Ֆրանց Կաֆկա. Երազ

Ֆրանց Կաֆկա. Երազ

Յոզեֆ Կ-ն երազ էր տեսնում

Հաճելի օր էր, եւ նա ուզում էր դուրս գալ զբոսնելու: Սակայն նա հազիվ էր երկու քայլ արել, հայտնվեց գերեզմանոցում: Ողջ տարածքում այնքան շատ էին անանցանելի ու ոլորապտույտ արահետները, սակայն նա նմանատիպ մի ոլորանով այնպես հեշտությամբ սահեց, ինչպես արագահոս ջուրն է գահավիժում աներեր թեք դիրքից: Դեռ հեռվից նա նկատեց մի թարմ շիրմաթումբ, որի մոտ էլ մտածում էր կանգ առնել: Այդ շիրմաթումբը գրեթե գրավում էր նրան, ու Կ-ն շտապում էր այնտեղ հասնել: Երբեմն, սակայն, շիրիմն անհետանում էր տեսադաշտից, այն ծածկված էր դրոշակներով, որոնք ծածանվում էին ու աշխուժորեն իրար գալիս. դրոշակակիրները չէին երեւում, բայց նրան թվում էր՝ այնտեղ մեծ ցնծություն է տիրում:

Երբ Կ-ն հայացքով դեռ հեռուն էր զննում, հանկարծ իրեն շատ մոտ՝ ճանապարհին՝ գրեթե իր հետեւում, նման մի շիրմաթումբ նկատեց: Նա արագ ցատկեց խոտերի մեջ: Հազիվ էր Կ-ն ոտքերն առաջ մղել, կորցրեց հավասարակշռությունը եւ ծնկի վրա ընկավ ճիշտ գերեզմանաթմբի վրա: Թմբի հետեւում երկու տղամարդու տեսավ, որ ձեռքերով բռնել էին տապանաքարը: Նրանք հենց Կ-ին նկատեցին, քարը գետնին դրեցին, ու այն ամուր կանգնեց: Ապա թփերի արանքից անմիջապես առաջ եկավ երրորդ տղամարդը, որը, ինչպես Կ-ին թվաց, նկարիչ էր: Նրա հագին տաբատ էր ու անփութորեն կոճկված վերնաշապիկ, գլխին թավշե գլխարկ կար, իսկ ձեռքին՝ մի սովորական մատիտ, որով նա դեռ մոտենալիս օդում պատկերներ էր գծագրում:

Նկարիչն իր ձեռքի մատիտով փորձեց գրել տապանաքարի վրա՝ սկսելով ամենավերեւից: Քարը շատ բարձր էր, նա ստիպված չէր կռանալ, բայց գերեզմանաթումբը, որն իրենից քարով էլ բաժանված էր, նա չէր ուզում տրորել: Ապա կանգնեց ոտնածայրերի վրա ու ձախ ձեռքով հենվեց տապանաքարի մակերեսին: Ինչ-որ հնարքով նրան հաջողվեց սովորական մատիտով ոսկե տառեր գրել. նա գրեց. «Այստեղ հանգչում է…»: Յուրաքանչյուր տառ հստակ ու պարզ էր փորագրված եւ մաքուր ոսկու տեսք ուներ: Երբ նա երկու բառ գրեց, նայեց Կ-ին։ Վերջինս մեծ անհամբերությամբ հետեւում էր գրությանը, եւ նրան հազիվ թե հետաքրքրում էր այդ տղամարդը. հայացքը միայն քարին էր ուղղված: Նկարիչը շարունակեց գրել, բայց արդեն չէր կարողանում. ինչ-որ խոչընդոտ կար: Նա վար դրեց մատիտը եւ կրկին շրջվեց Կ-ի կողմը: Կ-ն էլ իր հերթին նայեց նկարչին ու նկատեց, որ նա շփոթված տեսք ունի, բայց չհասկացավ պատճառը: Նրա ողջ աշխուժությունն անհետացել էր: Կ-ն էլ անհանգստացավ: Նրանք անօգնական հայացքներ փոխանակեցին. կարծես նրանց միջեւ մի անորոշ թյուրիմացություն կար, որ ոչ ոք չէր կարող լուծել: Այդ պահին գերեզմանի մատուռից զանգի ղողանջ լսվեց, բայց արվեստագետը թափահարեց բարձրացրած ձեռքը, եւ ձայնը դադարեց: Քիչ հետո, սակայն, այն կրկին հնչեց, այս անգամ արդեն՝ կամացուկ ու ոչ այնքան գրավիչ՝ անմիջապես ընդհատվելով. կարծես այն միայն ուզում էր ստուգել իր ձայնը: Կ-ին տխրեցրեց նկարչի վիճակը, նա սկսեց լաց լինել ու ողբալ՝ ձեռքերով դեմքը ծածկած: Նկարիչը սպասեց, մինչեւ Կ-ն հանգստացավ, ապա հասկացավ, որ այլընտրանք չունի, եւ շարունակեց գրելը: Առաջին փոքրիկ գիծը, որ նա պատկերեց, Կ-ի համար փրկություն էր։

Արվեստագետը, սակայն, ակնհայտորեն մեծ դժկամությամբ էր աշխատում. գրությունն այնքան էլ տպավորիչ չէր, իսկ ամենակարեւորը՝ ոսկեգույնի պակաս կար՝ գունատ ու անորոշ գիծ էր պարզապես, միայն թե տառը մեծ էր ստացվել: Յ տառ էր. մնում էր պարզապես ավարտին հասցնել, նկարիչը մի ոտքով զայրացած այնպես խփեց գերեզմանաթմբին, որ գետինը դղրդաց: Վերջապես Կ-ն գլխի ընկավ, սակայն ներողություն խնդրելու համար արդեն ժամանակ չկար, նա իր բոլոր մատներով սկսեց փորել հողը, որ գրեթե դիմադրություն ցույց չէր տալիս, ամեն ինչ պատրաստ էր թվում. արտաքնապես այն պարզապես բարձրացած հողաշերտ էր: Անմիջապես հողի բարակ շերտի տակ, սակայն, մի մեծ փոս էր սկիզբ առնում՝ թափանցիկ պատերով, եւ նա, թիկունքը հանդարտ շրջելով, այնտեղ մտավ: Սակայն մինչդեռ Կ-ի մարմինը ներքեւում էր, նրա գլուխն ու ծոծրակը վերեւում էին, եւ նա՝ արդեն ընկղմված անթափանց խորության մեջ, վերեւում՝ քարի վրա, արագորեն որսաց իր անունը՝ գեղեցիկ փորագրված: 

Այդ տեսարանով զմայլված՝ նա արթնացավ:

Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ