«Հրապարակ». Կազմաքանդվող բանակից մինչեւ ադրբեջաներենի պարտադիր ուսուցում

«Հրապարակ». Կազմաքանդվող բանակից մինչեւ ադրբեջաներենի պարտադիր ուսուցում

Հարցազրույց ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի հետ

- Մի քանի օր առաջ կալանավորվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Երեկ մեղադրանք առաջադրվեց Ջալալ Հարությունյանին։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունները։

- Որոշակի իրողություններ իրար համադրելով հասկանում եմ, որ սա քաղաքական հետապնդում է։ Կարող եմ ասել նաեւ, որ պաշտպանական ոլորտում այս որսը, որ սկսվել է նախկին  պաշտոնաթող հրամանատարների, գեներալների նկատմամբ, մի բան է ակնհայտորեն հուշում, որ փորձում են պատվազրկել արդեն կազմաքանդվող, կազմալուծվող բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւ վերջին գերեզմանաքարը դնել բանակի վրա։

- Արդյո՞ք ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան զինվորականներին էլ չի սպասվում նույն ճակատագիրը։

- Գիտեք, եթե կար ինչ-որ ժամանակահատված, որ ես՝ ինքս, ինձ փորձում էի համոզել, որ բարձրաստիճան սպաները, այս պահին գտնվելով բանակում, փորձում են ներսից բանակը պահել եւ չթողնել, որ այն ավելի քանդվի, այսօր տեսնում ենք, որ բանակի բարեփոխման ուղղությամբ որեւէ ակտուալ քայլ չի արվում, հակառակը՝  տեսնում ենք շատ ակտիվ ապառազմականացման տանող քայլեր։ Ապառազմականացում, ինչը նշանակում է, որ բանակն ինչ-որ փուլում, ինչ-որ ժամանակահատվածում երեւի էլ գոյություն չի ունենալու։ Հետեւաբար, այո,  այս իրավիճակում էլ այդ գեներալները կամ հրամանատարները, ովքեր դեռեւս շարունակում են այս իշխանության հովանու ներքո պաշտոններ զբաղեցնել, արդեն դառնում է ինձ համար անհասկանալի․ արդյոք նրանք աջակցո՞ւմ են այս իշխանությունների՝ բանակի այս տեմպերով ու ձեւաչափով կազմաքանդմանը, թե՞ ոչ։

- Մտել ենք խաղաղության դարաշրջան եւ որոշել, որ մեր դպրոցներում պետք է սովորել, յուրացնել թշնամիների լեզուն՝ թուրքերենն ու ադրբեջաներենը։

- Այո, եթե այդ «նորամուծությունն» արվեր վերջին 20-30 տարվա ընթացքում, դա մենք կհասկանայինք որպես ռազմավարական քայլ՝ մեր ապագա զինվորներին այդ լեզվին հաղորդ դարձնելու, մեր բանակի ամրապնդման եւ թշնամուն լավ ճանաչելու համար, որովհետեւ դա իրենց ռազմական գործում շատ կարեւոր եւ անհրաժեշտ է լինելու։ Եթե մենք դեռեւս Ադրբեջանին դիտարկում ենք որպես թշնամի երկիր, ուրեմն թշնամու լեզուն սովորելը, այո, խիստ անհրաժեշտ եւ կարեւոր է։ Բայց այստեղ պիտի հարց տանք․ ո՞ր իշխանությունն  է  անում այս բարեփոխումը․ ա՞յն իշխանությունը, որը հայտարարել եւ առաջ է բերել կեղծ խաղաղության օրակարգը։ Հետեւաբար, գուցե այդ լեզուն սովորելու նախադրյալները տանելու են ապագայում ինչ-որ ասիմիլյացիայի՝ լեզվական, ազգային, չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայցեւ չեմ կարող ողջունել այս ամենը որպես դրական բարեփոխում։ Ես նկատեցի նաեւ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ հատկապես պատգամավորներ, շեշտում են, որ այդտեղ նաեւ թուրքերենը կա, պարսկերենը կա՝ որպես տարածաշրջանային, մեր հարեւան երկրների լեզուներ, եւ անցնելու են միայն 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններում, եւ հանրության շրջանում կա դրական արձագանք, ինչին ես խիստ կասկածում եմ։

- Դպրոցներում օտար լեզուները դասավանդում են՝ սկսած 2-րդ կամ 3-րդ դասարանից, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են որոշել ադրբեջաներենը, թուրքերենն ուսումնասիրել բարձր դասարաններում։

- 10-12-րդ դասարաններում ադրբեջաներեն կամ թուրքերեն լեզուներ մտցնելը ես ավելի շատ ինչ-որ պարտադրանք եմ նկատում։ Գուցե իրենց գործընկեր պետության՝ Ադրբեջանի կողմից նման թելադրանք է եղել։ Քանի որ ոչ մի վստահություն չունեմ այս իշխանությունների որեւէ քայլի հանդեպ, չեմ կարող միանշանակ կարծիք հայտնել։ Բայց կարող եմ ասել, որ կասկածանքով եմ վերաբերվում, որովհետեւ, այսպես կոչված, նորամուծությունը կամ բարեփոխումն անում է գործող իշխանությունը։

- 4 հազար զոհ ենք ունեցել 44-օրյա պատերազմում։ Ընդամենը երկու տարի է անցել, հոգեբանորեն պատրա՞ստ է այսօրվա բարձր դասարանի աշակերտը սովորել թշնամու լեզուն։

- Այո, շատ ճիշտ եք, սա էլ պետք է հաշվի առնվեր։ Այսինքն՝ այստեղ ոչ միայն երեխաների հոգեբանական վիճակը, այլ նաեւ ցանկությունը՝ կգտնվեն երեխաներ, որ ցանկություն չեն ունենա սովորելու այդ լեզուները, եւ արդյոք դպրոցն իրավունք ունի՞ պարտադրելու երեխային՝ սովորել այդ լեզուները։ Եվ հետո՝ մասնագետների հարցն էլ է՝ բավարար քանակով մասնագետներ կա՞ն արդյոք պատրաստված այդ լեզուների, որպեսզի կարողանան ամբողջ հանրապետության մասշտաբով ապահովել ուսուցիչների քանակը։