Ժողովրդի իշխանությու՞ն, թե՞...

Ժողովրդի իշխանությու՞ն, թե՞...

«Ժողովրդի իշխանություն» արտահայտությունը դարձել է նիկոլական վարչակազմի «ի՞նչ կա, չկա»-ն: Ամեն պահի եւ ամեն քայլափոխի այդ արտահայտությունը հնչում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կամ նրա մանկլավիկների կողմից: Այսօր էլ Փաշինյանը, որ ժամանակին ստացել էր ժողովրդին ներկայացնելու իրավասություն, վերադարձնում է այն՝ ակնկալելով, որ ժողովուրդը կրկին կհանձնի իրեն: Իսկ խորհրդարանում կամ էլ որտեղ պատահի՝ խոսում է ինչ-որ հեղափոխական ձեռքբերումներից: Եվ ընդդիմադիր կոչվածներից որեւէ մեկը չի հարցնում, թե ինչ իմաստ ունի իրավասություններ վերադարձնելը, եթե գրանցվել են այդպիսի ձեռքբերումներ: Իսկ գուցե ոչ մի ձեռքբերում էլ չի՞ եղել, ու Փաշինյանը ստիպված է գնում արտահերթ ընտրությունների: Գուցեեւ այդպես, սակայն վերջինս Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր օգտագործել հերթական հնարավորությունը՝ պոպուլիստական ելույթի համար:

Հետաքրքիր է, թե որն է այդ ժողովուրդը, որը, ըստ Փաշինյանի,  տվել է իրեն իշխանություն: Ենթադրաբար, ժողովուրդը ես եմ ու ինձ նմանները, փաշինյանական ուսապարկերն են ու դրանց նմանները, այն բազմությունը, որ ժամանակին ձեւակերպվեց որպես պողոս (այլ տարբերակով՝ որպես օխլոս կա՛մ զոմբի եւ կա՛մ ժեխ եւ այլն): Այո, ես ու ինձ նմանները, տարիներով պայքար մղելով նախկինների դեմ, 2018-ի դեկտեմբերին իշխանությունը հանձնեցինք Նիկոլին ու նրա ուսապարկերին: Բայց այսօր իրավիճակ է փոխվել, ես պահանջում եմ Նիկոլի հրաժարականը եւ ըստ այդմ՝ ես դադարել եմ լինել Փաշինյանի վկայակոչած ժողովրդի մի մասը: Եվ ոչ միայն ես, այլեւ բազմաթիվ ինձ նմանները:

Որպես ժողովուրդ՝ Փաշինյանին մնացին իր ուսապարկերն ու դրանց նմանները եւ վերը նշված բազմատարբերակ բազմությունը: Ի դեպ, ժողովրդի իշխանությունը հենց ժողովրդավարությունն է կամ դեմոկրատիան: Իսկ  «դեմոկրատիա» բառը, ըստ բառարանների, ծագում է հունարեն «դեմոս» (ժողովուրդ) եւ «կրատոս» (իշխանություն) բառերից: Եվ եթե «կրատոս»-ն իսկապես իշխանություն է, ապա «դեմոս»-ը ոչ թե ժողովուրդն է, այլ նրա այն մասը, որ կրում է իշխանությունը: Այսինքն՝ որոշակի տարիքի, ունեցվածքի, հասարակական կյանքին մասնակցելու փորձառությամբ քաղաքի տղամարդ բնակիչների (քաղաքում ծնված լինելու եւ կամ որպես բնակիչ ընդունված լինելու առումով) ամբողջությունը: 

Իսկ եթե ընդունենք, որ ես ու ինձ նմանները, ըստ փաշինյանական մտածողության, էլիտա ենք, ուրեմն հարց է առաջանում, թե ով է իրական «դեմոս»-ը՝ մե՞նք, թե՞ փաշինյանական ժողովուրդը: Բայց քանի որ  «դեմոս»-ը, այնուամենայնիվ, անտիկ շրջանի երեւույթ է, այսօրվա կյանքին ավելի համապատասխան կլինի փաշինյանական ժողովրդին բնորոշելը: Այդ բազմությունը հեռու է գիտությունից եւ մշակույթից, քանի որ այդ ոլորտների կազմակերպություններն ու անհատները վաղուց են հայտարարել, որ պահանջում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականը: Այդ բազմությունը հեռու է եղել պետական կառավարման համակարգից ու նույնիսկ 2018-ի մայիսից այս կողմ զբաղեցնելով բարձր պաշտոններ՝ տապալել է եւ շարունակում է տապալել իր իրավասության ներքո գտնվող ոլորտները: Մասնագիտական գրականության մեջ վաղուց տրված է այդ բազմության կողմից կառավարման համակարգի անվանումը՝ «օխլոկրատիա»: Կարծում եմ, որ դրա լավագույն թարգմանությունը կարող է լինել «ժեխապետություն» եզրը (տերմինը): 

Իսկ մենք կարող ենք ընդամենը դառնորեն ժպտալ, որ ՀՀ առաջին նախագահի կողմից ավազակապետություն բնորոշված մեր երկիրը վերջինիս հոգեզավակ Փաշինյանի կողմից վերածվեց ժեխապետության: Չնայած, հանուն արդարության, պետք է նշենք, որ Տեր-Պետրոսյանն անուղղակիորեն հրաժարվեց իր հոգեզավակից, վերջինս էլ՝ իր հոգեւոր հորից: Ինչեւէ, շարունակելով թեման՝ մի պահ կանգ առնենք ու մտածենք, թե որն է ավելի ընդունելի՝ ավազակապետությո՞ւնը, թե՞ ժեխապետությունը:

Սակայն կարծում եմ, որ կա նաեւ երրորդ տարբերակը՝ այնպիսի պետությունը, որտեղ «ժողովուրդ» հասկացության ներքո կհամախմբվեն բոլոր հայաստանցիները: Եվ նրանք, ովքեր ի վիճակի են կառավարել երկիրը, կկառավարեն այն, իսկ ովքեր ի վիճակի են կատարելու այլ աշխատանքներ, կկատարեն այդ աշխատանքները: