Բարձրախոսն օրենքից դուրս
«Բռունցքդ բեր» նախաձեռնության 5 անդամներից երեքին մեղադրանք է առաջադրված ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Օրինական պահանջն էլ ապրիլի 26-27-ին Ազգային ժողովի մոտ բարձրախոս չօգտագործելն էր, ինչը տղաները չեն կատարել։ Նախաձեռնության անդամները պաստառներ էին փակցրել ԱԺ դարպասին՝ վանկարկելով․ «Երկրի տեր, բռունցքդ բեր, բռունցքդ բեր», «Տավուշն իմ տունն է, հաջորդը քո տունն է», և ԱԺ-ից պահանջում էին անվստահություն հայտնել գործող կառավարությանը։ Այս պարբերությունը մեջբերում է «Հրապարակ»-ի օրերս կատարված հրապարակումից: Ինչից կարող ենք ենթադրել, որ Նիկոլի օրոք, ժողովրդավարական Հայաստանում բարձրախոս կրելն ու այն օգտագործելն անօրինական գործողություն է:
Ու, անկախ ինձանից, ես հիշեցի նախորդ իշխանության ժամանակ նրանց դեմ իմ փողոցային պայքարի դրվագները: Բազմաթիվ անգամ բարձրախոսը եղել է հենց իմ ձեռքում: Իսկ ես անհաշիվ անգամ մասնակցել եմ փողոցային բողոքի ցույցերին: Փաստորեն ստացվում է, որ նախկին, ոչ ժողովրդավարական իշխանության պայմաններում դրա համար ինձ բերման չէին ենթարկում և ոչ էլ քրեական գործ կարում վրաս: Ու եթե այժմ լինեի երիտասարդ՝ նաև առողջական որոշակի խնդրից զերծ ու նախկինի նման ակտիվորեն մասնակցեի բողոքի ցույցերին, ապա, այսպես կոչված, ժողովրդավարական Հայաստանում ինձ անընդհատ պետք է բերման ենթարկեին: Ու, բնականաբար, քրեական գործեր կարեին վրաս «ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու» վերաբերյալ անօրինական ձևակերպումով:
Բայց զարմանալիորեն նախկին՝ ոչ ժողովրդավարական Հայաստանում ինձ ոչ մի անգամ բերման չեն ենթարկել, քանի որ, ինչպես ասվեց, որևէ օրենքով արգելված չէր բողոքի ցույցերին բարձրախոս կրելն ու նրանով պահանջներ ներկայացնելը: Ի դեպ, ասեմ, որ նույնիսկ ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի փակման մտադրության մեր կազմակերպության բողոքի լուռ ակցիային կրկին բարձրախոսն իմ ձեռքում էր, ու ես ինչ-որ կոչեր էի անում: (Իմիջիայլոց, եթե իմանայի, թե մեկուկես տասնամյակ անց ինչպիսի դիրք է գրավելու այդ ռադիոկայանը, դժվար թե մասնակցեի այդ ցույցին): Իսկ մնացածները կպչուն ժապավենով (սկոչով) փակել էին իրենց բերանները: Եվ այդ թվում՝ մեր կազմակերպության նախագահ, այժմ արդեն լուսահոգի Ամալյա Կոստանյանը: Իսկ մենք քաղաքի կենտրոնով անցնելով՝ հասել ենք ԱԺ շենքի դարպասների մոտ ու պաստառներ փակցրել դրա ճաղավանդակներին: Ու ոչ մի ոստիկան մեզ չի խանգարել:
Ինչպես երևում է, ավտորիտար Հայաստանում ոստիկանությունն ավելի ժողովրդավարական վարքագիծ է դրսևորել, քան արևմտյան չինովնիկների կողմից «ժողովրդավարական փայլուն աստղ» հորջորջված նիկոլական Հայաստանում: Երեկ էլ իմացանք, որ Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետի աթոռից կառչած անձը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալին։ Եվ, ըստ այդ պաշտոնի մամուլի ծառայության, «շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար»։ Տեղյակ չեմ, թե ինչ տեսք է ունեցել այն կամ ինչպիսի ծրագրեր են իրականացվել էստոնական հովանավորությամբ, բայց հաշվի առնելով ռուսական համայնքի նկատմամբ այդ երկրի իշխանությունների մշտական, մեղմ ասած, ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը՝ ենթադրում եմ, որ դրանք վերաբերվել են ընդդիմության «հետ աշխատելու» մեթոդներին: Ու տվյալ դեպքում նշանակություն չունի, որ էստոնականի դեպքում որպես ընդդիմություն հանդես է գալիս ռուսական էթնիկ համայնքը, իսկ մեր դեպքում՝ թեև նույն ազգության, բայց իրական հայրենասիրության զգացումով օժտված հանրությունը:
Կարծիքներ