Ինքնաշրջափակում

Ինքնաշրջափակում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեզ պարզ հայերենով ասել է՝ Զանգեզուրի միջանցքը կտաք՝ հայ-թուրքական սահմանն անմիջապես կբացվի: Անմիջապես, тут же… Դժվար չէ, կարծում եմ հասկանալ, որ սա նախապայման է: Այսքան դուզ նույնիսկ էշին չեն ասում: Ավելի վաղ նույն Էրդողանն այս միտքը մի քիչ այլ կերպ էր ձևակերպել: Նա հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ բոլոր հարաբերությունները կպայմանավորի Ադրբեջանի շահերով: Հարց է առաջանում՝ ՀՀ արտգործնախարարությունում կամ Ռուբեն Ռուբինյանի կանտորայում այս ամենը չեն լսե՞լ: Իսկ եթե լսել են, ապա ինչո՞ւ են երեսները պնդացրած ընկել թուրքերի հետևից, որ սրանք սահմանը բացեն: Մարդը ասել է՝ «Զանգեզուրի միջանցքը» տալուց հետո միայն: Վերջ: Լավ, դուք արժանապատվություն չունե՞ք, որ այդքանից հետո, երբ ձեզ, շատ ներողություն, չգիտեմ ինչի տեղ են դնում, դեռ վազ եք տալիս հայ-թուրքական սահմանը բացելու:

«Պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր են քննարկվել։ Քննարկումները շարունակվելու են», - նոյեմբերի 30-ին «Ազատությանն» ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ չնշելով, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը: Իսկ վերջի՞ն հանդիպումը երբ է տեղի ունեցել և ինչո՞ւ այդ մասին հանրությունը պատշաճ ձևով տեղեկացված չէ, Վահան Հունանյանը նույնպես «չգիտի»: Չլիներ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, մենք, հավանաբար, չէինք էլ իմանա, որ  նոյեմբերի սկզբին երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում։ Դրանից հետո միայն հնարավոր եղավ հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի բերանից աքցանով մի քանի խոսք քաշել:

«Սահմանին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների միջև: Կհիշեք, ես սրա մասին խոսել եմ նախկինում, որ նման հանդիպում նախատեսված է, և հանդիպմանը քննարկվել է այս պայմանավորվածությունների (կամրջի վերանորոգում, սահմանի վերահսկողություն, անցակետերի կահավորում՝ Իբրահիմ Քալըն) իրագործումը և ոչ միայն: Քննարկվել են ընդհանուր առմամբ Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակման հետ կապված հարցերը», - ասել էր ԱԺ փոխնախագահը։

Դե իհարկե, հետո էլ թուրքերին բերել, հայկական կողմում հաց եք տվել… Այդ ո՞ր օրենքով եք առանց վիզա, առանց բան, ձեր յոլդաշներին հավաքել ու բերել Հայաստան: Թուրքերը, այդպես գեղցիավարի, ձեզ երբևէ իրենց տարածք տարած կա՞ն: Աշխարհ եք խնդացնում ձեզ վրա, ուշքի եկեք: Ռուբինյան, դու էլ քո այդ կոտոշներ և սմբակներ մթերող գրասենյակը փակիր և ավելի ուշադիր լսիր Էրդողանին ու Ալիևին:

Հայաստանի շրջափակվածության մասին մենք խոսել ենք մեր անկախության առաջին տարիներից և խոսում ենք մինչ օրս: Հետխորհրդային շրջանում Ադրբեջանի հետ բաց սահման մենք երբեք չենք ունեցել, իսկ թուրքական սահմանն էլ մեզ համար փակվել է Քարվաճառի ազատագրումից հետո: Հայաստանի Հանրապետության կապը աշխարհի հետ իրականացվել է օդով, մի կարճ ժամանակահատված ռուս-վրացական երկաթուղով, ապա՝ Վրաստանի և Իրանի հետ ունեցած միջպետական ճանապարհներով: 30 տարի շարունակ ապրել ենք այդ վիճակում, զարգացել ենք ինչքան կարողացել ենք, տուն տեղ ենք դրել, ինչպես ասում են: Այդ ընթացքում եղել են դեպքեր, որ մեր ունեցած այդ խղճուկ ճանապարհներն էլ են փակվել, օրինակ ռուս-վրացական պատերազմի օրերին, բայց ՀՀ իշխանությունները գոնե այնքան շնորհք են ունեցել, որ կարողացել են կարճ ժամանակում բացել դրանք, ապահովել մեր բեռների առաքումն ու ստացումը: Այն, որ Լարսով Վրաստանը մեզնից ավելի շատ ապրանք է արտահանում ու ստանում, էլի մեր շնորհիվ էր, ՌԴ և Վրաստանի իշխանությունների միջև մեր ճիշտ պահվածքի շնորհիվ: Այդ տարիներին նույնպես հայ-թուրքական սահմանի բացման փորձեր են կատարվել: Հայ-թուրքական հաշտեցման ինչ-որ խմբեր էին գործում, հետո եկավ ֆուտբոլային դիվանագիտության շրջանը, Ցյուրիխում արձանագրություններ ստորագրվեցին և դրանով, կարծես ավարտվեց կանաչ խիյարի մասին այդ պատմությունը: Ընդ որում բոլոր ժամանակներում էլ Թուրքիան պատրաստ է եղել բացել սահմանը, միայն թե իր նախապայմանները բավարարելուց հետո: Նույնն է վիճակը նաև այսօր, թեև ՀՀ իշխանությունները խոսում են Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մասին:

Փաշինյանի և Էրդողանի ստեղծած հարթակը, որ ներկայացնում են Ռուբինյանն ու Քըլըչը, ինձ մանկական ֆուտբոլ է հիշեցնում, որ խաղում էինք մեկ դարպասի վրա: Այդ հարթակում Թուրքիան ու Հայաստանը խաղում են Հայաստանի դարպասի վրա ու այդ խաղին միշտ ներգրավված է Ադրբեջանը: Հայաստանն անհուսալիորեն պարտվում է, արդեն կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմաններն ու մնացել է ընդամենը մեկ նախապայման՝ «Զանգեզուրի միջանցքը»… Ընդամենը մեկ գոլ և խաղը կավարտվի, բայց Հայաստանն, ի դեմս Ռուբինյանի, դեռ շարունակում է խաղալ «առանց նախապայմանների» այդ խաղը: Իսկ այդ ընթացքում մեզ համար փակվում է Լարսը, ձմեռն եկավ՝ բեռնատարները կիլոմետրանոց հերթերի մեջ են մնացել Վրաստանի կողմում, չգիտես ինչ տեղի կունենա Իրան-Հայաստան ճանապարհի հետ, որն ուղղակի կարող է անանցանելի դառնալ:

Ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանն էլ գիտենք: Քայլարածների իշխանության վարած արտաքին քաղաքականության հետևանքն է սա: Կաշառված արտաքին քաղաքականություն, սեփական երկրին միտումնավոր կամ առանց հասկանալու վնաս հասցնելու քաղաքականություն, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորների չարդարացված փոփոխությունների քաղաքականություն: Մենք այսօր շատ մոտ ենք բոլոր կողմերից շրջափակման մեջ հայտնվելու տխուր հեռանկարին: Եվ սա է, կարծում եմ, պատճառը, որ Փաշինյանը, երեսը պնդացրած, շարունակում է Թուրքիայից սահմանի բացում աղերսել… Էն էլ՝ առանց նախապայմանների: Արի քեզ մի բան ասեմ, Փաշինյան ջան, էս թվին իսկի կինն իր ամուսնուն բան չի տալիս առանց նախապայմանի, էլ ուր մնաց որ Էրդողանը քեզ ձրի անցակետ տա: