԺ նախագահին դուրս թողել Անվտանգության խորհրդից

Նախկին իշխանություններն են ՀՀ նախագահին եւ ԱԺ նախագահին դուրս թողել Անվտանգության խորհրդից

Իր հրաժարականից գրեթե մեկ ամիս առաջ՝ 2018թ․ մարտի 21-ին,  Սերժ Սարգսյանը հասցրեց ստորագրել «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ անվտանգության խորհրդի անդամներն են՝ վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ 
Այն ժամանակ էլ քաղաքական շրջանակներում տարակուսում էին, թե ինչու պետք է Անվտանգության խորհրդից դուրս թողնեին երկրի նախագահին եւ Ազգային ժողովի նախագահին, հատկապես եթե նկատի ունենք, որ 2015թ․ ընդունված Սահմանադրությամբ Հայաստանը համարվում է խորհրդարանական հանրապետություն։ 
Օրերս, երբ Արցախի Հանրապետությունում հրավիրվեց Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ՝ յոթ ժամից ավելի տեւողությամբ, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը ներկա չէր այդ նիստին։ Ավելի ուշ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի  եւ լրատվության վարչությունից տեղեկացրել էին, որ Արմեն Սարգսյանին հրավեր ուղարկվել է ուշ, ուստիեւ նա տեխնիկական պատճառներով չի կարող մասնակցել այդ նիստին։ Մինչդեռ, անվտանգության խորհրդի անդամ չհամարվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել էր Արցախում տեղի ունեցած ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստին։ 

Պե՞տք է, արդյոք, փոխվի «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը, եւ անվտանգության խորհրդի անդամ պե՞տք է դառնան նաեւ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը։
ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը նկատում է, որ փոխված են նաեւ անվտանգության խորհրդի գործառույթները, նախկինում եղել  է ավելի լայն ներգրավվածություն։ Եվ դա վերաբերել է ոչ միայն երկրի նախագահին ու ԱԺ նախագահին։

«Ժամանակի ընթացքում կլինեն քննարկումներ, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում։ Բայց այսօրվա դրությամբ օրենքը դա է պահանջում։ Հիմա միայն պաշտպանական, Զինված ուժերին է, չէ՞, վերաբերում, նախկինում ուրիշ կազմ ուներ։ Փոփոխություններ են տեղի ունեցել ամբողջ համակարգում։ Նախկինում եթե մի բան բաց են թողել, նոր մոդել են ձեւավորել, նոր մոդելի բացերը  Անվտանգության խորհրդի աշխատակիցները կզգան եւ դրանով կառաջնորդվեն։ Ձեր հարցը ոչ թե ինձ պետք է ուղղեք, այլ Անվտանգության խորհրդին։ Կառավարությունը պետք է իմանա բացերը, թե այդ ինստիտուտի աշխատանքի մեջ ինչ փոփոխություններ պետք է լինեն, եւ իրենք էլ նախաձեռնեն դրանք։ Մեզ մոտ փոխվել է մոդելը, եւ պետք է հասկանալ՝ աշխատո՞ւմ է այդ համակարգը, թե՞ ոչ»,- ասաց Թեւան Պողոսյանը։
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ՀՀ նախագահը եւ ԱԺ նախագահը պետք է մասնակցեն Անվտանգության խորհրդի նիստերին՝ անկախ այն բանից, որ նրանք չունեն գործադիր լիազորություններ։ 
«Ի վերջո, խնդիրն այն է, թե մենք ինչպես ենք պատկերացնում ազգային անվտանգության ամբողջ համակարգը։ Թերեւս, այդ օրենսդրական բացը կամ աղավաղումը նախկին իշխանությունների մեղքով է, որոնց ժամանակ ամեն ինչ անձնավորված էր։ Չգիտեմ, թե ինչ նկատառումներով Սերժ Սարգսյանի իշխանությունը հարկ չէր համարել  այդ պաշտոնյաներին ներառել Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող պաշտոնյաների ցանկում։ Հետեւաբար՝ օրենքը պետք է անպայման ենթարկվի փոփոխության»,- արձագանքեց Ստեփան Սաֆարյանը։