Ի՞նչ պատճառով սոցապի ՊՈԱԿ-ներում աշխատողները հունվարից աշխատավարձ չեն ստացել

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Ի՞նչ պատճառով սոցապի ՊՈԱԿ-ներում աշխատողները հունվարից աշխատավարձ չեն ստացել

Մենք տեղեկացանք, որ սոցապնախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցները 2020 թվականին դեռևս աշխատավարձ չեն ստացել։ Խոսքը վերաբերում է ծերերի խնամքի կենտրոններին, աշխատանքի ինստիտուտին և այլն։ Նախարարությունից հաստատեցին, որ աշխատավարձերը չեն փոխանցվել՝ դա բացատրելով հաստիքացուցակների փոփոխությամբ․

«Հաստիքացուցակները փոփոխվել են։ Մենք անցյալ տարի հայտարարել էինք, որ ՊՈԱԿ-ներում աշխատավարձի փոփոխություններ պիտի տեղի ունենային՝ աշխատավարձի 5-98 տոկոս ավելացումներ էին լինելու, և ըստ այդմ պետք է վերանայվեին իրենց հաստիքացուցակները։ Յուրաքանչյուր կառույցի մասով այդ հաստիքացուցակներն արդեն վերանայվել են, 1-2 կառույց է մնացել, որտեղ դեռ աշխատավարձերը չեն փոխանցվել, մնացած բոլորը անցած շաբաթվա ընթացքում ստացել են արդեն բարձրացված աշխատավարձերը, հիմա արդեն մյուսներն էլ կստանան»,- պատասխանեց սոցապնախարարության մամուլի քարտուղարը։ 

Հարցրինք, թե ինչ է նշանակում հաստիքացուցակների փոփոխություն, գուցե կրճատումնե՞ր են եղել, որի հաշվին աշխատավարձերը բարձրացվել են, սոցապից վստահեցրին, որ կրճատումներ չեն եղել․

«Սպասարկող անձնակազմը, օրինակ՝ սանիտարներ և այլն, որոնց աշխատավարձը, որպես կանոն, լինում է մինիմալ, բայց, ըստ էության, այդ մարդիկ ամենածանր գործն են անում։ Մենք ուղղակի պիտի հասկանայինք, թե որ հաստիքում քանի աշխատող կա, որպեսզի կարողանայինք ավելի հստակ անել այդ հաշվարկը, որպեսզի չստացվի, որ շատ աշխատավարձ ստացողներինը բարձրանա, իսկ քիչ ստացողներինը՝ ոչ։ Այսինքն՝ կրճատումներ չեն եղել, իսկ ավելացումները կատարվել են մեր խնայողությունների հաշվին»։